ԱԺ-ն այսօր քննարկում է «Հանրային հեռուստաընկերությանը» գովազդի իրավունքը վերադարձնող օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը հայտնեց, որ մինչեւ երկրորդ ընթերցումը նախագծում որոշակի փոփոխություն են արել՝ հաշվի առնելով պատգամավորների մտահոգությունները: Ըստ այդմ, հանրայինին որոշակի տեսակների գովազդ հեռարձակելը կարգելվի:
«Որոշակի բովանդակության գովազդի լրացուցիչ սահմանափակումներ ենք նախատեսել հանրայինի համար, մասնավորապես՝ արգելվելու է ցուցադրել վիճակախաղի, համակցված վիճակախաղի, ինտերնետ շահումով խաղերի եւ գիշերային ակումբների գովազդներ: Առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ խաղատան վերաբերյալ գովազդը մասնավոր հեռուստաընկերությունների դեպքում էլ է արգելված, ուստի արգելել ենք նշված տեսակները, որոնք մասնավորների դեպքում թույլատրելի են»,-տեղեկացրեց Վահե Դանիելյանը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ եթե հանրայինին գովազդից եկամուտ ստանալու հնարավորություն ենք տալիս, պետբյուջեից հեռուստաընկերությանը հատկացվող տարեկան գումարը վերանայվելո՞ւ է:
Կարդացեք նաև
«Իմ քայլից» Անուշ Բեղլոյանն էլ շեշտեց. «Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները նախկինում ստիպված էին առաջնորդվել գովազդային շուկայի գներով: Հիմա գովազդատուներին եւ գովազդային գործակալություններին հնարավորություն ենք տալիս պայմաններ ստեղծել»:
Մելքումյանի հարցադրմանն արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թեւոսյանը. «Ես կգերադասեի, որ բյուջեի հատկացումը չպակասի, որովհետեւ հանրայինը նաեւ վերազինման, նորոգման, ավելի որակյալ կադրեր ներգրավելու, շինարարության խնդիրներ էլ ունի: Հանրայինը բոլորինն է, եւ վատ չի լինի, որ նա լինի առավելագույնս լավը եւ հանրությանը օգտակար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ