Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսից հետո սպասում եմ ապօրինի գույքի վերադարձին». թալանածը «հետ բերելու» օրինագիծը՝ ԱԺ-ում

Ապրիլ 15,2020 11:47

«Մտահոգություն է հնչում՝ հնարավո՞ր է, որ սա ազդի ներդրումային միջավայրի վրա: Հնարավոր է, բայց երբ մենք կամայական ենք քննարկում, հանրային օգուտ/հանրային ծախս հարաբերակցությունը պետք է դիտարկենք: Ակնհայտ է, որ հանրային օգուտն ավելի մեծ է լինելու, քան հնարավոր հանրային ծախսը»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը. օրենքը նախատեսում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման հնարավորություն, եթե գույքի արժեքը նվազագույնը 50 միլիոն դրամ է:

Մանուկյանի գնահատմամբ՝ այս օրինագիծը հավելյալ զսպաշապիկ է ունեցվածք կուտակածների համար:

«Ապօրինի կերպով եւ բյուջեին կպնելով հարստացածները, իհարկե, առանց քննարկման պետք է պետության գործառույթներին ենթարկվեն, բայց, օրինակ, չպետք է մտավախություն առաջանա այն մարդու մոտ, ով նաեւ այլ երկրի քաղաքացի է եւ ՀՀ-ում անշարժ գույք է գնել»,-իր հերթին ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:

ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ շեշտեց. «Եթե ասում ենք, որ այս օրենքի թիրախում պետք է լինեն կոռուպցիոներներն ու երկրի թալանի հետ կապված անձինք, կարծում եմ՝ քրեական օրենսգրքով նախատեսված այն հոդվածները, որոնք ներառված են այս օրինագծում եւ որոնք աղերս չունեն թալանի հետ, պետք է դուրս գան: Ցավոք, ոչ բոլոր հոդվածները ստացվեց դուրս հանել: Մեր ամենամեծ մտավախությունը մաքսանենգ ճանապարհով դրամական միջոցների ներմուծումն է ՀՀ: Սա եւս պետք է դուրս գա օրինագծից»:

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս օրինագիծը հայաստանյան իրականությունում այլեւս թույլ չի տալու, որ պետության գումարները գողացվեն՝ հույսով, որ զոքանչի անունով գրանցելով՝ կվայելեն. «Ոչ, կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվեն»:

«Իմ քայլից» Սոս Ավետիսյանը եւս շեշտեց, որ ապօրինի ձեռքբերվածը պետք է վերադարձվի. «Հատկապես կորոնավիրուսից հետո ես սպասում եմ այդ գույքի վերադարձին, որովհետեւ սա հանրային համերաշխության եւ մեր քաղաքական խոստումն իրականացնելու լավագույն օրենքներից է»:

«Իմ քայլից» Հովհաննես Իգիթյանն էլ ընդգծեց, որ այս օրինագիծը արտագնա աշխատանքով զբաղվողների մասին չէ, այլ պաշտոնյաների ունեցվածքի. «Եթե փողոցում հասարակ մարդու ձեռքը թուղթ տաս, առնվազն հիսուն այդպիսի մարդու անուն-ազգանուն կգրի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930