Դրամն արժևորվում է, իսկ ԱՄՆ դոլարը՝ նվազում։ Այսօր արդեն դոլարի փոխարժեքը հասել է իր նախկին շեմին։ Դոլարի առքը ապրիլի 14-ին 481-480 էր, իսկ վաճառքը՝ 490-491։ Մինչդեռ մի քանի օր առաջ դոլարը հատել էր 500 դրամի սահմանագիծը։
Ֆինանսական շուկայի մասնագետ, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ ֆինանսական շուկան ներկայումս բավականին կայուն է, այս պահին ամենակայուն ճյուղերից է։ «Բացի դոլարի հետ կապված գներից, արտարժույթի հետ կապված, ապրիլի 14-ին աճուրդ եղավ պետական պարտատոմսերի, և պահանջարկը գերազանցեց առաջարկին 4 անգամ։ Այսինքն՝ այս պահին ֆինանսական շուկան որոշակի օպտիմիզմով շարունակում է իր գործունեությունը և խուճապի չի մատնվում՝ կայուն պահելով իրավիճակը»,- ասաց Կայֆաջյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ տնտեսության որոշ ճյուղեր չէին կարող խուճապային իրավիճակ չունենալ ու գնալ, սկսել արտարժույթ ձեռք բերել։ «Ամենավտանգավոր իրավիճակն այն չէ, որ տնտեսության մեջ նման պահերին արտարժույթի կարիք լինի, քանի որ ներմուծումը որոշ չափով ավելի է, իսկ արտահանումը՝ տարբեր պատճառներով, օրինակ, պղնձի գների անկման, կամ տրանսֆերտների, տուրիզմի նվազման պատճառով, նվազել է։ Եվ դրանով պայմանավորված՝ արտարժույթի մուտք չի լինում, որի պատճառով էլ որոշակի ճնշում է լինում արտարժույթի գների վրա։
Ամենավտանգավորը դա չէ, կրկնում եմ, քանի որ Կենտրոնական բանկի որոշակի կոռեկցիայի, միջամտության արդյունքում իրավիճակը կարող է կարգավորվել։ Դրա հետևանքով էլ, սակայն, դրամն է արժևորվել, սակայն ես կարծում եմ, որ 5-10 տոկոսի շրջանակներում արժևորումը նորմալ է։ Բայց հաշվի առնելով, որ նման անհասկանալի իրավիճակներում 5-10 տոկոսի շրջանակներում դրամի արժևորումը բերում է ալիքաձև պահանջարկի, այսինքն՝ տնային տնտեսությունները, կամ որոշակի տնտեսվարողներ տեսնելով, որ 5 տոկոսով բարձրացավ գինը, գնում և արտարժույթ են ձեռք բերում։ Այդքան ձեռք են բերում՝ նորից է 5 տոկոսով բարձրանում։ Մի այլ զանգված տեսնում է, որ 10 տոկոսով բարձրացավ, նորից գնում ու էլի արտարժույթ են ձեռք բերում։ Այդպես ալիքաձև արտարժույթի գինը բարձրանում է 5-10-20 մինչև 30 տոկոս, ինչպես դա եղավ 2009 և 2014 թվականին»,- հիշեցնում է տնտեսագետը:
Եվ որպեսզի այդ ալիքաձև իրավիճակը չլինի նաև այս օրերին, ԿԲ-ն միջամտեց և, մեր զրուցակցի խոսքով, ԿԲ-ի գործողությունները արդարացված էին։ Դրանով ԿԲ-ն բավական մեծ լոտերով դոլարի վաճառք իրականացրեց, որի արդյունքում խիստ կայունացրեց իրավիճակը։
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին էլ կարևոր է արժևորված դրամի մի քիչ թուլացումը, որովհետև տարածաշրջանի երկրներում արժույթի արժեզրկում, թուլացում շատ է եղել՝ 10-15 տոկոս և ավելի։ Այս պահին ամենակայուն արժույթը տարածաշրջանում հայկական դրամն է, ինչը, սակայն, նշանակում է, որ հայ տնտեսվարողները հայտնվելու են ոչ մրցակցային պայմաններում։ Տարածաշրջանի այն երկրներում, որտեղ իրենց արժույթը իջած է, ունենալու են ավելի մրցակցային պայմաններ, քան մերոնք. «Այդ պատճառով, կարծում եմ, ինչ-որ մի պահից պետք է ավելի մեղմ քաղաքականություն վարվի և թույլ տրվի, որ դրամն արժեզրկվի 5-10 տոկոսի շրջանակներում, բայց ոչ խուճապային պայմաններում։ Իսկ այս տուրբուլենտ պայմաններում ԿԲ-ն ճիշտ է անում, որ կայուն է պահում, քանի որ նման իրավիճակներում կարևոր է, որ արժույթը կայուն լինի, որ ալիքաձև պահանջարկ չլինի։ Իսկ արդեն տուրբուլենտ ժամանակների ավարտից մոտ 1 ամիս հետո, երբ արդեն խուճապի ֆունդամենտալ պատճառներ չեն լինի այդքան, կարելի է ավելի մեղմ քաղաքականություն վարել, որ դրամն արժեզրկվի, գա ու կարգավորվի»,- ասաց Կայֆաջյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: