Լրահոս
Օրվա լրահոսը

Ում օգնել առաջին հերթին

Ապրիլ 15,2020 10:00

Կառավարությունը որոշել է աջակցել մեր կարիքավոր քաղաքացիներին: Սկզբում հայտարարվել էր, որ օգնություն կստանան նրանք, ովքեր փետրվար ամսվա ընթացքում գազի համար ծախսել էին ոչ ավելի, քան 10 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի վարձն այդ ամսվա ընթացում չէր անցել 5 հազարը: Նախատեսվում է, որ պետությունը փոխհատուցելու է այդ ծախսերի կեսը: Որոշումը տարակուսանք էր առաջացրել՝ այդ ո՞վ է փետրվարին 10 հազարի գազ վառում:  Հավանաբար, անսալով այդ քննադատությանը, կառավարությունը երեկ ի հավելում նշվածի, եւս մի շեմ է սահմանել՝ համապատասխանաբար, 10-ից 30 հազար եւ 5-ից 10 հազար, բայց այդ ծախսերը փոխհատուցելու են 30 տոկոսով: Հավելումն անելու որոշումն, իմ կարծիքով, ճիշտ է՝ ընդգրկվելու է կարիքավորների ավելի լայն շրջանակ: Եվ ընդհանրապես՝ լավ է, որ պետությունը ձեռք է մեկնում այդ խավին՝ ցուցաբերելով թեկուզ խորհրդանշական օգնություն:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ կորոնավիրուսի հետ այդ օգնությունը որեւէ առնչություն չունի: Մեր այն համաքաղաքացիները, որոնք մրսում են իրենց բնակարաններում՝ գումարներ խնայելով գազի եւ էլեկտրականության համար, կամ, լավագույն դեպքում, նրանք, ովքեր գյուղում տաքանում են փայտե վառարանով, այդ մարդիկ նման ձեւով են ապրում ամենեւին ոչ կորոնավիրուսի հետեւանքով՝ շատերն այս վիճակում են արդեն 25-30 տարի: Եթե մարդկանց տալիս են, ենթադրենք, 50 հազար դրամ թոշակ, ապա շատ բնական է, որ 40-ը նրանք կծախսեն ուտելիքի եւ 10-ը կոմունալ ծախսերի վրա: Անկախ որեւէ կորոնավիրուսից:

Պետությունը պետք է հիմա օգնի նրանց, ովքեր տուժել են համավարակից: Եվ այստեղ առաջնահերթությունները որոշելը շատ դժվար է, որովհետեւ, որոշ բացառություններով, տուժել են բոլորը՝ մեծ, միջին, փոքր, ինչպես նաեւ՝ շատ փոքր ձեռնարկությունները: Կառավարությունը բոլորին բավականին ճոխ խոստումներ է տվել, եւ թե ինչպես են դրանք իրականացվելու, դեռեւս հայտնի չէ: Համենայնդեպս արդեն իսկ տարբեր տեղերից ահազանգեր են հնչում, որ մարդիկ կամ ձեռնարկությունները, որոնք բավարարում են կառավարության նշած պայմաններին եւ պիտի որ օգնություն ստանային պետության կողմից՝ մերժվում են: Բացի այդ՝ դեռ էլի կլինեն խմբեր, որոնք տուժել են եւ որոնց մասին, կարծես թե, մոռացել են: Օրինակ, երթուղային տաքսիների վարորդները, որոնք ապրում են «գծատերերին պլան բերելով», եւ հիմա, երբ հասարակական տրանսպորտի աշխատանքն արգելված է, զրկվել են իրենց եկամուտից: Եթե եւս մեկ ամիս արգելվի (ինչն անվտանգության առումով, իմ կարծիքով, ճիշտ է), ապա այդ մարդիկ չեն կարողանա իրենց ընտանիքները պահել: Եվ դա վերաբերում է հազարավոր մարդկանց, նաեւ այն վարձու աշխատողներին, որոնք շարունակում են աշխատել, բայց դեռեւս փետրվարի աշխատավարձը չեն ստացել:

Ում պետք է օգնել առաջին հերթին՝ ես, ճիշտն ասած, չգիտեմ: Բայց մի բան պարզ է՝ պետք չէ խոստանալ մարդկանց մի բան, որը հետո, այս կամ այն պատճառաբանությամբ, չի արվի: Սուտը, անգամ եթե փոքր է, ծնում է մեծ անվստահություն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930