«Ես դա հաղթանակ չեմ համարում, այլ դա ընդամենը ժողովրդի վստահության քվեն է»,- հարցին, եթե ժամեր անց պարզվի, որ հաղթանակը հենց իրենն է առաջին քայլը ո՞րն է լինելու, Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ ժողովրդի քվեն ստանալուց անմիջապես հետո քայլ անելու հնարավորություն չի ունենալու, երբ ստանձնի այդ պատասխանատվությունը, այդ իրավիճակից կախված՝ կորոշի՝ ինչ քայլերի դիմել. «Այդ քայլերի հետ կապված եղել է տեսլական, բայց իրավիճակն ինքն էլ է թելադրում: Չգիտեմ՝ մայիսի 22-ին ինչ է լինելու մեր երկրում ՝ երկիր նկատի ունեմ և′ Հայաստանը, և′ Արցախը»:
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ փորձել է ներկայացնել այն ծրագրերը, որոնք իրենց համար լինելու են առաջնահերթ և մանրամասնեց. «Տնտեսության զարգացման երկու կարևոր ճյուղ՝ գյուղատնտեսություն, որը թույլ է տալու ապահովել մեր պարենային ապահովության խնդիրը, քանի որ արդեն իսկ զգացվում են մոլորակի վրա պարենային խնդրի առաջին ահազանգերը: Բարդ է, եթե երկար տևի: Դրա համար գյուղատնտեսությունն է առաջնային: Երկրորդը՝ շինարարությունը և հիմնական ենթակառուցվածքների ուղղությամբ աշխատանքը, որը թույլ է տալու իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնք նպաստելու են տնտեսության զարգացմանը: Դրա համար էլ օրը կգա, կփորձենք»:
Արցախի Հանրապետության պարետի աշխատանքը Արայիկ Հարությունյանը բարձր գնահատեց ու նշեց. «Փորձում են քննադատել, բայց արդեն երկար ժամանակ է՝ Արցախը կարողանում է դիմակայել: Վարակի մուտքն անխուսափելի է: Ընդամենը քայլերի հերթականությունը ճիշտ պիտի անել, ինչը մինչև այսօր բավականին բարձր մակարդակով արվում է»:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ համագործակցություն լինելու է բոլոր ուժերի հետ՝ անկախ ամեն ինչից: Հետո էլ նշեց, որ մի քանի օրից կսկսի իր հանդիպումներն ուժերի հետ, և կմտածեն իրենց գլխավոր խնդրի մասին: Հարցին՝ խնդիր չունի անգամ Մասիսի Մայիլյանի և Սամվել Բաբայանի՞ հետ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այս երկրում ես պրոբլեմ չունեմ ոչ մեկի հետ՝ ո′չ Մասիս Մայիլյանի, ո′չ Սամվել Բաբայանի՝ ոչ մեկի հետ: Հայտարարել եմ և հայտարարում եմ՝ ոչ մեկի հետ: Հանուն մեր երկրի, ես պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ, այն դեպքում, երբ բոլորն իմ հարազատները, բարեկամներն ու իմ ընկերներն են»:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/223101302341817/
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ