Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ժամանակ ու հնարավորություն տալ սնանկության ճիրաններում հայտնված ընկերություններին շնչել. Վարդան Արամյան

Ապրիլ 14,2020 18:45

«Սնանկությունն իրականում լուրջ խնդիր է հայաստանյան իրականության մեջ, սնանկացման գնացող ընկերությունները հետդարձի ճանապարհ գրեթե չունեն, առողջացման գործիքակազմն ու իրավակարգավորումները նպաստավոր չեն»,-այսպիսի կարծիք հայտնեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, որը մասնակցում էր «Ազգային Օրակարգ» կուսակցության կազմակերպած «Ֆիսկալ քաղաքականության հարմարեցման հրամայականը COVID-19-ի պայմաններում» թեմայով հեռավար քննարկմանը:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված սնանկության վարույթների այլ երկրների եւ նաեւ հայաստանյան փորձը: Նրա խոսքով, ձեռնարկությունների մոտ սնանկության վարույթների հարուցման գործընթացն այլ երկրներում կասեցվել է:

Ասաց նաեւ, որ մեր պրակտիկայում ձեռնարկությունների լուծարման դեպքերը մոտ 90 տոկոս են կազմում, իսկ ֆինանսական առողջացման դեպքերը 10 տոկոս, որի հիմքում նաեւ օրենսդրական խնդիրներ են ընկած:

Վարդան Արամյանն ասաց, որ սնանկության վարույթները պետության կողմից շատ դեպքերում հիմնականում, օգտագործվել են որպես մահակ. «Եթե մենք ճգնաժամային գործիք ենք մտածում, ամենալավ տարբերակը մորատորիում հայտարարելն է, ժամանակ տալ, հնարավորություն տալ սնանկության ճիրաններում հայտնված ընկերություններին շնչել»: Ըստ Վարդան Արամյանի, հիմա պետությունը շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի, որպեսզի ընկերությունները չհայտնվեն սնանկության մեջ, ինչն անխուսափելի է, եթե արագ գործիքակազմ չկիրառես. «Քան՝ մտածենք այնտեղ հայտնվածներին ոնց փրկենք»:

Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գտնում է, որ սնանկության գործընթացը պետք է զուգորդել հարկային քաղաքականության հետ. «Պետք է հասկանալ, եթե հարկային քաղաքականությունը արտոնություններ տա, ապա այդ արտոնություններն ի՛նչ տրամաբանությամբ են աշխատում, եւ նույն ընկերությունը թե՛ արտոնությունից է օգտվում թե մեկ այլ բանից է օգտվում, դրա որոշում ընդունողը, կարծում եմ, չպետք է միայն ՊԵԿ-ը լինի: Պետք է լինի մարմին, որը դատողություններ կանի»:

Ըստ Վաչե Գաբրիելյանի, ամենամեծ խնդիրն այն է, որ կառավարությունը չի ուզում որոշումներ ընդունել անհատ ընկերությունների վերաբերյալ եւ ուզում է անպայման որոշումներ ընդունել բանաձեւով: «Անգամ ճգնաժամային իրավիճակի ժամանակ պնդում են, որ պետք է արվի այդպես: Իմ կարծիքով ու հասկանալով, կառավարությունն ուզում է ամեն կերպ ապախրախուսի անբարեխիղճ վարկի ռիսկը, որպեսզի այն սուբյեկտները, որոնք իրականում չունեն դրա կարիքը, չդիմեն, եւ իրենց մշակած քաղաքականությունների մեծամասնությունը հիմնականում այդ ուղղությամբ է գնում»,-ասաց պարոն Գաբրիելյանը՝ կարծիք հայտնելով, որ կառավարությունն ապրիլի 20-ից հետո կսկսի անդրադառնալ հարկային արտոնություններին. «Պատճառը հետեւյալն է, իրենք դրամային միջոցների սղությունից զգուշանալով՝ չեն ուզում միանգամից ազդակներ հաղորդել, որպեսզի միանգամից չափից շատ տնտեսվարողներ դիմեն այդ հարցերին»: Պարոն Գաբրիելյանի խոսքով, որեւէ առանձին անձ, այդ թվում պարետը, պետք է առանձին որոշումներ չընդունի. «Որոշումներն ընդունվում են ըստ բանաձեւի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930