Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության այցը Հայաստան, ըստ ՔԱԿ ղեկավարի, ՀՀ պատմության մեջ առաջինն է: Այս մասին այսօր առցանց ասուլիսին ասաց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
«Նման այց չի եղել, իրենք համեմատելու հարթակ չունեն: Այցը կոնկրետ նպատակով էր՝ նկատել էին, որ խնդիր կա ավիաընկերությունների ստուգման արդյունքում, դրա համար էին եկել»,-ասաց Ռեւազյանը:
Հայկական ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու արգելքի մասին էլ, Ռեւազյանն ասաց՝ թռիչքային թույլտվությունից այդ ընկերությունները զրկվել են ժամանակավորապես եւ ՀՀ ՔԱԿ-ը աշխատում է, որպեսզի խնդիրն արագ լուծվի. «Եվ սա չի նշանակում, որ վտանգավոր է թռնել «Ավիակոմպանիա Արմենիա»-ով: Այդ ընկերությունը, երբ թույլտվություն ստացավ թռիչք իրականացնել դեպի Եվրոպա, իր գնահատականն ավելի ցածր էր, քան այսօր: Մենք պետք է կոմիտեի շուրջ վստահությունը բարձրացնենք, որպեսզի մեր գործընկերները հասկանան՝ կարողանում ենք տեսչական ստուգումներն իրականացնել պատշաճ մակարդակով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ