Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ հարուստներին եւ ունեւորներին…

Ապրիլ 15,2020 12:30

Թե կորոնավիրուսի հետ կապված ինչպիսի իրավիճակ է տիրում աշխարհում,  մասնավորապես նաեւ Հայաստանում, համարյա բոլորը տեղեկացված են սոցցանցերից եւ ԶԼՄ-ներից: Սույն հոդվածում չենք խոսի, թե նա ինչ հետեւանքներ ունի եւ կունենա Հայաստանի տնտեսության եւ ընդհանրապես երկրի բոլոր ենթակառուցվածքների վրա, այլ կարծարծենք շատ ցավոտ մի թեմա, որի կարիքը երանի թե չլիներ ու ես էլ չափազանց ծանրացած սրտով չփորձեի դրա մասին գրել: Ինչեւէ, ցանկությունը մի  բան է, իրական վիճակը մեկ այլ բան, այնուամենայնիվ, պարտադրված եմ բարձրաձայնել դրա մասին: Այսօր փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ մասնավոր կազմակերպությունների մեծ մասը կամ չեն աշխատում, կամ աշխատում են իրենց հնարավորությունների որոշակի մասով, որի հետեւանքով նույն համամասնությամբ աշխատակիցների մեծ մասը կամ որոշակի մասը զրկվել են աշխատելու հնարավորությունից, որն էլ նշանակում է, որ նրանք անորոշ ժամանակով փաստացի գործազուրկ են դարձել, հետեւաբար զրկվել են նաեւ եկամտի միակ աղբյուրից՝  աշխատավարձից: Բանն այն է, որ այդ խավի մարդիկ կուտակած պահուստային միջոցներ չունեն, քանզի նախկինում ստացած նրանց եկամուտները մի կերպ՝ ծայրը ծայրին ձգելով եւ դրան էլ ավելացնելով որոշակի վարկային ու ուրիշներից պարտքով վերցրած գումարներ, կարողացել են մի կերպ գոյատեւել (ավելին, փորձենք պատկերացնել նաեւ այն մարդկանց վիճակը, ովքեր տարբեր պատճառներով զրկված են նաեւ վարկ եւ ուրիշներից պարտք վերցնելու հնարավորությունից), այնպես որ, զրկվելով իրենց աշխատավարձից, նրանք այսօր իրականում հայտնվել են լրիվ աղետալի վիճակում: Ասվածից պարզորոշ երեւում է (հեծանիվ հնարելու հարկ չկա), որ նրանք բացահայտ եւ ուղղակիորեն հայտնվել են սովի առջեւ, ավելին, նրանք ի վիճակի չեն անգամ ցամաք հաց գնել: Ասվածին էլ եթե ավելացնենք այն, որ կորոնավիրուսն առաջին հերթին ճանկելու է հենց այդ մարդկանց, քանի որ նրանք համարյա չեն սնվում, որի պատճառով նրանց իմունիտետը լրիվ զրոյական է: Այն հանգամանքը, որ տարբեր երկրներում արդեն՝ էլ փոխնախագահներ, էլ նախարարներ, էլ պատգամավորներ, էլ վարչապետների կանայք, մի խոսքով՝ բազմաթիվ պաշտոնյաներ, հարուստներ եւ նրանց ընտանիքի անդամներ եւս վարակվել են կորոնավիրուսով, որոնց մի մասն էլ արդեն մահացել են ու դա այն դեպքում, երբ նրանք իմունիտետի բարձրացման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման խնդիր չունեն, ապա պարզ է դառնում այս մարդկանց վիճակը: Եթե մի քիչ հումորով մոտենանք, ապա այդ մարդկանց վիճակը կարելի է բնութագրել այսպես. բացի այդ վիրուսին գրկաբաց ընդունելուց, նրանք այլ անելիք չունեն: Մեկ անգամ եւս նշեմ, որ ասվածի մեջ որեւէ չափազանցություն արված չէ եւ դա այդ մարդկանց իրական վիճակն է:

Փաստացի, այս իրավիճակում այլ բան չի մնում, քան այն, որ հարուստները եւ ունեւորները պետք է այդ մարդկանց մշտապես պահեն ուշադրության տակ եւ մինչեւ կորոնավիրուսի վտանգի վերջնական վերացումն օգնեն նրանց, մանավանդ որ, նրանց կարիքները շատ համեստ են, այսինքն՝ նրանց գոյատեւման համար շատ փոքրիկ միջոցներ են անհրաժեշտ: Այնպես որ, բավական է, որպեսզի ունեւորներն ամսական մեկ անգամ՝ հերթական, անիմաստ ճոխ գնումներից մեկից, կամ դրանց մի մասից հրաժարվեն, որը լիուլի բավարար կլինի այդ մարդկանց գոյատեւելու համար: Աշխարհի մարդկության ճակատագրական այս օրերին, երբ ստեղծված վիճակին համընթաց, նաեւ Տերն է փորձում՝ հատկապես հարուստ ու ունեւոր մարդկանց, ապա նրանց համար եւս դժվար չէ այդ պարզունակ բանը հասկանալ եւ եթե այս կրիտիկական վիճակներում այդ մարդիկ չփորձեն իրենց խղճի մտոք նման վերաբերմունք ցուցաբերել, ապա համոզված եմ, որ Տերն արդեն չի ների ու հաստատ կշանթահարի նրանց (անկեղծ ասած, բնավ չեմ ուզում վախեցնել նրանց): Ուղղակի այս էքստրեմալ վիճակներում Տերն այլեւս չի գթա եւ նրանց հետ կվարվի ըստ արժանվույն: Սակայն համոզված եմ, որ մեր ունեւորներն  (անկախ նրանից, թե ինչպես են կուտակել այդ հարստությունը) այնքան իմաստնություն ունեն, որ բարեգութ կգտնվեն, կօգնեն չունեւորներին եւ դրանով նաեւ կխուսափեն Տիրոջ դաժան պատիժներից՝ փրկելով եւ իրենց, եւ աղքատներին…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

 «Առավոտ» օրաթերթ
14.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930