Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու երրորդ ծրագրում, որն առնչվում է փոքր ու միջին ձեռնարկատերերին, որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին այսօր կառավարության մամուլի սրահում հայտնեց Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը: Ըստ նրա, կառավարությունն արձագանքելով գործարարների մտահոգություններին, որոշել է լայնացնել շահառուների շրջանակը եւ չափորոշիչների որոշակի փոփոխություններ է կատարել:
Այսպես՝ եթե ծրագրի նախորդ կարգով սահմանվում էր, որ շահառու կարող են հանդիսանալ միայն այն բարեխիղճ հարկատու տնտեսվարողները, որոնք չեն ունեցել հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ, ապա նոր փոփոխությամբ` այն տնտեսվարողները, որոնց հանդեպ հարուցված է եղել վարչական վարույթ՝ հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ, սակայն 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրանք չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն, նրանք եւս կարող են դիմել երրորդ ծրագրին եւ դառնալ շահառու՝ վճարելով վարկային միջոցների տրամադրման վճարը փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով:
Մեկ այլ փոփոխությամբ էլ, եթե նախորդ կարգով սահմանվում էր, որ 2019 թ.-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպիտի պակաս լինի ընդհանուր տարեկան շրջանառության 10 տոկոսից, ապա, նոր որոշմամբ, 2019 թ.-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի կարող գերազանցել ընդհանուր շրջանառության գումարի 70 տոկոսը:
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/562572201032170/UzpfSTE0MDU2OTgzODk6MTAyMjMwMTY5OTE1NTg5ODY/
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մի շարք տնտեսվարողներ բողոքում են, որ արհեստական խնդիրների պատճառով չեն կարողանում դառնալ բիզնեսի համար նախատեսված ծրագրերից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ