«Ընտրությունների ընթացքում արձանագրված թվերն արտացոլում են այն պատկերը, որը Արցախի հանրապետության քաղաքացիներն արձանագրել են ընտրատեղամասերում»,- քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, երեկ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում էր արտակարգ իրավիճակի պայմաններում: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հիշեցնենք, մրցում էին նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մարտի 31-ին կայացած ընտրությունների առաջին փուլում Արայիկ Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը: Առաջին փուլից հետո Մասիս Մայիլյանը հանդես եկավ՝ ընտրողներին հորդորելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը: Երեկ Մասիս Մայիլյանն ինքն էլ չէր մասնակցում քվեարկությանը:
Երեկ կայացած ընտրությունների երկրորդ փուլի նախնական տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրողների 44,9 տոկոսը, առաջատարն Արայիկ Հարությունյանն է:
Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 39860, Մասիս Մայիլյանի օգտին՝ 5428 քաղաքացի:
Կարդացեք նաև
1․Ստեփանակերտ – Մասիս Մայիլյան՝ 1168, Արայիկ Հարությունյան՝ 11051,
2․Ասկերանի շրջան – Մասիս Մայիլյան՝ 802, Արայիկ Հարությունյան՝ 5672,
3․Հադրութի շրջան – Մասիս Մայիլյան՝ 625, Արայիկ Հարությունյան՝ 4193,
4․Մարտակերտի շրջան – Մասիս Մայիլյան՝ 842, Արայիկ Հարությունյան՝ 5734,
5․Մարտունու շրջան – Մասիս Մայիլյան՝ 1145, Արայիկ Հարությունյան՝ 7386,
6․Շահումյանի շրջան – Մասիս Մայիլյան՝ 114, Արայիկ Հարությունյան՝ 994,
7․Շուշիի շրջան – Մասիս Մայիլյան՝ 282, Արայիկ Հարությունյան՝ 1477,
8․Քաշաթաղի շրջան – Մասիս Մայիլյան՝ 445, Արայիկ Հարությունյան՝ 3174,
9․Երևանի ընտրատեղամաս – Մասիս Մայիլյան՝ 5, Արայիկ Հարությունյան՝ 179։
«Բնական է, կան տարբեր դիտորդների կողմից նշված տարբեր նկատառումներ`կապված տարբեր խախտումների, քվեաթերթիկի լուսանկարումների հետ, բայց գրեթե բոլոր մասնակիցներն արձանագրել են եւ ընդունել են ընտրությունների տվյալները: Եվ մենք նույնպես արձանագրում ենք` Արցախում տեղի ունեցած ընտրությունները համարում ենք կայացած: Ընտրություններն արտացոլել են այն քվեարկությունը, որն Արցախի ժողովուրդն իրականացրել է ընտրատեղամասերում, որի կապակցությամբ շնորհավորում ենք ԱՀ քաղաքացիներին»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության անդամները չեն եղել կորոնավիրուսի համաճարակի օջախ համարվող տարածքների ընտրատեղամասերում: Բայց ոչ թե վախի պատճառով չեն գնացել, այլ « ամբողջ տարածքը չէին կարող ծածկել»: Այդ մասին Ալեն Սիմոնյանն ասաց`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: Բայց նա կարծում է, որ չպետք է որեւէ տեղ համարել օջախ, որովհետեւ համաճարակը շատ հանգիստ կարող էր տարածվել բոլոր ընտրատեղամասերով, ուստի, տարանջատումը կոռեկտ չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ