Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեզնից կկտրենք, մի մասը կտանք ձեզ». Եվրոպան իրեն պատասխանատու է զգում ոչ միայն իր ներքին խնդիրների, այլեւ գործընկերների համար. «Հրապարակ»

Ապրիլ 15,2020 11:41

Այս օրերին ամենատարածված արտահայտությունն է․ «Աշխարհն այլեւս երբեք այնպիսին չի լինի, ինչպիսին էր մինչեւ կորոնավիրուսը»։ Եվրոպան, առնվազն մինչեւ աշուն, փակում է իր սահմանները, իսկ Շենգենյան համաձայնագիրը համաշխարհային կարանտինի պայմաններում, ըստ էության, չի գործում։

Այս խիստ անորոշ ժամանակներ մենք մուտք գործեցինք չվավերացված Հայաստան-ԵՄ համաձայնագրով, անհասկանալի արտաքին հարաբերություններով։

Հայաստանի քաղաքացիներից շատերի մտավախությունն այն է, որ այս անորոշ վիճակը մեզ ավելի ու ավելի է տանելու դեպի ռուսական ազդեցության գոտի ու էլ ավելի է կտրելու Եվրոպայից։ Թեմայի շուրջ զրուցել ենք արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանի՝ Խոսրով Հարությունյանի որդու հետ։

Նա լավատես է։ Նախ հիշեցրեց, որ այս պայմաններում անգամ Եվրոպան մեզ 50 միլիոն եվրոյի աջակցություն է հատկացնում՝ վարակի դեմ պայքարելու համար։ «Պետք է ընդունենք, որ իրենց մոտ ներքին իրավիճակը հիմա շատ բարդ է, պետք է ընդունենք նաեւ, որ հիմա հենց Եվրոպայի ներսում, ելնելով այս իրավիճակից, կան շատ մեծ տարաձայնություններ, բայց նույնիսկ այս փուլում, այս ծանր վիճակում ձեռք է մեկնել, թեկուզ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում։ Ես կարծում եմ, որ սա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Եվրոպան իրեն պատասխանատու է զգում ոչ միայն իր ներքին խնդիրների համար, այլեւ գործընկերների ու, առհասարակ, աշխարհում տեղի ունեցողի համար»,- նկատեց մեր զրուցակիցը։ Նա ընդգծեց՝ «կարեւորն այն է, որ այս ծանր փուլում մարդիկ ասում են՝ մենք մեզնից կկտրենք, մի մասը կտանք ձեզ»։ Ավելին, նա կարծում է, որ վիրուսից հետո մենք ավելի ենք ինտեգրվելու համաեվրոպական տարածքին։ Իսկ փակ սահմանները, խստացումները, կարանտինները, նրա կարծիքով, տեխնիկական խնդիրներ են կոնկրետ երկրների ազգաբնակչությունների անվտանգության համար, ոչ թե գլոբալ քաղաքականության ու արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության արդյունք։

Նախկին փոխարտգործնախարարը եւս կարծում է , որ համաճարակից հետո երկրների տնտեսությունների առաջ կանգնած նոր տնտեսական ու ֆինանսական խնդիրները ստիպելու են, որ նրանք վերանայեն իրենց ներքին քաղաքականությունները եւ դրանով պայմանավորված՝ կառուցեն իրենց արտաքին քաղաքականությունը։ Հիմքում լինելու են տնտեսական խնդիրները։ Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգերին, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորմանը, ապա այստեղ Ռոբերտ Հարությունյանը շատ մեծ փոփոխություններ չի ակնկալում։

ՀՀ նախկին փոխարտգործնախարարը կրկնեց, որ, դատելով տնտեսական խնդիրներից, որոնք գլոբալ են լինելու աշխարհում (տարբեր գնահատականներով՝ աշխարհի ՀՆԱ-ն կամ տնտեսությունը կրճատվելու է մոտավորապես 5 տրիլիոնով, ԱՄՆ-ում՝ 40 տոկոսով, էլ ավելի վատ պատկեր կլինի Ռուսաստանում ու Եվրոպայում, ինչպես նաեւ կանխատեսվում է գործազրկության կտրուկ աճ), ակնհայտ է, որ ՄԽ անդամ երկրների համար առաջին տեղում լինելու են իրենց ներքին սոցիալ-տնտեսական խնդիրները։ Բայց սա չի նշանակում, որ առհասարակ աչք կփակեն տարածաշրջանում զարգացումների, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի վրա։ Ռոբերտ Հարությունյանը կարծում է, որ համաճարակը սթափվելու հնարավորություն տվեց, ինչպես նաեւ հասկանալու, որ համերաշխությունը պետք է դառնա կարեւոր գործոն բոլորիս կյանքում։

Անուշ Դաշտենց

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930