Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական օգնությունը, Արարատ լեռն ու Յանցզի գետը

Ապրիլ 15,2020 12:00

Ժեստեր Անկարայից՝ ապրիլի 24-ից առաջ

Թուրքիայի իշխանությունների կողմից վերջին շաբաթներին հայկական թեմաներով ուղերձների պակաս չի զգացվում: Սա անակնկալ չի կարելի համարել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշտապես ապրիլի 24-ից առաջ Անկարայից նման քայլեր եղել են եւ նախկինում:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը միացավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած դրամահավաքին։ Էրդողանը՝ «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավ էր սկսել։ Պատրիարք Մաշալյանը, մի շարք հայ հոգեւորականներ, միանալով այդ արշավին, 100.000 թուրքական լիրա (752.000 դրամ) էին նվիրաբերել։ Նրանք իրենց աշխատավարձերը փոխանցել էին դրամահավաքի հաշվեհամարին։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռուստակապով անցկացրած կառավարության նիստից հետո հայտարարել էր «Ազգային համերաշխության արշավ» անվանումով դրամահավաք սկսելու մասին: Թուրքիայի նախագահի՝ «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավի նպատակը պետության կազմակերպած դրամահավաքի արդյունքում գոյանալիք գումարով կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում երկրի նվազ եկամուտ ունեցող բնակիչներին լրացուցիչ օգնություն ցույց տալն էր:

Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին գումար էին նվիրաբերել նաեւ Ստամբուլի հունաց պատրիարքը, Ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդ Բարդուղիմեոսը, Ստամբուլի ասորական հիմնադրամը: Պոլսի հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը հայտնել էր, որ պատրիարքարանը, հունական համայնքը դրամահավաքի հաշվեհամարին 300.000 թուրքական լիրա են նվիրաբերել։ Իսկ Ստամբուլի ասորական համայնքը, Ստամբուլի ասորական ուղղափառ եկեղեցին, արշավին միանալով, 100.000 թուրքական լիրա էր նվիրաբերել։

Այս իրադարձություններից օրեր անց տեղեկություն ստացվեց այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։ Այս մասին, ինչպես տեղեկացնում էր Ermenihaber.am-ը, Էրդողանը հայտնել էր Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Հայոց պատրիարքությունից ստացված տեղեկությունից պարզ էր դառնում, որ զրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ։ Ըստ այդ հաղորդագրության՝ Էրդողանը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում դեղորայքի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ Ասվում էր նաեւ, որ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաեւ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։ Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին՝ «Մենք մեզ բավարար ենք Թուրքիա» դրամահավաքին օգնություն ցուցաբերելու համար։

Հայաստանում սկսեցին քննարկել, թե պաշտոնական Երեւանը արդյոք պե՞տք է արձագանքի Էրդողանի վերոնշյալ ժեստին: Մի մասը պնդում էր, որ պաշտոնական Երեւանը պետք է պարտադիր արձագանքի, չնկատելու տալը սխալ կլինի, իսկ մյուս մասը համարում էր, որ այն թուրքական հերթական քարոզչական հնարքն է ապրիլի 24-ից առաջ եւ չպետք է ուշադրության արժանացնել: Շուտով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով արձագանք տարածվեց:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել էր «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Նախ, հայտնի էր դարձել, որ կազմակերպվել է Թուրքիայից մեր քաղաքացիների Հայաստան տեղափոխումը: Փակ սահմանների դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավոր էր դարձել կազմակերպել այդ գործընթացը: «ՀՀ ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ: ԱԳՆ ջանքերով ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, ովքեր Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական, վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է»,- նշել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Ինչ վերաբերում է Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրությանը, որում ասվում էր, որ Թուրքիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, ՀՀ ԱԳՆ-ից շեշտել էին. «Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»:

Հետագայում Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը Tert.am-ի հետ զրույցում նկատել էր, որ Թուրքիայի նախագահի` Հայաստանին դեղորայքով օգնելու առաջարկի մասին քննարկումները սխալ վերագրումներով է սկսվել: Նա պարզաբանել էր, թե Թուրքիայի նախագահը զանգել էր Պոլսո հայոց պատրիարքին եւ Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի խորհրդի ատենապետին, իսկ դեղորայքով օժանդակելու առաջարկը եղել է, երբ անդրադարձ է կատարվել Թուրքիայից Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին: «ՀՀ քաղաքացիները, որոնք գտնվում էին Թուրքիայում, վերջերս Վրաստանով տեղափոխվել են Հայաստան: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, հյուպատոսական ծառայություններ մատուցող լծակ էլ չկա, հայաստանյան ներկայացուցչությունը Թուրքիայում զուտ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում է գործում, այսինքն` ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ մատուցող լծակ չէ: Թուրքիան նկատելով, որ իր տարածքում ՀՀ քաղաքացիները խնդիր ունեն, ինչ-որ ոչ պաշտոնական ձեւով կազմակերպել է նրանց փոխադրումը: Իհարկե, նաեւ Հայաստանի կառավարության միջոցով, թուրքական 4 ավտոբուսներով կազմակերպվել է նրանց տեղափոխումը»,- ասել էր նա: Գոչունյանի խոսքով` Թուրքիայի նախագահի եւ Պոլսո պատրիարքի հեռախոսազրույցում անդրադարձը եղել է միայն վերեւում նշվածի վերաբերյալ, եւ Թուրքիայի նախագահն էլ պարզապես ասել է, որ ՀՀ քաղաքացիների համար բոլոր անհրաժեշտ ցուցումները տրվել են: «Այդ խոսակցության ընթացքում, որպես բարի կամքի դրսեւորում, նախագահը մտադրություն է հայտնել, որ անհրաժեշտության դեպքում, կարելի է նաեւ դեղորայք տրամադրել, որովհետեւ համավարակների տարածման ժամանակ հարեւանների գործակցությունը էական նշանակություն ունի,- ասել էր նա` հավելելով, որ Թուրքիայի նախագահի ակնարկը վերաբերել է հենց ճանապարհ դուրս եկած քաղաքացիներին,-առաջարկ եղել է այդ քաղաքացիներին, թե ինչ-որ բան անհրաժեշտ է, նրանք էլ պատասխանել են, որ ոչինչ պետք չէ»: Գոչունյանի համոզմամբ՝ «Խոսք չի եղել միջպետական հարցի մասին, այսինքն` Հայաստանին առաջարկություն անել: Այդպիսի ակնարկ չկա: Եթե նման ցանկություն լինի Թուրքիայի նախագահի մոտ, ապա նա Պոլսո պատրիարքի միջոցով դա չէր անի»:

Հայերին օգնելու թուրքական իշխանությունների աջակցության թեման, թերեւս, այսքանով փակվեց: Ապրիլի 12-ին, ինչպես ամեն տարի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորեց քրիստոնյա քաղաքացիների Սուրբ Զատիկը: Նախագահական գրասենյակի հրապարակած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ընդգծվել էր քրիստոնյաների հետ հարյուրամյակների համակեցության մշակույթի շարունակականությունը, խղճի եւ դավանանքի ազատության սկզբունքի պահպանման կարեւորությունը: Հիշատակվել էր նաեւ վերջին տարիներին կատարված աշխատանքները՝ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու, Ստամբուլի Բալաթ շրջանում գտնվող բուլղարական ուղղափառ Երկաթե եկեղեցու վերականգնումը, վերջին տարիներին վնասված Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու եւ քաղդեական Մար Պետյուն եկեղեցու վերակառուցումը, փոքրամասնությունների համայնքներին պատկանող գույքի մասնակի վերադարձը: Իր ուղերձում նախագահ Էրդողանը նաեւ երախտագիտություն էր հայտնել քրիստոնյա համայնքներին կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման նպատակով իր նախաձեռնած դրամահավաքին միանալու համար եւ կարեւորել այս դժվարին ժամանակաշրջանում բոլորի միասնականությունն ու փոխօգնությունը:

Մինչ Թուրքիայում բնակվող հայերին եւ հայաստանցիներին աջակցելու տեղեկությունների շուրջ ակտիվ քննարկումներ էին ընթանում, սկանդալային թեմա ծավալվեց Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ: Պատճառն այս անգամ Չինաստանից Հայաստան ուղարկված հումանիտար օգնությունն էր: Ավելի ճիշտ՝ այդ օգնության տուփերի վրա արված գրառումները:

Թուրքական մամուլը աղմուկ էր բարձրացրել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության տուփերի վրայի գրության առիթով։ Արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը, ավելի երկար, քան Յանցզի գետը»: Արարատ լեռան հիշատակումը` որպես Հայաստանի խորհրդանիշ, հունից հանել էր թուրք լրագրողներին։ Նրանք այս գրությունը սկանդալային էին որակել, այն Թուրքիայում բողոքի ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում, սոցցանցերում:

Բանը հասավ նրան, որ Թուրքիայի ԱԳՆ-ն դիմեց Անկարայում Չինաստանի դեսպանին, Չինաստանի արտգործնախարարությանը՝ պարզաբանում պահանջելով վերոնշյալ գրառման վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Համի Աքսոյի փոխանցմամբ` Անկարայում Չինաստանի դեսպանը հայտնել է, թե Հայաստան ուղարկված արկղերը պատրաստվել են տեղական իշխանությունների կողմից, Երեւան են տեղափոխվել մասնավոր ընկերության միջոցով, ի սկզբանե տուփերի վրա միայն չինարեն գրառում է եղել, որը Արարատի մասին հիշատակում չի պարունակել, անգլերեն գրառումը հետո է ավելացվել: Դեսպանը ընդգծելով, որ Չինաստանը հարգում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ըստ նշյալ հաղորդագրության, նշել էր, որ հարցի առնչությամբ քննություն է ընթանում, արդյունքի մասին առաջիկայում կհայտնեն թուրքական կողմին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ, 14.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930