Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեւազյան. «Երբ իմացա, որ կա նամակ, որն ինձ չի հասել ու անձամբ խնդրեցի վերահսկողական մարմինը գա ու ստուգի»

Ապրիլ 14,2020 19:30

ՀՀ քաղաքացիական ավիացիայի շուրջ ստեղծված աղմկահարույց միջադեպի համար քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն իր պատասխանատվությունն էլ է զգում: Այսօր առցանց ասուլիսի ժամանակ Ռեւազյանը հայկական ավիաընկերություններին դեպի Եվրոպա թռիչքների թույլտվությունից ժամանակավոր զրկելու վերաբերյալ ասաց, որ կոմիտեն այս հարցում թերացումներ ունեցել է, եւ ինքը, որպես այդ կառույցի ղեկավար, ունի պատասխանատվության իր մասը.«Ես ինձ պատասխանատու եմ զգում, բայց ավելի շատ պատասխանատու եմ զգում, որ խնդիրը լուծեմ, բայց ոչ թե վերցնեմ ամբողջ բեռը՝ ինչ խնդիր եղել է՝ Տաթեւիկի մեղքն է: Ավելի շուտ պատասխանատու եմ, որ հիմա ես եմ ղեկավարն այս կառույցի եւ գիտեմ ինչ քայլեր պետք է անենք»:

Ռեւազյանն ասաց, որ հայկական որեւէ ավիաընկերություն միջազգային կազմակերպությունների սեւ ցուցակում չկա, այդ որոշումը կայացվելու է մայիսին, սակայն միջազգային կազմակերպությունների հետ նիստը հնարավոր է covid-19 համավարկի պատճառով հետաձգվի: Բայց մինչ այդ, ՔԱԿ-ը փորձելու է խնդիրը լուծել:

«Թռիչքային անվտանգության խնդիրը չպետք է քաղաքականացնեք, թե ո՞ր կառավարության մեղքն է: Խնդիր կա եւ պետք է լուծել: Վերջ»,-ասաց ՔԱԿ ղեկավարը:

Արդյոք Ռեւազյանն իր ղեկավարման ժամանակ չի՞ նկատել խնդիրները, վերջինս պատասխանեց.«Եթե անձնակազմը մի ձեւաչափով է սովոր եղել աշխատել, նույն անձնակազմը չի հասկացել, որ գործառույթը սխալ է անում: Դրա համար, որ ես հարց եմ տվել՝ էս ստուգումները, որ անում եք, ի՞նչ թերություններ կան, ճիշտ պատասխաններ չեմ ստացել: Հետո, առաջին քայլը, որ ես արեցի մտնելով քաղավիացիա, ստուգեցի միջազգային ավիացիայի աուդիտը: Շատ բարձր չափանիշն էր, համեմատեցի՝ ասացի էս ինչ լավ է վիճակը Հայաստանում, սկանդինավյան պետությունների մակարդակի թռիչքային անվտանգություն ունենք: Որեւէ հիմք չունեի կասկածելու, որ մենք իրոք լուրջ խնդիր ունենք: Մի քիչ պատմությունը պատմեմ՝ավիաընկերությունները դիմեցին թռիչքային թույլտվություն ստանալու դեպի Եվրոպա: Նամակ էին ուղարկել ավիաընկերություններին, կոմիտեին էլ: Այդտեղ նշված էր՝ ձեր ավիաընկերությունը սենց-սենց-սենց լուրջ խնդիրներ ունի: Բայց այդ նամակը ինձ չեն զեկուցել: Դա հուլիսին էր: Սեպտեմբերին ես գնացել եմ այցով Մոնրեալ, այնտեղ լուրջ միջոցառում էր, տարբեր երկրների քաղավիացիայի ղեկավարներ էին մասնակցում: Եվրոպայի շատ բարձր պաշտոնյանների հետ էի խոսում, եւ իրենք ինձ զեկուցեցին այդ նամակի մասին: Երբ իմացա, որ կա նամակ, որն ինձ չի հասել ու անձամբ խնդրեցի վերահսկողական մարմինը գա ու ստուգի, թե ոնց կարա էս նամակը չհասնի ինձ: Արդյունքում քրեական գործ է հարուցվել»:

Ավելին Ռեւազյանը չասաց, հորդորեց սպասել դատարանի որոշմանը:

Ինչ վերաբերում է հայկական ավիաընկերությունների դեպի ԵՄ թռիչքներ կատարելու թույլտվության արտոնագրից զրկելուն, ապա ասուլիսի մասնակցող Ռեւազյանի տեղակալ Գալուստ Պողոսյանն ասաց՝ դա ժամանակավոր է, այն կվերականգնվի այն ժամանակ, երբ կոմիտեն պատրաստ կլինի կատարել իր վերահսկողական գործառույթները.«Ինչ ժամկետում՝ չգիտեմ, մի շարք խնդիր կան, խոչընդոտներ կան, օրինակ՝ նույն covid-19-ը»:

Համավարակի պատճառով ավիաընկերությունները չեն աշխատում, վնասներ են կրում, ընդհանրապես, ոլորտի վերականգնման ժամկետ Ռեւազյանը դժվարացավ նշել, բայց վստահեցրեց՝ հաստատ մեկ տարուց ավել է պետք գալու, որպեսզի ոլորտը վերականգնվի, բայց կարող է տարիների հարց լինի.«Եթե վաղը հայտարարվի, որ խնդիր չկա, ժամանակ է պետք լինելու, որպեսզի ավիաընկերությունները վերսկսեն աշխատանքը, տոմսերի վաճառքը եւ այլն, որ հանրությունն էլ այնքան վստահի, որպեսզի ավիաընկերությունն էլ չի կորցնի ավիատոմսերը, չվերթը կլինի: Վստահությունը բարձրացնելու քայլերը դժվար է ասել, թե որքան ժամանակ կպահանջի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930