Եվրոպայի ամենաէսթետիկ երկրներից Իտալիան արդեն վեց տասնյակ տարուց ավել անդամակցում է ԵՄ-ին: Սակայն վերջին տարիներին Իտալիայի որդեգրած քաղաքականությունը և մոտեցումները ԵՄ հարցերին, վտանգում են միության անդամ երկրների հետ հարաբերությունները:
Նախորդ տարի իտալական կառավարության հրամանագրով հանվեց միգրանտների պաշտպանությունն ամրագրող կարգավիճակը, ինչը լուրջ մարտահրավեր դարձավ միգրանտների մասին ԵՄ գործող քաղաքականության համար: Հաջորդ քայլով, փոխվարչապետ Լուիջի դի Մայոն մեղադրեց Ֆրանսիային՝ միգրացիան խթանելու մեջ, պատճառաբանելով, որ ֆրանկը՝ հետգաղութային դրամական արժույթը, որը դեռևս շրջանառվում է աֆրիկյան 14 երկրներում և վերահսկվում է Ֆրանսիայի Կենտրոնական բանկի կողմից, կանխել է այդ երկրների զարգացումը և նպաստել միգրանտների արտագաղթին, ինչի հետևանքով վերջիններս մահանում են Միջերկրական ծովի տարածքում կամ ստիպված հասնում են Իտալիայի ափեր: Այս ամենն, իհարկե, անհետևանք չմնաց և առաջացրեց դիվանագիտական ճգնաժամ՝ Իտալիայի և Ֆրանսիայի միջև:
Դիվանագիտական ճգնաժամից զատ Իտալիան առերեսվում է նաև ֆինանսական ճգնաժամի դեմ: Տնտեսական աճ գրանցելու բոլոր միջոցառումները հանգեցնում են նրան, որ երկիրն ակնհայտորեն հետ է մնում եվրոպական հարևաններից: Իտալիայի խոցելի տնտեսությունը, Եվրամիության ֆինանսական կայունության համար բավականին լուրջ ռիսկ է դարձել, հատկապես որ, ԵՄ պետական պարտքի ամենաբարձր ցուցանիշը պատկանում է Իտալիային՝ շուրջ 2 միլիարդ 440 միլիոնով: ԵՄ-ն տևական ժամանակ չէր միջամտում Իտալիայի վարած քաղաքականությանը, սակայն ինչ տեղի ունեցավ. պետական և մասնավոր ներդրումները զգալիորեն քչացան, իսկ ներքին պահանջարկը նվազեց:
Օրեր առաջ, Իտալիան օգնության կոչով դիմեց ԵՄ-ին, խնդրելով բժշկական սարքավորումներ՝ աշխարհը գրոհած համավարակի դեմ պայքարելու համար, սակայն, ի պատասխան արձագանքեցին Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, իսկ Եվրոպական միության գործընկեր-երկրները կարծես թե անարձագանք թողեցին Իտալիայի խնդրանքը: Ամենևին էլ զարմանալի չէ այն փաստը, որ Իտալիայի բարեկամ Ռուսաստանը օգնության ձեռք է մեկնել, հաշվի առնելով այն փաստը, որ երկու երկրների միջև առևտրային կապերը բավականին ամուր են. այնքան ամուր, որ «Գազմպրոմ»-ի հետ կնքած պայմանագրի շնորհիվ ռուսական գազը դեռևս երկար տարիներ կմատակարարվի Իտալիա: Համավարակի էպիկենտրոն Չինաստանը նույնպես չզլացավ օգնություն տրամադրելու հարցում և արագորեն ուղարկեց մասնագետներ, բժշկական սարքավորումներ և հակավիրուսային դեղեր, չնայած այն հանգամանքի, որ վերջին տարիներին տեքստիլի զանգվածային արտահանումը Չինաստանից՝ Իտալիա դարձել էր մտահոգիչ փաստ Իտալիայի տնտեսության և արտադրողականության համար և փոքր-ինչ սրել երկու երկրների տնտեսական հարաբերությունները:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակում ԵՄ-ին քննադատելը այց հարցի վերաբերյալ բավականին հեշտ է: Պետք է պարզապես վկայակոչել Եվրոպայի ինքնությունը, ժողովուրդների միջև միասնությունը, համերաշխությունը և ներդաշնակությունը պահպանելու գաղափարը, մատնանշել օգնություն չտրամադրելու փաստը և վերջ: Սակայն, ԵՄ անդամներ Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Ավստրիան իրենց հերթին օրեցօր գրանցում են հաստատված դեպքերի աճ, և պետական շահերից ելնելով չեն կարող տրամադրել այնպիսի օգնություն, որը կտրամադրեին այնպիսի իրավիճակում, եթե խնդիրը լիներ լոկալ՝ այսինքն` միայն Իտալիայում: Մոտավորապես ճիշտ այնպես, երբ Շվեդիայում մոլեգնեցին ավերիչ անտառային հրդեհները, Ստոկհոլմի կոչին արձագանքեցին Պորտուգալիան, Գերմանիան, Լիտվան, Նորվեգիան, Ֆրանսիան, Դանիան, Լեհաստանը, Իտալիան՝ ուղարկելով հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Պարզ է դառնում, որ ԵՄ-ն օրհասական պահերին, այնուամենայնիվ, հավատարիմ է մնում իր միասնականության սկզբունքներին և աջակցում է իր անդամներին:
Միակողմանի վերլուծությունների հանգելու տեղիք չտալու համար, պետք է նշել, որ ԵՄ-ն Ռումինիայից և Նորվեգիայից բժիշկների է գործուղել Իտալիա, իսկ Ավստրիան իր հերթին մի քանի հազար լիտր ախտահանող նյութերի տեսքով օգնություն է ուղարկել: Այս ամենի հետ մեկտեղ, ասել, որ ԵՄ-ն համատարած անտարբեր է մնացել, անտեղի կլինի:
Ակնհայտ է, որ համավարակի դեմ պայքարի մեջ բոլոր պետությունների օրակարգում նախ և առաջ սեփական ռեսուրսների խնայողաբար օգտագործումն է, և հաշվի առնելով՝ տևական տնտեսական խնդիրները, Իտալիայի կառավարությունը իր հերթին պատասխանատվություն է կրում նման անելանելի իրավիճակում հայտնվելու համար:
Մարիամ Ստեփանյան
Բրյուսովի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի մագիստրանտ