ԱԺ պատգամավորների՝ կալանավորված եւ ձերբակալված անձանց տեսակցելու հնարավորությունն ամրագրող «Լուսավոր Հայաստանի» օրինագիծն այսօր երկրորդ ընթերցման ժամանակ չընդունվեց: «Կողմ» քվեարկեց 34, իսկ դեմ՝ «79» պատգամավոր:
Հիշեցնենք՝ ԼՀԿ-ն հայտարարում էր, որ մինչեւ 2010թ.-ը պատգամավորներին թույլատրում էին տեսակցել կալանավորված կամ ձերբակալված անձին՝ չնայած քննիչի կողմից տեսակցության արգելքի որոշմանը, իսկ 2010թ.-ից հետո օրենքը մեկնաբանվել է ըստ օրվա իշխանության հարմարության, եւ պատգամավորներին չի թույլատրվել տեսակցել՝ քննիչի որոշման առկայության պատճառով: «Իմ քայլն» էլ պնդում է, որ ներկայումս նման արգելք լինել չի կարող:
Քվեարկությունից հետո «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը դիմեց ԼՀԿ-ի գործընկերներին. «Ձեր խմբակցության ղեկավարի երեկվա ելույթը, որում օգտագործվեց…»: Գրիգորյանի խոսքն այստեղ ընդհատվեց ԼՀԿ-ի կողմից հնչած «դու ո՞վ ես» արտահայտությամբ:
Միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Մի վայրկյան, որքան էլ լարված լինեք, հանգիստ է պետք խոսել: Ի՞նչ է նշանակում դու ով ես»: ԼՀԿ-ի կողմից հնչեց պատասխան՝ «էդ ա նշանակում»: Միրզոյանն արձագանքեց. «Ո՞նց կարող է «էդ նշանակել»… լռություն: Էդմոն Մարուքյանին հայտարարվում է նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար»:
Կարդացեք նաև
Ապա Սուրեն Գրիգորյանը շարունակեց՝ ԼՀԿ-ին կոչ անելով նախագիծը վերադարձնել առաջին ընթերցման ռեժիմ եւ ընդունել կառավարության առաջարկները. «ԱԺ-ն անձնական ամբիցիաների տեղ չի»:
Այնուհետեւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսեց՝ Արարատ Միրզոյանին հիշեցնելով, երեկ ԱԺ ամբիոնից Սուրեն Գրիգորյանն օգտագործում էր «մանիպուլյատոր» բառը. «Բա երեկ ինչո՞ւ նկատողություն չէիք հայտարարում, որովհետեւ ձե՞ր խմբակցությունից էր…ուրեմն, ԼՀԿ-ն ասել է ասելիքը: Օրինագիծը եթե չլինի էլ, շեշտեմ՝ մինչեւ 2010թ.-ը քաղբանտարկյալներին եւ ձերբակալվածներին այցելել հնարավոր է եղել, մինչդեռ դուք հիմա օրենքը մեկնաբանում եք այնպես, ինչպես նախկին իշխանությունը: Դրա համար էլ որեւէ առաջարկ չունենք, թող նախագիծը չանցնի, եւ մենք փորձելու ենք անարգել հանդիպել կալանավորվածներին: Վաղը մյուս օրը որ խնդիրներ կունենաք, ձեզ էլ ենք փորձելու անարգել հանդիպել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային