Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու նպատակով կառավարությունը 12 միջոցառումների ծրագիր է գործարկել: Դրանց մի մասը սոցիալական ուղղվածության են, մնացածով աջակցում են բիզնեսին: Սակայն, ինչպես պարզվում է, գործարարների համար նախատեսված մի քանի ծրագրերով դիմող տնտեսվարողների զգալի մասը մերժվում է: Մասնավորապես՝ խնդիրներ է առաջանում Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 1-ին միջոցառման ծրագրին դիմելիս, որով առաջարկվում է նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման եւ տոկոսադրույքի սուբսիդավորման ձեւերով օժանդակել ՀՀ առանձին տնտեսավարողներին: Այս ծրագրին դիմելու համար պահանջվում է որպեսզի շահառուն լինի վերջին 1 տարվա ընթացքում ՀՀ տարածքում գործունեություն ծավալած, բարվոք վարկային եւ հարկային պատմություն ունեցող:
Գործարարներն ասում են՝ իրենք էլ չգիտեն՝ «բարվոք հարկային պատմություն» ասելով ի՛նչ նկատի ունի կառավարությունը:
Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ, հարկային խորհրդատու Տիգրան Քեյանը բացատրում է՝ «Ըստ էության միտքը հետեւյալն է, եթե ընկերությունն ունի վարչական վարույթ 2019 թվականի հունվարի մեկից մինչեւ այսօր, անկախ այդ վարչական վարույթն ինչ արժեքի է, խոսքը վերաբերում է հարկային պարտավորությունների կատարմանը, այդ ընկերությունը չի կարող ունենալ բարվոք հարկային պատմություն»:
Այսինքն՝ ըստ Տիգրան Քեյանի, հերիք է ընկերությունը 500 դրամ իր հարկային վճարումն ուշացրած լինի, որի համար վարչական վարույթն ավտոմատ բացվում է, եւ մինչեւ ՊԵԿ-ից ծանուցում ստանալը արդեն իսկ մարած լինի այդ հարկային պարտավորությունը, միեւնույն է, այդ ընկերությունը չի կարող այդ ծրագրից օգտվել: Տիգրան Քեյանի խոսքով, շատ դեպքերում բացված այդ վարչական վարույթներով ընկերությունները նույնիսկ պատժի ենթարկված էլ չեն լինում: Մեզ հետ զրույցում Տիգրան Քեյանը նշեց, որ այս եւ այլ մի քանի խնդիրների մասին քննարկումներ են ունեցել ՊԵԿ-ի, Էկոնոմիկայի նախարարության մասնագետների ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ. «Այդ մասով մտածում են փոփոխություն անել»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տնտեսվարողները խնդիրների են հանդիպում նաեւ Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառումների ծրագրով, որն ուղղված է փոքր ու միջին բիզնեսին: Այն առաջարկում է վարկի ապահովման ու տոկոսադրույքների սուբսիդավորման ձեւերով օժանդակել Հայաստանի Հանրապետության՝ 2019թ-ին 24-500 միլիոն տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողներին: Հիմնական պայմաններից մեկն, ըստ պարոն Քեյանի, 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պակաս չի եղել տարեկան շրջանառության գումարի 10%-ից:
«Եթե պակաս լինի տվյալ տնտեսվարողը չի կարող շահառու համարվել: Այստեղ խնդիրն այն է, որ սեզոնայնության ժամանակահատվածում գործունեություն ծավալած տնտեսվարողներին հաշվի չեն առել, որոնք որոշակի սեզոնում են աշխատանքներ անում, օրինակ՝ բացօթյա սրճարանները, որոնք երկրորդ, երրորդ եռամսյակում շրջանառություն ունեն, բայց առաջին եւ չորրորդում՝ չունեն: Այսինքն՝ տարվա մեջ 2 եռամսյակ շրջանառության անկում ունի եւ տարեկան շրջանառության հետ կապված էլ այդ անկումը կազդի»:
Պակաս խնդրահարույց չէ նաեւ 5-րդ միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է օժանդակել տնտեսավարողներին՝ գործունեության շարունակականությունն ապահովելու համար՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման միջոցով: Ծրագիրն ուղղված է այն տնտեսավարողներին, որոնք 01.01.2020 թվականից մինչեւ 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչեւ 50 վարձու աշխատակից եւ նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվելու է միանվագ դրամաշնորհ:
Տիգրան Քեյանի խոսքով, շատ տնտեսվարողներ չեն կարողանում օգտվել այս ծրագրից, որովհետեւ նշյալ ժամանակահատվածում, օրինակ՝ աշխատակցին ազատել են ոչ կորոնավիրուսի հետեւանքով առաջացած խնդիրների պատճառով: Կամ՝ գործատուն չէ նրան ազատել, այլ աշխատակիցն ինքն է դիմում գրել եւ ազատվել: Պարոն Քեյանը կարծում է, որ այդ պահանջները պետք է վերացվեն, որպեսզի գործատուները կարողանան օգտվել այդ ծրագրից:
Միջոցառումների 5-րդ ծրագրով մի խնդիր էլ է ծագել, ինչի հետեւանքով պոտենցիալ շահառու համարվող տնտեսվարողները մերժվում են: Խնդիրը աշխատավարձի ֆոնդին է առնչվում: Ըստ մեր զրուցակցի, մասնավոր հիմնարկներում պարգեւավճարները ամենամսյա չեն, ինչպես՝ պետականում, եւ պարգեւավճարները տրվում են ըստ աշխատողի աշխատանքի գնահատման, եւ, եթե այդ ամիսներին գործատուն պարգեւավճար տված չլինի, ապա դա դիտվում է, որպես աշխատավարձի ֆոնդի նվազում եւ տվյալ գործատուն, դուրս է մնում աջակցության այդ ծրագրից:
«Իմ գնահատմամբ կառավարությունն ուզում է հասկանալ ինչ ծավալի է, ովքեր կցանկանան այդ փաթեթից օգտվել եւ կփորձի մեղմացնել այդ ծրագիրը, որովհետեւ տնտեսվարողների մեծ մասը չի կարողանում օգտվել»,-ասաց Տիգրան Քեյանը:
Նրա խոսքով, կառավարությունն արդեն 12 միջոցառումների ծրագիր է գործարկել եւ ամեն անգամ մի գործիքով, մի միջոցառումով լրացնում է նախորդ միջոցառումները. «Արտակարգ իրավիճակ է, կառավարությունը տարբեր խնդիրների առջեւ է կանգնած, փորձում է, որոշակի ճշգրտել իր բացթողումները, որոնք կան այդ որոշումների մեջ: Ճիշտ է որոշ փոփոխություններ արվում են, բայց, եթե միտում կա բիզնեսին աջակցելու, լավ կլինի այդ բոլոր խնդիրները վերանայվեն, որպեսզի արհեստածին արգելքներ չլինեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ Տիգրան Քեյանի ֆեյսբուքյան էջի