Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանն «Իմ քայլին» «խռոված» անվանեց ու կասկածի տակ դրեց ԱԺ նախագահի անաչառությունը

Ապրիլ 15,2020 11:25

«Նախ, ուզում եմ ԱԺ նախագահի անաչառությունը հարցականի տակ դնել, որովհետեւ նա արդեն քանի անգամ է՝ «Իմ քայլը» խմբակցության վիրավորական ելույթներին չի արձագանքում»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ այսօր «Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանի խոսքի ժամանակ ԼՀԿ-ի կողմից հնչել էր «դու ո՞վ ես» արտահայտությունը, ինչից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն Էդմոն Մարուքյանին նախազգուշացում էր հայտարարել, նա էլ հիշեցրել էր, որ «մանիպուլյատոր» արտահայտության համար Սուրեն Գրիգորյանը նկատողություն չի ստացել:

«Դուք արձագանքում եք միայն ընդդիմության ելույթներին, բայց նորմալ է…դուք դրանով ձեզ եք վնասում»,-դիմելով Միրզոյանին՝ ասաց Մարուքյանը:

Ապա նա նշեց. «Այն օրը, երբ ԱԺ արտահերթ նիստ էր՝ արտակարգ դրության երկարաձգման հարցով, դուք 17:00-ից հինգ պակաս էիք իմացել եւ 88 հոգով եկել էիք: Կառավարությունը, բնականաբար, շուտ էր նիստ գումարել: Բնականաբար, ԱԺ նախագահն իմացել է, որ կառավարությունը նիստ է անում, արտահերթ է լինելու, եւ չի տեղեկացրել մեզ, ինչը նախկինում միշտ արվել է: Այդ օրը երեւի խռովել եք, որ նախագիծը տապալվել է: «Իմ քայլը» կարող է խռովել, ԱԺ նախագահը չի կարող, նա պետք է լինի բոլորի ԱԺ նախագահը: Բայց եթե այսպես է ստացվել, ուրեմն այսպես կաշխատենք, որովհետեւ ԱԺ-ի բնականոն գործունեությունը չի ապահովվել: Նկատողություններից տպավորություն է, որ ձեռքներդ իշխանություն է ընկել՝ չգիտեք ոնց օգտագործեք»:

Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Հուսամ՝ վերջին անգամ եմ անդրադառնում: Նախ, այդ օրվա նիստի առնչությամբ նշեմ՝ որ պահին որ ԱԺ-ն տեղեկացվել է, այդ պահից տեղեկացվել են նաեւ խմբակցությունները: Քննարկումը սկսվել է 17:30-ից: Տեղի է ունեցել նաեւ երկրորդ ընթերցում, հենց առաջինից րոպեներից տեղեկացվել եք: Ինչ վերաբերում է արտահայտությանը, թե ձեռքներս իշխանություն է ընկել, եւ չգիտենք՝ ոնց օգտագործենք, պարոն Մարուքյան, նման ձեւակերպումն ու նման խոսքերն ինձ չեն վնասում եւ իմ թաքնված իղձերի մասին չեն խոսում, այլ, երեւի, այդ բառերի հեղինակի… Ամեն ինչն էլ կարող եք կասկածի տակ դնել, ձեր իրավունքն է: Եվ եթե դուք չեք տեսնում տարբերությունն ամբիոնի մոտից արված քաղաքական ձեւակերպման եւ տեղից ասած՝ «դու ով ես» վիրավորական արտահայտության միջեւ, եռակի անգամ ցավում եմ ձեր համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930