Հայաստանում ներդրումներ ներգրավելու թեման միշտ ակտուալ է եղել։ Փաշինյանը և իր թիմակիցները այս թեման ներքաղաքական զարգացումների ընթացքում գրեթե միշտ շոշափել են։ Նրանք ժողովրդին անընդհատ հույսով էին անում, թե իրենք վստահություն ունեն դրսի ներդրողների կողմից և կարող են մեծապես բարելավել երկրի ներդրումային միջավայրը։
Նախ՝ նրանք ներդրումների հարցը շահարկեցին 2018 թ. վերջին՝ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն դրանից հետո՝ 2019 թ.-ի ընթացքում այդպես էլ ներդրումային ակտիվություն չնկատվեց։ Իսկ այս տարի արդեն իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվեց այն թեզը, թե ներդրումների ներգրավմանը խանգարում է երկրի դատական համակարգը, մասնավորապես ՍԴ-ն իր ներկայիս կազմով։
Սակայն կասկած չկա, որ եթե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն երբևէ տեղի ունենա, միևնույն է, Հայաստանի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը դրանից չի ավելանալու։ Խնդիրն այն է, որ մեր երկրի ներդրումային միջավայրն այնքան էլ բարվոք չէ, ինչպես ցանկություն ունեն ներկայացնել իշխանությունները։
Միայն «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը բավարար է, որպեսզի գործարարները և ներդրողները խուսափեն Հայաստանում ներդրումներ կատարելուց, քանի որ նրանք մտավախություն կարող են ունենալ, որ ցանկացած պահի կարող են կամայականությունների զոհ դառնալ։
Կարդացեք նաև
Իսկ ներկայիս համավարակի տարածման և դրա արդյունքում ի հայտ եկած ճգնաժամային իրավիճակում Հայաստանի համար ներդրումների հարցը առավել քան հրատապ է դառնում, քանի որ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ ներդրողները նախընտրելու են գումարներ դնել այն երկրներում, որոնք առավել քիչ են տուժել ճգնաժամի ազդեցությունից։
Սպասվում է, որ սկսված տնտեսական ճգնաժամը կզրոյացնի Հայաստանի տնտեսական աճը, իսկ ազգային արժույթի՝ դրամի արժեզրկումն արդեն իրողություն է։ Եվ այս պայմաններում Հայաստանի համար խնդիր է լինելու ոչ միայն ներդրումներ բերելը, այլև եղած ներդրումները պահելու հարցը, որպեսզի այդ գումարները չարտահոսեն մեր երկրից։
Դրական է, որ այս ամենն իշխանությունները գիտակցում են, և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում օրերս տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի և խթանման վերաբերյալ, սակայն հարցն այն է, որ հարցը խորհրդակցություններից ու դատարկ հանդիպումներից այն կողմ չի անցնում. իրականում գործնական հայեցակարգ է անհրաժեշտ։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: