«Ասում են՝ կորոնավիրուս, չկա նման բան…հարգելի քաղաքացիներ, ամբողջ աշխարհում մարդիկ են մահանում, լուրջ պետություններ են վտանգի ու մարտահրավերի առաջ: Ասել, որ մարդիկ գրիպից միշտ էլ մահանում են, դա նույնն է, թե սերիական մարդասպան հայտնվի, մարդկանց սպանի, մենք էլ ասենք՝ դե մեկ է էլի են սպանել»,-ԱԺ ամբիոնից այսօր դիմելով այն քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին թերահավատորեն են մոտենում եւ վկայակոչում այն փաստը, որ որոշ երկրներում արդեն թույլատրում են տրանսպորտ եւ ուսումնառություն, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Նա պաստառի վրա գծված կորի միջոցով ցույց տվեց վարակի տարածվածության աստիճանը եւ ՀՀ-ում առկա մահճակալների թիվը՝ շեշտելով, որ հիմա տարածվածությունը շատ ավելի ցածր է, քան հատկացվելիք մահճակալների քանակը. «Շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիներն ըմբռնեն այս քաղաքականությունը: Եթե կա հավանականություն, որ վարակակիրների թիվը կգերազանցի մահճակալների թվին, պետք է մեզ ապահովագրենք: Այնպես որ, ամեն ինչ ճիշտ է, մենք էլ ենք կողմ, որ սահմանափակումներն աստիճանաբար հանվեն, բայց ամեն ինչ ժամանակի ու տրամաբանության մեջ պետք է դիտել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ