Aravot.am-ը «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածու Հայկ Խանումյանին խնդրեց անդրադառնալ ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։
«Որպես առաջին փուլի մասնակից պետք է ինչ-որ կոչով հանդես գայինք երկրորդ փուլում որևէ մեկի օգտին քվեարկելու համար։ Իհարկե, մենք բացառում էինք համակարգային կոռուպցիա ստեղծած Արայիկ Հարությունյանի օգտին հանդես գալը։ Պետք է կոչ անեինք բնակչությանը որևէ կերպ չքվեարկել Արայիկ Հարությունյանի օգտին։ Դա նշանակում էր՝ Մասիս Մայիլյանի օգտին։ Բայց Մասիս Մայիլյանը իրեն այնպես պահեց, որ չկարողացանք նույնիսկ այդպիսի հայտարարություն անել։ Այսինքն՝ շատ տարօրինակ վարքագիծ դրսևորեց՝ փաստորեն փախչելով ընտրություններից։ Այդ տարօրինակ վարքագիծը ստիպեց մեզ որևէ կերպ ակտիվություն չցուցաբերել երկրորդ փուլի ընթացքում»,- ասաց նա՝ հավելելով, որ անձամբ ինքը չի մասնակցել ընտրություններին։
Հայկ Խանումյանը չի կարծում, որ Արայիկ Հարությունյանի ընտրության դեպքում հետընտրական գործընթացներ կսկսվեն Արցախում. «Ես այդպիսի ներուժ չեմ տեսնում հասարակության մեջ՝ հետընտրական գործընթացների համար»։
Իսկ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը որպես արտախորհրդարանական ընդդիմություն. «Խորհրդարանով կյանքը չի սկսվում և վերջանում։ Կուսակցությունը մինչև խորհրդարան մտնելն էլ գործում էր, արտախորհրդարանական էր։ Հիմա էլ խորհրդարանից դուրս կշարունակի իր գործունեությունը։ Եվ մեր գործունեության մեջ էական ոչինչ չի փոխվելու, բացի՝ խորհրդարանական ամբիոնից»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ