Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի հետ
– Պարոն Դավթյան, այս օրերին մենք տեսնում ենք միայն առողջապահությանը նետված մարտահրավերների ուղղությամբ գործուն քայլեր՝ բնագավառի մասնագետների կողմից: Սակայն կարծես տնտեսական վերլուծություններ, գործունեությանը միտված քայլեր չկան, կանխատեսումներն էլ քաղաքական են: Դրան չի՞ նպաստում առկա սահմանափակումները արտակարգ դրության հետ կապված:
– Կորոնավիրուսի տարածումն ամբողջ աշխարհում ստեղծում է նոր մարտահրավերներ թե տնտեսական ու քաղաքական, թե իրավական, մշակութային, հոգեւոր տիրույթներում: Ակնհայտ է, որ համաճարակի պայմաններում ընթացող ագրեսիվ ու լայնամասշտաբ թվայնացման գործընթացը լիովին տեղավորվում է Դավոսի տնտեսական ֆորումի հիմնադիր Քլաուս Շվաբի առաջարկած «չորրորդ արդյունաբերական հեղափոխության» կոնցեպտի մեջ, որը ենթադրում է, այսպես կոչված, տեղեկատվական հասարակության վերջնական հաղթանակ՝ նախեւառաջ տնտեսության դիջիթալիզացման ճանապարհով: Դա, իր հերթին, անխուսափելիորեն իր անդրադարձը պետք է ունենա նաեւ հասարակական, անգամ միջանձնյա հարաբերությունների վրա: Ներկայիս համաճարակն ընդամենը նոր թափ հաղորդեց այդ գործընթացին, որն իրականում սկիզբ է առել դեռ 1970-ականներին, այսինքն՝ մի ժամանակահատվածում, երբ նոր ճգնաժամից դուրս եկած գլոբալ տնտեսությունը սկսեց կառուցվածքային փոփոխությունների ենթարկվել՝ դառնալով իր էությամբ պոստ-ինդուստրիալ: Իր հերթին, պոստ-ինդուստրիալ տնտեսական մոդելը սկսեց լրջագույն սոցիալական խնդիրներ ստեղծել, ինչն առավելապես իր արտահայտումը գտավ գործազրկության աննախադեպ աճի մեջ: Միայն 1970-2010 թթ. դեինդուստրիալիզացման պատճառով աշխարհում գործազուրկների թիվն աճեց 20 տոկոսով: Այժմ, ինչպես տեսնում ենք, միտումը շարունակվում է, եւ թվայնացումն իր հետեւից բերում է նաեւ գործազրկության աճ ամբողջ աշխարհում: Խոշոր հաշվով, 1970-ականների ճգնաժամի պատճառներից էր նաեւ արեւմտյան առանցքային տնտեսություններում քեյնսիականության սկզբունքներից հրաժարվելը, որոնց համաձայն պետությունը պետք է առանցքային դեր խաղա տնտեսության կարգավորման գործում՝ մոտեցում, որի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել նաեւ 1930-ականների Մեծ դեպրեսիան: Ու այս իմաստով ներկայիս ճգնաժամը պետք է համեմատել ոչ թե 2008-2009 թթ. ճգնաժամի հետ, որն առավելապես կոնյունկտուրային բնույթ էր կրում, այլ հենց Մեծ դեպրեսիայի կամ 1970-ականների ճգնաժամերի հետ, որոնց արդյունքում տեղի ունեցան ստրուկտուրալ փոխակերպումներ: Կարծում եմ, քեյնսիական տնտեսության մոդելի կիրառումն ստեղծված պարագայում առավել քան արդարացված կլինի, մինչդեռ լիբերալ-գլոբալիստական գաղափարախոսության վրա հիմնված տնտեսական քաղաքականությունը կարող է վերջնականապես հանգեցնել ստագֆլյացիայի: Անդրադառնալով Հայաստանին՝ ստիպված եմ նշել, որ մենք դեռ չենք ընտրել ճգնաժամային պայմաններում տնտեսական քաղաքականության իրականացման հստակ մոդել: Կառավարությունը շարունակում է գործել այսրոպեական հարցերի լուծման տրամաբանությամբ, ինչը կարող է հետճգնաժամային կամ հետհամաճարակային աշխարհում էապես իջեցնել մեր սուբյեկտության աստիճանը նոր աշխարհակարգի շրջանակներում: Այժմ բոլոր պետությունները, այդ թվում՝ մենք, ունենք բացառիկ հնարավորություն գնալ կառուցվածքային լուրջ փոփոխությունների, հենց դրանում է այս տիպի ճգնաժամերի առանձնահատկությունները:
– Ինչ են տալիս մեզ վիրտուալ կարգավորումները, հեռահար իրավական, տնտեսական գործընթացները:
Կարդացեք նաև
– Ներկայիս ճգնաժամն ակնհայտորեն տանում է մեզ դեպի թվայնացված աշխարհակարգ: Վերջինս ունի իր առավելություններն ու թերությունները: Իհարկե, օպերատիվության, հարմարավետության, սահմանների վիրտուալ վերացման հետ մեկտեղ թվայնացման այսպիսի տեմպերը բերելու են մի այնպիսի իրավիճակի, երբ մենք կարող ենք խոսել անգամ թվային տոտալիտարիզմի մասին: Վերջինս դրսեւորվելու է հատկապես քաղաքական գործընթացներում: Ուզում եմ այս համատեքստում հիշել ԱՄՆ-ում ձեւավորված Big Data համակարգերը, որոնց մեջ պարունակվող տեղեկատվությունը թույլ է տալիս ստանալ ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու հոգեբանական-սոցիալական դիմանկարը՝ իր քաղաքական նախասիրություններով, հակումներով, սովորություններով: Դա թույլ է տալիս քաղտեխնոլոգիական լայն գործիքակազմի կիրառման արդյունքում հատկապես նախընտրական փուլում թիրախային տեղեկատվական-քարոզչական քաղաքականություն իրականացնել՝ էապես բարձրացնելով քարոզարշավի արդյունավետությունը: Հիշենք Թրամփին, ով պնդում էր, որ առանց IT հնարավոր չէ հաղթել ընտրություններում: Ու այս միտումը տարբեր դրսեւորումներով շարունակաբար տարածում է գտնում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, որտեղ սոցիալական ցանցերը ակտիվորեն կիրառվում են որպես քաղաքացուն մանիպուլացնելու գործիք՝ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման լավագույն ավանդույթներով: Ակնհայտ է, որ նման մեթոդների կիրառումը դարձնում է քաղաքացուն ընդամենը իշխանության ռեսուրս, այլ ոչ՝ աղբյուր: Կարծում եմ, այս հարցն անհրաժեշտ է գնահատել նաեւ մարդու իրավունքների տեսանկյունից: Թեեւ այս միտումը կարող է ունենալ նաեւ դրական կողմ: Խոսքը, մասնավորապես, ընտրությունների անցկացումն է բլոքչեյն տեխնոլոգիաների միջոցով, ինչի նախադեպերն արդեն աշխարհում կան: Այդ տեխնոլոգիան թույլ է տալիս էապես բարձրացնել ընտրությունների օբյեկտիվ ու արդար անցկացումը: Այն, ըստ էության, այսպես կոչված, թվային ժողովրդավարության կարեւոր ենթակառուցվածք է, որի ձեւավորման ուղղությամբ, կարծում եմ, պետք է գնան նաեւ Հայաստանի իշխանությունները՝ դադարելով ի վերջո դիտարկել օնլայնը բացառապես ֆեյքերի գեներացման ու բլոգերային գործունեության տրամաբանության մեջ:
– Օրեր առաջ հեռավար դասընթացներին նվիրված քննարկումներից մեկի ժամանակ մի մաթեմատիկայի ուսուցիչ ասաց. «Ամեն անգամ ամեն աշակերտի ուղարկած նկարը մեծացնել, ստուգել, արված սխալներն արտագրել ուրիշ թղթի վրա, նկարել, հետ ուղարկելը տեւում է ամենաքիչը 15 րոպե, եկեք սա բազմապատկենք 20-ով, կստանանք 5 ժամ, սա այն դեպքում, երբ ուսուցիչն ունի 20 աշակերտ: Միայն բերածս տվյալն ապացուցում է, որ սպասելիքների այն նշաձողը, որ դրել եք, ուղղակի աբսուրդ է: Ուսուցիչը առավոտից մինչեւ ժամը 4-ը լավագույն դեպքում աշխատում է օնլայն, իսկ մնացած ժամանակը պետք է տրամադրի աշխատանքները ստուգելու համար: Հիշեցնում եմ, որ ուսուցիչը նույնպես մարդ է եւ ունի ընտանիք: Այստեղից հետեւություն՝ ուսուցիչը ֆիզիկապես չի կարող ապահովել որակ, ուստի պահանջել իրենից, որ լրացնեն էլեկտրոնային մատյանները, պարտադիր ներկա-բացակա անեն եւ այլն, դա բերում է նրան, որ իրենք սպառնում են աշակերտին՝ եթե չլինես դասին՝ բացակա եմ դնելու, մնալու ես վերաքննության եւ այլն»: Դուք դասախոսում եք բուհերում, իսկապե՞ս հեռավարը, ուսուցչի ասած` գալչկա դնելու նման մի բան չէ, երբ տեխնիկապես շատ երեխաներ զրկված են համակարգչից, երբ դատապարտյալները չունեն համակարգիչներ, այս արտակարգ դրության ժամանակ անգամ «թեժ գիծ» զանգելու…
– Որպես նոր դիջիթալ-մշակույթի առանցքային սոցիալական խնդիր ես կդիտարկեի օնլայն-դիսկրիմինացիան: Այն առկա է նաեւ Հայաստանում: Հատկապես դա արտահայտվում է կրթական պրոցեսի կազմակերպման ընթացքում, որի իրականացումը տեղափոխվել է օնլայն-տիրույթ: Խնդիրն, ըստ իս, ունի մի քանի բաղադրիչ: Նախ՝ 30 տոկոս աղքատություն ունեցող պետությունում դժվար է միայն օնլայն-մեխանիզմների կիրառման միջոցով ապահովել քաղաքացու՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը: Այո, այսօր մենք ստիպված ենք գնացել այդ ճանապարհով, սակայն պետք է դասեր քաղենք՝ ձեւավորելով սեփական անհրաժեշտ տեղեկատվական ենթակառուցվածքներ՝ հնարավոր այլ կոլապսներից ու ճգնաժամերից խուսափելու նպատակով: Միաժամանակ, խնդիրը կայանում է ազգային տեղեկատվական ենթակառուցվածքների ձեւավորման անհրաժեշտության մեջ: Օնլայն-կրթության շարունակական ու անխուսափելի տարածման պայմաններում անթույլատրելի է ապավինել այլ պետություններից կառավարվող հարթակների վրա: Skype, Zoom, Facebook եւ այլ հարթակները շատ արդյունավետ են առանձին գործառույթների իրականացման համար, սակայն երբ խոսում ենք երկրի ամբողջ կրթական համակարգը թեկուզ կարճ ժամանակով օնլայն տեղափոխելու մասին, ապա դրանք կարող են լուրջ անվտանգային ռիսկեր ստեղծել՝ հատկապես հաշվի առնելով ժամանակակից հիբրիդային պատերազմներում տեղեկատվական գործիքների ակտիվ կիրառումը: Ուստի, սա միաժամանակ եւ տեղեկատվական, եւ կրթական անվտանգության հարց է:
Հարցազրույցը`
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
14.04.2020