«Ֆերմերները չեն կարողանում մարզից մարզ տեղափոխվել, որովհետեւ մարզի պատասխանատուներն արհեստական խոչընդոտներ են ստեղծում: Օրինակ, երբ Արարատի մարզի ֆերմերները ցանկանում են Վայոց ձոր՝ Ջերմուկի լեռներ գնալ, գյուղվարչության պետը ոլորտից հեռու մեկնաբանություն է տալիս: Ֆերմերներին ստիպում են, որ անասունների բրուցելոզի դեմ ստուգման միջոցառումներն անցկացնեն իրենց հաշվին, այդ թվում՝ մանր եղջերավոր անասունների համարակալումները»,-ԱԺ հանձնաժողովի նիստում այսօր ոլորտի պատասխանատուների հետ աշխատանքային քննարկման ժամանակ նման խնդիրներ բարձրաձայնեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Մարզպետարանի գյուղվարչության պատասխանատուն ասում է, թե բրուցելոզի համար ստուգում պետությունը չի կազմակերպում, եւ ֆերմերներն իրենց հաշվին պետք է դա անեն: Վարչապետը հայտարարում է, որ պետք է մեծ թափով զարկ տալ անասնապահությանը, բայց ներքին օղակներում արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, որպեսզի ֆերմերները չկարողանան ճիշտ կազմակերպել իրենց տնտեսությունը: Օրական մինչեւ 150 000 դրամի վնաս են կրում»,-նշեց նա:
Քննարկմանը ներկա Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուն պարզաբանեց, որ բրուցելոզի ստուգումը կատարվում է կենդանիների թվի կեսի չափով. «Մարզի ամեն կենդանի ենթարկվում է փորձաքննության: Այս տարի փոքր-ինչ հետ ենք ընկել, փորձում ենք դա կազմակերպել առաջնահերթ այն մարզերում, որտեղ ավելի տաք է, եւ հիվանդության տարածման վտանգ կա: Հետ ենք ընկել, որովհետեւ ՊՈԱԿ-ը լուծարվեց, նորը ստեղծվեց: Հավատացվում եմ, որ երկրորդ կիսամյակից խնդիրները վերանալու են»:
Բաքոյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է արվում, որպեսզի Արարատի մարզի ֆերմերը հասնի Ջերմուկ ու իր անասուններին արածեցնի: Նախարարության պաշտոնյան նշեց. «Առանց կենդանու արյունը ստուգելու հնարավոր չէ կենդանուն տեղափոխել: Կաշխատենք ստուգումները հնարավորինս արագ անել: Այսօր Արարատի մարզի առնչությամբ կհետաքրքրվեմ եւ պարզաբանում կստանամ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ