Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։
Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք այս ձևաչափով արդեն գրեթե մեկ ամիս ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, և մեր նպատակն ի սկզբանե եղել է և շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակի բերած տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումներ ընդունելը։ Այս պահի դրությամբ մենք ընդունել ենք 11 միջոցառում, այսօր ևս մեկը գրավոր ընթացակարգով ընդունվել է, այսինքն՝ 12 միջոցառում և կարծում եմ՝ հիմա ժամանակն է ամփոփելու այս փուլի աշխատանքները՝ հասկանալու համար, թե միջոցառումներից որոնք են, որ արդյունավետ են աշխատում, որոնք են, որ այնքան էլ արդյունավետ չեն, և մենք ինչ փոփոխություններ պետք է մտցնենք մեր մոտեցումներում և մարտավարության մեջ՝ ճգնաժամին առավել արդյունավետ հակազդելու համար»։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացիկ արդյունքները։ Նրա խոսքով՝ 1-ին միջոցառման մասով կա որոշակի առաջադիմություն, նոր հայտեր են ստացվում։ Ընդհանուր հաստատված վարկերի քանակն այս պահի դրությամբ կազմում է 214, ծավալը՝ 9 մլրդ 715 մլն դրամ: Ընդ որում՝ նշված վարկային ռեսուրսներից 828 մլն 500 հազար դրամն ուղղվելու է 2055 աշխատակցի աշխատավարձերի վճարմանը։ 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է 770 վարկային հայտ, որից գյուղատնտեսության ոլորտին տրամադրված միկրովարկերի քանակը կազմում է 479։ Հաստատված վարկային գումարի ծավալը 1 մլրդ 844 մլն դրամ է, որից գյուղոլորտին արդեն իսկ հատկացված վարկային ռեսուրսների ծավալը կազմում է 346.5 մլն դրամ։ ԿԲ նախագահը նշել է, որ մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ 479 հաստատված գյուղվարկերի մեծ մասն արդեն իսկ ծառայում է նպատակին և ներդրվել է տնտեսության մեջ։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 3-րդ միջոցառման կատարման ընթացքին. հաստատվել է 102 վարկային հայտ՝ 947 մլն դրամ ծավալով։ Նրա խոսքով՝ ներկայում շրջանառության մեջ է միջոցառման որոշ չափանիշների փոփոխությունների նախագիծը, և դրա հաստատմամբ ակնկալվում է, որ այս միջոցառման շրջանակում տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը կավելանա ևս 700-800 մլն դրամով։
Կարդացեք նաև
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցել է, որ 5-րդ միջոցառման շրջանակում արդեն կատարվել է 6149 շահառուի վճարում՝ 937.3 մլն դրամ ծավալով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է սոցիալական օժանդակության ծրագրերի ընթացքի մասին. 4-րդ միջոցառմամբ աջակցություն է տրամադրվել 964 շահառուի, 6-րդ միջոցառմամբ՝ 6723 շահառուի։ Միևնույն ժամանակ շահառուների նույնականացման գործընթացը շարունակվում է, և հնարավոր է՝ շրջանակն ընդլայնվի։ 7-րդ միջոցառման շահառուների ցանկն ընդլայնվել է 2000-ով, և աջակցությունը կտրամադրվի 5957 հղի կնոջ, ներկա ցուցանիշներով այս միջոցառման ընդհանուր ծավալը կազմում է 597 մլն 700 հազար դրամ։ 8-րդ միջոցառման շրջանակում արդեն առկա է 39000 հաստատված դիմում՝ 2.6 մլրդ ընդհանուր բյուջեով, դիմումների ստացումը շարունակվում է։ 9-րդ միջոցառումը ևս իրականացման փուլում է, ընթացքի մեջ է դիմումների ստացման գործընթացը, որից հետո կատարվում է շահառուների նույնականացում և ցանկերի համադրում։ Նշված աշխատանքների ավարտից հետո գումարները սեղմ ժամկետում կփոխանցվեն շահառուներին։
Զեկուցվել է նաև 10-րդ, 11-րդ և 12-րդ միջոցառումների կատարման մասին։
Մտքերի փոխանակության ընթացքում արձանագրվել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներն արդյունավետ ընթացք ունեն։ Ապա քննարկվել է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների մեղմման միջոցառումների կատարումը։ Անդրադարձ է եղել դրանց իմպլեմենտացիայի աշխատանքներին։ Արծարծվել են այդ ծրագրերի որոշ բաղադրիչների բարելավումներին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան բարձրացնել դրանց հասցեականությունը և արագացնել նախատեսված աջակցության տրամադրումը։
Վարչապետը հանձնարարել է շարունակել մշտադիտարկումը, հետևել ծրագրերի ընթացքին և ամենօրյա կտրվածքով ներկայացնել միջանկյալ հաշվետվություններ։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ