Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անհրաժեշտություն լինի, այդ պատասխանատվությունը կրվելու է նաև իմ կողմից». Բակո Սահակյանը՝ ընտրությունների պատճառով քաղաքացիների՝ կորոնավիրուսով վարակման մասին

Ապրիլ 14,2020 18:14

«Ես ցանկանում եմ, որպեսզի հաջորդ նախագահը ոչ միայն գործունեություն ծավալի, այլ առաքելություն իրականացնի առաջին հերթին պատասխանատվության, և կարծում եմ՝ այդ պատասխանատվությունը բոլոր առումներով կնպաստի, որ նրա գործունեությունը լինի հաջողված»,-Ստեփանակերտի 1/22 ընտրական տեղամասում Արցախի նախագահի երկրորդ փուլի ընտրության քվեարկությունից հետո այսպիսի ցանկություն հղեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախի ապագա նախագահին:

Հարցին՝ ընտրությունները չե՞ն նպաստի կորոնավիրուսի տարածմանը, ռիսկային չէ՞ր նման պայմաններում ընտրություններ անցկացնելը, Բակո Սահակյանը պատասխանեց. «Ոչ միայն ընտրությունները: Մենք ունենք տարբեր երևույթներ, որտեղ պարտավորված ենք այդ երևույթները նվազագույնին հասցնելու, և միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները այդպիսի նպատակ են հետապնդում: Ընտրությունների հետ կապված, բնականաբար, հաշվի ենք առել այդ լրացուցիչ ռիսկերը և հավելյալ հնարավորություններ ենք ստեղծել, որ ընտրությունների անցկացումն այդպիսի լրացուցիչ ռիսկեր մեզ համար չառաջացնի»:

Դիտարկմանը՝ մի կողմից սահմանվում է արտակարգ դրություն, սահմանափակումներ, մյուս կողմից ընտրություններ անցկացվում, սա ճի՞շտ որոշում է, Բակո Սահակյանն արձագանքեց. «Երկու դեպքում էլ մենք գործում ենք Սահմանադրության պահանջներին համապատասխան: Երկու օր առաջ արտահերթ միջգերատեսչական հանձնաժողովի նիստին նույնպես անդրադարձել եմ այդ խնդրին: Եվ ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը: Հակասություններ չենք տեսնում՝ ճիշտ հակառակը. գործել և գործում ենք իրավական պահանջներին համապատասխան, և մեր գործողությունները նպատակ են հետապնդում ստեղծելու մեր հայրենիքի համար նպաստավոր պայմաններ»:

Փաստմանը՝ հետաքրքիր պատկեր եղավ Արցախի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլից հետո. Սամվել Բաբայանի կուսակցությունը երկրորդն է խորհրդարանում և հարցին՝ ի՞նչ կասեք այս առումով, Սամվել Բաբայանի հետ հաջորդ իշխանություններն ինչպե՞ս պիտի համագործակցեն, Բակո Սահակյանը պատասխանեց. «Մենք ունեցել են նպատակ ստեղծել մրցակցային պայմաններ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի համար: Իմ համոզմունքն է, որ առավելագույն հնարավորությունները ստեղծվել են այդ քաղաքական ուժերի համար, և նրանք իրենց կառուցած աշխատանքների համաձայն՝ ստացել են իրենց քվեն: Հաջորդ իշխանությունները ստեղծել են այդ նպաստավոր պայմանները համագործակցության համար»:

Զգուշացմանը, եթե պարզվի, որ այս ընտրությունների պատճառով քաղաքացիներ են վարակվել, ո՞վ է պատասխանատուն, մանավանդ՝ արդեն գրանցված դեպքեր կան, Բակո Սահակյանը պատասխանեց. «Մեր գործողությունները փաստում են այն ճշմարտությունը, որ մենք պատասխանատվությունից չենք խուսափել և չենք էլ կարող խուսափել: Այդ պատասխանատվությունը կրում են Արցախի իշխանությունները, տվյալ դեպքում այդ պատասխանատվությունը կրում է նաև Արցախի Հանրապետության նախագահը: Եթե անհրաժեշտություն լինի նման պատասխանատվություն կրելու, բնականաբար, այդ պատասխանատվությունը կրվելու է նաև իմ կողմից»:

Հաշվի առնելով, որ այսօր ընտրատեղամասերը համեմատաբար դատարկ են և հարցին՝ ընտրությունների լեգիտիմության դեֆիցիտ չի՞ ունենա հաջորդ նախագահը, Բակո Սահակյանը մինչ այս հարցին պատասխանելը իր անհամաձայնությունը հայտնեց, որ ընտրատեղամասերը դատարկ են և հավելեց. «Մենք ամեն ինչ արել ենք, և ընտրությունների մասնակից շտաբերի պատասխանատուները կազմակերպել են այսօրվա աշխատանքն այնպես, որ այստեղ կուտակումներ չլինեն: Մենք ենթադրում էինք, որ երկրորդ փուլում մասնակցությունն ավելի քիչ է լինելու, քան առաջին փուլում, բայց դա պայմանավորված է անվտանգության կանոնների պահպանմամբ, մյուսն էլ ընտրությունների երկրորդ փուլի յուրահատկությունների հետ կապված»:

Վիկտոր Սողոմոնյանի այն հայտարարության մասին, թե Ռոբերտ Քոչարյանի կալանքը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, Բակո Սահակյանն հայտնեց, որ այս հարցով իր մոտեցումը նույնն է, ինչ մշտապես ասել է ու շարունակեց. «Մենք՝ բոլորս, պարտավոր ենք հաշվի առնելով այս գործընթացի յուրահատկությունը՝ ստեղծել բարենպաստ պայմաններ, որ այս գործը ստանա իր տրամաբանական գնահատականը: Ավելի քան համոզված եմ, որ նման նախադրյալներ ունենք: Մեր ողջամտությունից է նաև կախված լինելու, թե ինչ ավարտ կունենա այս գործընթացը: Իսկ հայ-ռուսական բարեկամությունը դաշնակցային բարեկամություն է, նաև եղբայրական, այդ բարեկամությունը ապագայում էլ ավելի կխորանա և կստանա ներկայիս ժամանակահատվածին համապատասխան արդյունավետությունը»:

Բակո Սահակյանն ասաց, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովից հրավեր չի ստացել մասնակցության, բայց վստահեցրեց՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել հանձնաժողովի աշխատանքներին: Դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այս հանձնաժողովի գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին հայտարարությանը՝  Բակո Սահակյանն ասաց. «Որևէ արտառոց բան չեմ տեսնում: Սա առաջին դեպքը չէ, երբ անհրաժեշտություն է լինում, և ՀՀ առաջին նախագահն իր տեսակետն է հայտնում: Շատ բնական եմ համարում, որ նման իրավիճակներում մեր երկրի նախորդ պատասխանատուներն իրենց տեսակետներն են հայտնում: Այդ հարցազրույցով նա իր պատրաստակամությունն է հայտնել այս շրջանում նույնպես հնարավոր օգտակար լինելու: Մտածում եմ, որ ՀՀ առաջին նախագահն իր պատասխանատվությունն է ցուցաբերել և ցանկություն հայտնել օգտակար լինել նաև այս շրջանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930