Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտոնյան ստիպված է գնալ «խոպան»՝ հորը բուժելու փող վաստակելու համար. Լենա Նազարյանի պատասխանը՝ պարգեւատրումների հարցով քննադատություններին

Ապրիլ 14,2020 19:40

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձավ պետական պաշտոնյաների պարգեւատրումների հարցին. «Չեմ կարող անարձագանք թողնել հնչեցված կարծիքները: Հասկանալի պատճառներով խնդրի լուծումներին ստիպված ենք անդրադառնալ Հայաստանում համավարակի բարեհաջող հաղթահարումից հետո միայն: Հիշեցնեմ, որ ԱԺ շուրջ 700 աշխատակիցների եւ պատգամավորների ապրիլ, մայիս, հունիս ամիսների պարգեւատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվում է կորոնավիրուսային համավարակի կանխարգելման համար բացված գանձապետական հաշվեհամարին: Կառավարությունում նույնպես եղել են բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության կրճատումներ՝ այս պահին այլ հրատապ հարցերին լուծում տալու նպատակով: ՀՀ-ում կա պետական աշխատակիցների արդար, այսինքն՝ համաչափ վարձատրության հարց, նկատի ունեմ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության, այլեւ ամբողջ համակարգի՝ վարից վեր: Երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին, շատ արդարացիորեն հնչում է քննադատություն, որ այդ հարցը պետք է դիտարկել այլոց՝ նաեւ պետական համակարգի ներսում եւ այլ հանրային ոլորտներում աշխատողների՝ ուսուցիչների, բուժաշխատողների, իրավապահ համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման համատեքստում: Իհարկե, դա ամենաարդար մոտեցումն է՝ բարձրացնել բոլորի աշխատավարձերը համաչափ ու բոլորը միանգամից: Շատ լեգիտիմ հարցադրում է: Սրան իմ պատասխանը հետեւյալն է՝ այս պահին կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է»:

Լենա Նազարյանը մի օրինակ բերեց իրական կյանքից՝ առանց անուններ տալու. «Մի պաշտոնյա, որի աշխատանքի արդյունքում է նաեւ վերջին երկու տարում ավելացել համայնքային բյուջեն եւ ավելացել են մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը, հարազատ հոր առողջական խնդրի լուծման նպատակով ստիպված է մեկնել արտասահման՝ գումար վաստակելու համար: Կասեք՝ շատ մարդիկ կան, որոնք ընտանիքի, հարազատների կարիքների համար արտագնա աշխատանքի են մեկնում: Այո, բայց ո՞վ պետք է նպաստի այլոց խնդիրների ինստիտուցիոնալ լուծմանը, եթե ոչ հենց այդ նույն պաշտոնյան: Ո՞վ պետք է մշակի ու կյանքի կոչի համընդհանուր առողջապահության ապահովագրության համակարգը, որպեսզի ոչ ոք Հայաստանում իր ծնողների կամ զավակների կյանքի ու առողջության փրկության համար չմեկնի արտասահման կամ չվաճառի իր վերջին ունեցածը»:

Լենա Նազարյանն ասաց, որ չեն կարող թույլ տալ, որպեսզի այս պաշտոնյաները ամեն պատահարի բերումով թողնեն քաղաքականության մշակումն ու իրագործումը ու դուրս գան՝ իրենց անձնական հրատապ հոգսերը հոգալու համար: ԱԺ փոխնախագահն ասաց, որ բազմաթիվ օրինակներ կան, անուններ էլի չի նշի, բազմաթիվ նախարարներ ու փոխնախարարներ ստանձնել են պետական ծառայությունը՝ հրաժարվելով մասնավոր ոլորտում իրենց մի քանի անգամ բարձր աշխատավարձից: Դա արել են գիտակցաբար ու ոլորտի զարգացման մեջ ներդրում ունենալու մղումներով. «Իմ ասելիքն այն է, որ այսօր պետք է մարդկանց կայուն աշխատելու պայման ապահովենք, որպեսզի բարեփոխումներն ի վերջո կայանան եւ հարատեւ լինեն»: Ըստ Լենա Նազարյանի, անշուշտ, ավելի արդար կլիներ, որ բոլորի աշխատավարձերը միանգամից բարձրանային ու համաչափ, բայց այս պահին սուղ ռեսուրսներ են ու միջանկյալ լուծումների են գնում:

Լենա Նազարյանն ասաց, որ պաշտոնյաների, նախարարերի բարեկեցության հարցը չի դնում, այլ՝ կադրային քաղաքականության հարցը, կառավարությունը խնդիր ունի դրա միջոցով լուծելու հանրային համընդհանուր բարեկեցության խնդիրներ:

Ելույթի վերջում Լենա Նազարյանը նշեց, որ նախկինում պաշտոնյաները կողմնակի եկամուտներ էին ունենում, իսկ հիմա պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելը անձնական հարց չի,այլ՝ հանրային, հանրությունը պետք է թույլ տա բարձրացնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը՝ համընդհանուր բարեկեցությունից ելնելով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Gagik says:

    Էտ հերթակամ միֆնա, որ պետական չինովնիկները պիտի բարձր աշխատավարձ ստանան, որպեսզի լավ աշխատեն ու բոլորի աշխատավարձը ու թոշակը բարձրանա։
    Ասենք Վրաստանում 2004-ին հեղափոխություն եղավ, չինովնիկների աշխատավարձը կտրուկ բարձրացավ։
    Բայց այսօր էլ 16 տարի անց, միջին թոշակը աշխատավարձը մոտավորապես նույն մակարդակիա ինչ Հայաստանում։

  2. Gagik says:

    Էտ դեպքում պետքա հստակ խոստում տաք։ Ենթադրենք նախարարի աշխատավարձը դարձավ 3միլիոն դրամ էտ դեպքում ասենք 5տարուց ուուցչչի աշխատավարձը կլինի 500հազար դրամ։ Թե չէ օդի մեջ խոսալով։ Մի պարտիա հեղափոխականներ էլ կաին 70տարի կոմունիզմ էին կառուցում վերջում ձախողվեցին։

  3. Gagik says:

    Ու եվս մի դիտարկում։ Ստացվումա, ում աշխատավարձը ցածրա ինքը իրավունք ունի վատ աշխատի, կամ կաշառք վերցնի։ Ոնց պետքա 3միլիոն դրամ ստացո ԿԳ նախարարը պահանջի որ 100հազար դրամ ստացող ուսուցիչը նվրված աշխատի, դրամահավաք չանի, ինչ բարոյական իրավունքով՞

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930