Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրություններ կորոնավիրուսի ժամանակ. Լեռնային Ղարաբաղը նախագահ է ընտրել. BBC-ի անդրադարձը

Ապրիլ 15,2020 13:36

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ընտրությունների երկրորդ փուլը՝ չնայած կորոնավիրուսի վեց դեպքի և կարանտինի ռեժիմի: Նախնական արդյունքներով՝ ձայների 88 տոկոսը հավաքել է Արայիկ Հարությունյանը, որը նախկինում զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը «Ընտրություններ կորոնավիրուսի ժամանակ. Լեռնային Ղարաբաղը նախագահ է ընտրել» խորագրով հոդվածում:

Ընտրություններում Հարությունյանի մրցակից Մասիս Մայիլյանը կողմնակիցներին կոչ էր արել չմասնակցել քվեարկությանը՝ զրկելով ընտրությունները ինտրիգի մնացորդներից: Չնայած գլոբալ համավարակին՝ ԼՂ-ի ընտրատեղամասեր են այցելել պաշտոնական տվյալներով 47 հազար 50 ընտրող, ընտրատեղամասերն աշխատել են նույնիսկ գյուղերում, որոնք մեկուսացվել էին բնակիչների մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո: Գործակալությունը հիշեցնում է, որ համավարակի պատճառով Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին չեն մասնակցել միջազգային դիտորդներ և լրագրողներ:

Կիրակի Լեռնային Ղարաբաղի հեռացող նախագահ Բակո Սահակյանն արտակարգ իրավիճակ էր հայտարարել կորոնավիրուսի պատճառով, բայց ոչ արտակարգ դրություն, ինչպես Հայաստանում, որի հետ Լեռնային Ղարաբաղը սերտ կապ ունի: Այստեղի բնակիչները հայկական անձնագրեր ունեն, բայց Ստեփանակերտում ասում են, որ խորհրդակցել են Երևանի հետ, գրում է BBC-ն և հավելում, որ մի շարք դիտորդներ ռիսկային են որակել համավարակի ժամանակ ընտրություններ անցկացնելու որոշումը:

Ընտրությունների հաղթող Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ կամարտահայտությունն իր լեգիտիմության ապացույցն է: Չսպասելով պաշտոնական արդյունքներին՝ նրան շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ ի գիտություն են ընդունել քվեարկությունը, բայց ընդգծել են Լեռնային Ղարաբաղի «չճանաչված լինելու» կարգավիճակը: Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև Եվրամիությունը: ԵՄ-ն չի ճանաչում ԼՂ-ում տեղի ունեցած ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակները, և դրանք ոչ մի կերպ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կամ բանակցությունների ելքի վրա՝ մեջբերում է գործակալությունը Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարի հայտարարությունը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930