Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ

Ապրիլ 15,2020 13:00

Ապրիլը մեր ազգի համար ուրույն նշանակություն ունի: Այս արյունոտ, բայց միեւնույն ժամանակ՝ ապրելո՛ւ  ապրիլ ամսին ինչեր ասես, որ չի տեսել հայ ազգը՝ մահ, ավեր ու թալան, սուգ ու պատերազմ: Սակայն այս օրերը մեր պատմության մեջ նշանակալի են նաեւ հերոսական մաքառումների տեսանկյունից: Հարյուր տարի առաջ հենց ապրիլին էր, որ Կիլիկիո Հաճընի հերոսական ժողովուրդը, մի բռունցք դարձած, հանուն սեփական պատվի ու արժանապատվության՝ սկսեց իր անձնվեր պայքարը, որը տեւեց ութ ամիս:

1920 թվականի մարտի 17-ին Հաճընի պաշտպանության ղեկավարները մերժեցին թուրքական զորքերի հրամանատար Կոզան օղլու Դողանի՝ իրենց ներկայացրած վերջնագիրը, որով պահանջվում էր հանձնել քաղաքում գտնվող նախկին կամավորներին, հրացանները, նաեւ՝ ուղարկել բանագնացներ՝ իբրեւ թե խաղաղություն հաստատելու նպատակով:

Այս մերժումը հայերի համար քաղաքի շրջապատում արժեցավ: Դողան բեյը Մուստաֆա Քեմալին հեռագրեց, որ իրենց հարձակումներն ապարդյուն են, քանի որ Հաճընը զենքով գրավել անհնար է, ուստի պետք է սպասել, որ հայերն ուժասպառումից անձնատուր լինեն: 100 տարի առաջ ապրիլի 1-ին թուրքերն անցան հարձակման. Հաճընն ամբողջությամբ պաշարվեց:

Պատմական Հաճընը քաղաք է Կիլիկիայում, ցավոք՝ այսօր արդեն Սաիմբեյլի անունով: Գտնվում է Տավրոսի լեռների գրկում: 1915-ի տվյալներով՝ տեղի բնակչության 35 հազարից 30-ը հայեր էին, որոնք Հայոց ցեղասպանության տարիներին բռնությամբ աքսորվել էին Դեր Զոր, որտեղ էլ նրանց մեծ մասը զոհվել էր:

Երբ 1918 թ. Կիլիկիայի վրա հաստատվեց Անտանտի երկրների հսկողությունը, եւ Մուդրոսի պայմանագրով թուրքական զորքը դուրս բերվեց այնտեղից, Հաճընի 30 հազար բնակիչներից մոտ 8 հազարը վերադարձավ հայրենիք՝ հույսով, թե Ֆրանսիան այլեւս թույլ չի տա բռնագաղթ ու կոտորած: Սակայն ընդամենը երկու տարի հետո քեմալականների ճնշման տակ ֆրանսիացիները սկսեցին դուրս բերել զորքերը Կիլիկիայից, իսկ թուրքերը մեկը մյուսի հետեւից սկսեցին գրավել Ուրֆան, Այնթապը, Մարաշը, Սիսը…

Հաճընի հայերը, զգալով վերահաս վտանգը, իրենց կառավարիչ Կարապետ Չալյանի նախաձեռնությամբ կազմեցին ինքնապաշտպանության բարձրագույն խորհուրդ, որի նախագահ դարձավ Հաճընի հոգեւոր առաջնորդ Պետրոս Սարաճյանը: Պաշտպանության հրամանատար նշանակվեց զորավար Անդրանիկ Օզանյանի զինակից, սպա Սարգիս Ճեպեճյանը, տեղակալ՝ Արամ Թերզյանը։

Կազմակերպվեց չորս վաշտ, 60 հեծյալից բաղկացած էսկադրոն։ Ստեղծվեցին պաշտպանությունն ապահովող այլեւայլ մարմիններ։ Տղամարդկանց հրացաններ բաժանեցին, փորվեցին խրամատներ, կառուցվեցին դիրքեր եւ այլ ամրություններ: Քաղաքի ողջ ժողովուրդը՝ ծեր թե մանուկ, կին թե տղամարդ, զբաղված էր ինքնապաշտպանության կազմակերպմամբ, ինչի մասին ֆրանսիական զինվորական ներկայացուցիչները տեղեկացրին թուրքերին: Ֆրանսիացիների օգնությունը հայերին սահմանափակվեց ընդամենը մի քանի հարյուր հրացան տալով:

Քեմալական էմիսարները հաճընցիների դեմ էին տրամադրում շրջակայքի թուրք ու քուրդ բնակչությանը, հրահրում ընդհարումներ։ Քաղաքամերձ գյուղերի վրա թուրքերի ավազակային հարձակումից հետո՝ մարտի 9-ին, հաճընցիները պատվիրակություն ուղարկեցին Կիլիկիայի գլխավոր կառավարիչ, նահանգապետ Բրեմոնի մոտ՝ խնդրելով օգնություն եւ զենք, սակայն մերժում ստացան։ Թուրքերը, օգտվելով առիթից, գրավեցին շրջակա գյուղերը եւ, կոտորելով բնակիչներին, շարժվեցին դեպի Հաճըն։

Ինչպես վերը արդեն նշել ենք՝ թուրքերի վերջնագիրը մերժելուց հետո Հաճընը շրջապատվեց: Կատաղի մարտերը չէին կարողանում կոտրել հաճընցիական ոգին, ու թեեւ միմյանց հաջորդեցին Գոփուշ ու Կիլիկիա թաղամասերի եւ Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ գրոհները, սակայն քաղաքը շարունակում էր հերոսաբար պաշտպանվել:

Վանքի գրավումից հետո պայքարը շարունակվեց մինչեւ հուլիսի 12-13-ը, երբ թուրքական հրամանատարությունը փորձեց բանակցությունների միջոցով ծնկի բերել հաճընցիներին, սակայն այս փորձը եւս ապարդյուն անցավ, ինչպես եւ հաջողություն չունեցան թուրքերի մինչ այդ ձեռնարկած մյուս գրոհները։

Օգոստոսի 5-ին մոտ 200 կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրքական դիրքերին, ոչնչացրին մի ամբողջ դասակ, գրաված ծանր հրանոթը տեղափոխեցին  Հաճընի հրապարակ եւ կրակ բացեցին թուրքերի վրա, սեպտեմբերին անգամ գրավեցին Ռումլու գյուղը, սակայն թուրքական զորքը համալրումներ ստացավ եւ աստիճանաբար սեղմեց պաշարման օղակը քաղաքի շուրջ։

Հոկտեմբերի 14-ին թուրքերը նոր թափով հարձակվեցին ուժասպառ եղած հաճընցիների վրա, իսկ հոկտեմբերի 15-ին Հաճընն ընկավ: Քաղաքի հայ բնակչությունն ութամսյա անձնվեր ու համառ պայքարից հետո սրի քաշվեց, քաղաքը հրկիզվեց: Մի նռան հատիկի չափ հայեր՝ 365 հոգի, ճեղքեցին շրջափակումը, փրկվեցին թուրք ջարդարարներից եւ սփռվեցին աշխարհով մեկ՝ որպես հաճընցիների վերջին բեկորներ:

Այս տարի լրանում է Հաճընի ութամսյա դյուցազնամարտի 100-ամյակը: Այսօր էլ հաճընցին նույն մարտիկն է՝ ամեն վայրկյան պաատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին: Թե՛ Արցախյան ազատամարտը, թե՛ Ապրիլյան պատերազմը դրա վառ ապացույցն են. հաճընցի Մեծն Մուրադի ոգին իրենց մեջ ամփոփած՝ մերօրյա հերոս հաճընցիները եւս կյանքի գնով իրենց դերն ունեցան հայրենիքի պաշտպանության գործում:

Այդպիսին է հաճընցին՝ մարտիկ ի ծնե, որը երբեք չի ուրանում արմատները: Անգամ քաղաքի նվիրական անունը՝ Հաճըն, մոռացության չմատնվեց եւ այսօր ապրում է Նոր Հաճըն քաղաքի անվան մեջ: Հաճընցիներն իրենց յուրահատուկ տեսակը պահելու համար համախմբվել են նաեւ «Հաճըն» հայրենակցական միության շրջանակներում, որի ջանքերով ու նախաձեռնությամբ բազմիցս կազմակերպվել են տարբեր միջոցառումներ՝ ուղղված հաճընցիական անմահ ոգու պահպանմանն ու Հայկական հարցի բարձրաձայնմանը՝ որպես մեր ազգի արդարացի պահանջ:

Իր մասին 100 տարի առաջվա իր իսկ խոսքն այսօր էլ ճշմարիտ է հաճընցու դեպքում, իսկապես՝ նրանց «նատուրոն բաշխո ի»:

«Հաճըն» հայրենակցական միություն

Tesaket.info

 «Առավոտ» օրաթերթ
14.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930