Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսները տեղեկացրել են, որ Կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների աջակցության ծրագրերը ոչ բոլորին են հասու

Ապրիլ 14,2020 19:15

Աշխատանքային քննարկում գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 14-ին կայացել է աշխատանքային քննարկում գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, բանկերի ներկայացուցիչներ:

Պատգամավորների տեղեկացմամբ` բազմաթիվ գյուղատնտեսներ իրենց են ներկայացրել մի շարք խնդիրներ, որոնք, մասնավորապես վերաբերել են Covid-19 հիվանդությամբ պայմանավորված տեղաշարժմանը, բանկերից վարկեր ստանալուն: Գյուղատնտեսները տեղեկացրել են, որ Կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների աջակցության ծրագրերը ոչ բոլորին են հասու. բանկերը մի մասին վարկեր չեն տրամադրում ուշացումների պատճառով, իսկ մյուս մասին էլ` իրենց անհրաժեշտ գումարի չափով:

Քննարկման մասնակիցները պատասխանել են հնչեցրած հարցերին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է Կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերի երկրորդ միջոցառման կատարման ընթացքը, որը վերաբերում է գյուղատնտեսությանը: Նա նշել է, որ այսօրվա դրությամբ միկրովարկի 417 հաստատված հայտ կա, տրամադրվել է 340 միլիոն 890 հազար դրամ, իսկ ընդհանուր հաստատված վարկերի հայտերը 536-ն են, տրամադրվել է 1,6 միլիարդ դրամ:

Կառավարության աջակցման ծրագրի երկրորդ միջոցառման շրջանակում տրամադրվել է 249 վարկ, որը կազմել է 4090 միլիոն դրամ: Սակայն, ըստ փոխնախարարի,  այս թիվը ժամ առ ժամ փոխվում է:

Նշվել է, որ տեղեկատվությունը տրամադրվել է Կենտրոնական բանկի կողմից:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը նշել է, որ իրենց բանկում առկա է 7141 վարկի տրամադրման դիմում: Նա նաեւ կարեւորել է այն փաստը, որ գյուղատնտեսական վարկը տրամադրվում է առանց  գրավադրման: Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում դժվարացել է նաեւ բանկերի աշխատակիցների աշխատանքը: Դիմումատուների տվյալների հավաստիության ստուգման նպատակով այցելություններ չեն իրականացվում եւ այս պայմաններում նախապատվությունը տրվում է բանկի հաճախորդներին: Ըստ նրա` խնդրահարույց է հատկապես խոշոր վարկերի տրամադրման հարցը: Մասնավորապես, նմանատիպ վարկ ստանալու համար դիմել են ծաղկաբույծներն ու գյուղմթերքներ արտադրողները, որոնք, սակայն, կարող են ունենալ իրացման խնդիրներ:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաեւ չօգտագործվող հողերի խնդրին: Ոլորտի պատասխանատուները նշել են, որ  հարցն ուսումնասիրվում է, Արմավիրի մարզում նախատեսվում է նաեւ պիլոտային ծրագիր իրականացնել, որն էլ հնարավորություն կտա ճիշտ պատկերացում կազմել խնդրի վերաբերյալ:

Ամփոփելով քննարկման արդյունքները` պատգամավորները շնորհակալություն են հայտնել ոլորտի ներկայացուցիչներին եւ նշել, որ առաջիկայում եւս կլինեն նմանատիպ քննարկումներ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930