Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ որպես անհատականություն, միշտ չէ, որ իր որակներն ի նպաստ պետության է ծառայեցրել». Հովիկ Աղազարյան. «Հրապարակ»

Ապրիլ 15,2020 12:43

Լեւոն Տեր-Պետ­րո­սյա­նի վերջին հոդվածը խաթարել է իշխանության անդորրը: Առաջին նախագահը, խախտելով տեւական լռությունը, հան­կարծ հան­դես ե­կավ քա­ղա­քա­կան կոչ-հայ­տա­րա­րու­թյամբ եւ բազմանշանակ ակնարկներով, որոնցից առանցքայինը ոմանք համարեցին ապագա իշխանության «տեղորոշումը»: Ստեղծված համավարակային իրավիճակը նա անվանեց պատերազմական եւ այդ առիթն օգտագործելով՝ հատկապես առանձնացրեց առողջապահության նախարար, ՀԱԿ-ի ակունքներից սերված Արսեն Թորոսյանի եւ արտակարգ իրավիճակի պարետ, իշխանության սորոսական փայատերերի առաջնորդ Տիգրան Ավինյանի ջանքերն այդ պատերազմը ղեկավարելու ուղղությամբ, բայց ոչ մի խոսք Նիկոլ Փաշինյանի մասին: Իշխանության ներսում, եւ ոչ միայն, շատերն են հասկացել, որ դրանով առաջին նախագահը գծում է ապագա իշխանության իր ճանապարհային քարտեզը, մատնացույց է անում, թե ում վրա կարելի է խաղադրույք անել իշխանափոխության հասնելու համար։

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի անունը չհնչեցնելը դեռ չի նշանակում նրա աշխատանքը չգնահատել։ «Առաջին նախագահը, ունենալով  երկիրը ղեկավարելու եւ քաղաքական հարուստ փորձ, չի կարող չհաշտվել այն մտքի հետ, որ ե՛ւ Տիգրան Ավինյանը, ե՛ւ Արսեն Թորոսյանը աշխատում են վարչապետի ղեկավարության ներքո»,- դիվանագիտական պատասխան տվեց Աղազարյանը: Իշխանական պատգամավորի խոսքով՝ ոչ միայն Տեր-Պետրոսյանը, այլեւ ցանկացած մեկը, ով կորոնավիրուսի վախճանից հետո իշխանափոխության ակնկալիքներ ունի, դատապարտված է ձախողման, քանզի, նրա գնահատմամբ, իրենց թիմը համավարակի ընթացքում մինչեւ այս պահը գործել է ճիշտ ու վարկանիշ չի կորցրել, որ դժգոհություն հասունանա. «Վարչապետն ամբողջությամբ տիրապետում է տարբեր ոլորտների ինֆորմացիային, եւ հնարավոր չէ որեւէ խնդրի լուծում կամ հարցի քննարկում առանց իր մասնակցության: Եվ ունենք մի վիճակ, որ այս պահի դրությամբ կառավարության ձեռնարկած բոլոր միջոցառումների արդյունքում ուղղակի վստահ եմ, որ ժողովրդի մոտ վարկանիշի անկում չկա, եւ հույս ունեմ՝ ապագայում էլ չի լինի, որովհետեւ կառավարությունը կշարունակի խորքային մոտեցումը խնդիրներին»:

Ճշտող հարցին՝ երբեմնի արմատական ընդդիմության մտադրությունները՝ իշխանության մի թեւին ակտիվացնելու միջոցով հասնել իշխանափոխության, դատապարտված է անհաջողությա՞ն, Աղազարյանը խորհուրդ տվեց տարանջատել ՀԱԿ-ին Տեր-Պետրոսյանից. «Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ որպես անհատականություն, միշտ չէ, որ իր որակներն ի նպաստ պետության է ծառայեցրել, իսկ ՀԱԿ-ում ես շատ-շատ մարդկանց եմ ճանաչում, որոնց նկատմամբ խորը հարգանք ունեմ եւ ոչ մի կասկած չունեմ իրենց նպատակների եւ մղումների ազնվության, պետականամետության մեջ, ես՝ որպես հին սերնդի քաղաքական գործիչ, որ լավ ճանաչում եմ Տեր-Պետրոսյանին, կտարբերեի նրանց»: Ստացվում է, որ Տեր-Պետրոսյանը հակապետական նպատակնե՞ր ունի։ «Անկեղծ ասած՝ չեմ մտածում, որ այդպիսի նպատակ ունի, պարզապես իր քայլերն են երբեմն-երբեմն այդպիսին եղել»:

Լուսինե ՇԱՀՎեՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930