Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Պետք է լրջորեն զբաղվել մեր կինոժառանգությամբ, թվայնացնել ու տարածել»

Ապրիլ 14,2020 18:40

2019 թ ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 16-ը հռչակեց Հայ կինոյի օր: Այս տարի Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը նախաձեռնել էր հանդիսավոր մրցանակաբաշխություն, սակայն այն որոշ ժամանակով հետաձգվում է՝ հասկանալի պատճառներով:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը նշեց, որ համաշխարհային կինոն միշտ էլ կարեւոր դեր է կատարել քաղաքականության մեջ՝ ժողովրդի մտահոգությունը, արվեստը, մշակույթը պատմելու առումով, իսկ հայկական կինոն եղել է եւ մնում է համաշխարհային կինոժառանգության յուրօրինակ մասը: Հարություն Խաչատրյանի խոսքով, հայկական համր կինոն, որ ցուցադրվում է աշխարհի տարբեր երկրներում, իր մակարդակով չի զիջում այդ երկրների կինոյին:

«Դրանով կարելի է պատմել, թե համր կինո նկարած Հայաստանն ինչքան զարգացած է եղել, ինչքան խորը արմատներ ունի հայկական կինոն: Եվ իզուր չէ, որ հայկական կինոյում ծնվեցին այնպիսի մեծեր, ինչպիսիք են՝ Փարաջանովը, Փելեշյանը, Դովլաթյանը, Մալյանը, Բեկնազարյանը, մարդիկ, որոնք համաշխարհային կինոյի կարեւորագույն սյուներից կարող էին լինել եւ եղել են, բայց դժբախտաբար, Խորհրդային Միության ժամանակ չկարողացան շատ պրոպագանդվել եւ ցուցադրվել աշխարհով մեկ: Իմ կարծիքով, մեր մշակութային ժառանգությունը տարածելու համար այժմ շատ կարեւոր է հայկական կինոյի վերականգնումը, թվայնացնումը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հարություն Խաչատրյանը փաստեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարբեր տարիների բացման ժամանակ հայկական համր ֆիլմեր ցուցադրելիս տեսել են, թե ինչ մեծ հետաքրքրություն եւ ուրախություն են առաջացնում դրանք, ինչ բարձր գնահատականի են արժանանում տարբեր հայ ռեժիսորների կողմից ստեղծված ֆիլմերը: Նա կարեւորեց նաեւ «Պեպոյի», որն առաջին հայկական հնչյունային ֆիլմն է, վերականգնումը եւ թվայնացումը: «Պետք է լրջորեն զբաղվել մեր կինոժառանգությամբ: Փառք Աստծո, որ վերջապես գնահատվեց հայկական կինոյի կարեւորությունը, եւ ԱԺ-ն հաստատեց Հայ կինոյի օրը, ինչի համար ուրախ ենք եւ շնորհակալ»,-նշեց կինոռեժիսորը;

Նրա ձեւակերպմամբ, կորոնավիրուսային իրավիճակը եւ հարակից այլ խնդիրներ մեծապես ազդել են կինոարտադրության եւ կինոփառատոնների վրա, որոնք մղում են այլ ձեւաչափերի շուրջ մտածել: «Օրինակ` ապրիլի 16-ին շատ լուրջ մրցանակաբաշխություն էինք նախաձեռնել: Գիտեք, որ Կինեմատոգրաֆիստների միությունը ստեղծել է մասնագիտական գիլդիաներ, որոնք պետք է կարողանան պաշտպանել իրենց համքարության իրավունքներն այս անհասկանալի ժամանակներում, երբ չկա Կինոյի մասին օրենք, կանոնակարգեր, արժեհամակարգեր: Ու ամեն մարդ, ինչ ուզում՝ ոնց ուզում, գնահատում է, կամ ՝ ով ինչ ուզում հայհոյում է:

Մեր նախաձեռնած հանդիսավոր երեկոյի ընթացքում ամեն գիլդիա պետք է հանձներ իր մրցանակը՝ լավագույն մասնագիտության համար, արդեն պատրաստ էին նաեւ այդ մրցանակները, բայց ցավոք, երեկոն հետաձգվում է: Ապրիլի 16-ին՝ Հայ Կինոյի օրը միայն հայկական ֆիլմեր կցուցադրվեն տարբեր հեռուստաալիքներով, իսկ մրցանակաբաշխությունը, հավանաբար, կտեղափոխվի տարեվերջ, գուցե անունն էլ կդնենք՝ «Ուշացած ապրիլի 16»:

Հարություն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ այժմ շատ դժվար կլինի կինոարտադրությամբ զբաղվելը, եւ լավ կլինի, որ ֆինանսական աջակցությունն ուղղվի դեբյուտներին եւ ավարտված ֆիլմերին, որոնց միայն վերջին փուլն է մնացել ավարտին հասցնել: Նա նաեւ միության անունից շնորհավորեց բազմավաստակ վարպետներին, որոնք թողել են մեծ ժառանգություն, եւ երիտասարդներին, որոնք նոր են սկսում իրենց կյանքը կինոյում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930