«Մեր բոլոր ընդդիմախոսների հայտարարությունները` կապված հետաձգման հետ, ընդամենը քաղաքական բնույթ են կրում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ ընտրված Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, երեկ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում էր արտակարգ իրավիճակի պայմաններում: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մրցում էին նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մարտի 31-ին կայացած ընտրությունների առաջին փուլում Արայիկ Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը: Առաջին փուլից հետո Մասիս Մայիլյանը հանդես եկավ կոչով՝ ընտրողներին հորդորելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը` կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով: Երեկ Մասիս Մայիլյանն ինքն էլ չէր մասնակցում քվեարկությանը:
Քիչ առաջ Արցախի ԿԸՀ նախագահի հրապարակած տվյալների համաձայն, Արայիկ Հարությունյանը ստացել է ընտրություններին մասնակցած ընտրողների 84,5 տոկոս քվեն:
Հիշեցնենք նաեւ, որ դեռ ընտրությունների առաջին փուլի քարոզարշավի վերջին հատվածում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն էր կոչ անում`հետաձգել ընտրությունները`վարակի տարածումը կանխարգելելու նպատակով:
Կարդացեք նաև
Երեկ կայացած ընտրություններն Արայիկ Հարությունյանը համարում է Արցախի ժողովրդի հաղթանակը, քանի որ ԱՀ Սահմանադրության համապատասխան հերթական ժողովրդավարական ընտրություններն են անցկացրել`ծանր պայմաններում. «Ծանր, ոչ միայն խնդիրն այսօր ստեղծված կամ սպառնացող համաճարակն է, այլ ծանր, որովհետեւ քաղաքական մեր ընդդիմախոսների մեծ մասը հատուկ բոյկոտել է կամ հատուկ քաղաքական երանգ է հաղորդել` հետաձգելու անվան տակ չեզոքացնելու ստեղծված մթնոլորտը: Ինչի՞ եմ ասում`նախօրոք տեսնելով արդեն ընտրության ընթացքը, հասկանալով ընտրության արդյունքները, համաճարակը հիմք ընդունելով`փորձել է քաղաքական երանգավորում տալ»: Ապա Արայիկ Հարությունյանը ժողովրդի առողջապահական խնդիրներով մտահոգվածներին ի լուր հայտարարեց. «Մեր առօրյան այսօր պրոբլեմային է, մենք ամեն օր մեր ժողովրդին վտանգում ենք մեր առօրյայով»:
Արայիկ Հարությունյանն ընդունում է, որ կան խնդիրներ, բայց դրանք ոչ միայն համաճարակի հետագա տարածման հետ կապված են, այլ նաեւ տնտեսական, սոցիալական: «Չկա մի վերլուծական կենտրոն, պետություն, որը կարողանա գնահատել թե ինչպիսի՞ վարքագիծ է ունենալու համաճարակը եւ ի՞նչ հետեւանքներ է թողնելու պետությունների տնտեսությունների վրա: Եթե ժամանակի ընթացքում իրավիճակը դրական փոփոխության չենթարկվի, համաճարակը դառնալու է տնտեսական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամը եւ համաճարակն`ընդհանուր աղետ: Արդեն խոսվում է պարենային դեֆիցիտի մասին ոչ միայն աղքատ երկրներում, այլ ԱՄՆ-ի նման երկրներում, որտեղ պարենային արտադրությունը հասել է գագաթնակետին: Բայց իրավիճակից ելնելով`խնդիրներ են առաջանում»: Դրա համար Արայիկ Հարությունյանը կոչ է անում` հայությամբ միավորվել Հայաստանի իշխանության շուրջը, միասին լուծելու խնդիրը, քանի որ գլխավոր խնդիրը ՀՀ իշխանությանն է, գլխավոր պատասխանատվությունն այսօր կրում է ՀՀ իշխանությունը: «Չարախնդությունը, քաղաքական այլակարծությունը այստեղ մեզ թշնամի են, ես ուզում եմ զգուշացնել`վտանգը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք: Բայց, ցավոք, քաղաքական ենթատեքստ եմ տեսնում ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ