«Առաջին փուլին հետևում էինք 113 դիտորդով, հիմա՝ 63 հոգով՝ մեծ մասը հեռակա՝ տեսախցիկների միջոցով»,- Արցախի ԿԸՀ մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին տեղեկացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
Անդրադառնալով Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի դիտորդական առաքելության իրականացման ձևաչափին՝ նա ասաց, որ դիտորդների անվտանգությունից ելնելով՝ կորոնավիրուսի տարածվածության պայմաններում միայն տասը հոգով են եկել Արցախ, մյուս դիտորդները ընտրություններին հետևում են հեռավար կարգով:
Նրա փոխանցմամբ՝ Արցախում աշխատելը հետաքրքիր և հաճելի է, դրա համար էլ իրենց թիմի անդամներից շատերը հերթ են կանգնում Արցախ դիտորդության գնալու համար: Դանիել Իոաննիսյանի վստահեցմամբ՝ ընտրություններից հետո էլ են աշխատելու Արցախում, քանի որ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չէ. իրենք հետագայի համար պլաններ ունեն:
Անդրադառնալով իրենց հասցեին հաճախ հնչող քննադատություններին, թե գնացել են Արցախ հողերը հանձնելու, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ դա անում են մարդիկ, որոնք չեն ուզում ժողովրդավարություն:
Կարդացեք նաև
Խոսելով ընտրախախտումների մասին՝ նա ասաց, որ ժամը 14.00-ի դրությամբ՝ գրանցվել են մի շարք ընտրախախտումներ՝ տեղամասում գտնվել է անձ, որը դրա իրավունքը չունի, վկայական չունեցող մարդիկ են եղել ընտրատեղամասում, գրանցվել են քվեախցիկից դուրս քվեաթերթիկ լրացնելու, քվեաթերթիկ նկարելու դեպքեր, նկատվել են կուտակումներ:
Դիտարկմանը՝ Արցախի ընտրությունների համար թուլություն չէ՞ այն, որ միջազգային դիտորդները չեն մասնակցել, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Ընտրությունների հետ կապված գնահատականը կտանք վաղը՝ հաշվի առնելով առաջին փուլը ևս, քանի որ ընտրության օրը չէ միայն, այլ այն ընդամենը վերջին ակորդն է: Իհարկե, լավ կլիներ, որ միջազգային դիտորդներ էլ լինեին, քանի որ պետք է աշխարհին ցույց տալ, որ ժողովրդավարության մակարդակի առումով Արցախն ու Ադրբեջանը սարեր, ձորեր հեռու են. նույնիսկ համեմատվելու բան չկա: Սա պետք է ոչ միայն Հայաստանի, Արցախի համար, այլ պետք է Արցախի միջազգային ճանաչման համար, որ աշխարհի բոլոր այն ուժերը, կենտրոնները, որոնք ժողովրդավարության գաղափարներին աջակցող են, տեսնեն, որ Արցախի՝ Ադրբեջանից անջատվելը հստակ ժողովրդավարության համար պայքար էր: Ու երբ ինչ-որ մեկն ասում է, որ Արցախից մի գյուղ պիտի գնա, մտնի Ադրբեջանի կազմի մեջ, դա նշանակում է, որ այդ գյուղը ապրելու է պակաս ժողովրդավար երկրում, ինչն անթույլատրելի է: Սա մի բան է, որ պետք է աշխարհին՝ հիմնականում Արևմուտքին ցույց տալ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ