ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր եւ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի միջեւ հակասություններին, որոշ մանրամասներ ներկայացրեց:
«Ես բոլորի հետ բաց եմ համագործակցելու, եւ անձնական խնդիր որեւէ մեկի հետ չունեմ: Պարզ է, տարաձայնություններ եղել են, գործնական: Այս տարիներին կենտրոնացել եմ աշխատանքի վրա եւ որեւէ ինտրիգի մեջ չեմ մտել»,-ասաց Ռեւազյանը:
Նա սակայն ներկայացրեց, թե որ հարցի շուրջ են Ճաղարյանի հետ տարաձայնություններ ունեցել. «Օրինակ, մեզ հանձնարարական էր եկել, որպեսզի Հայաստանի հանրապետության համար համատեղ հայեցակարգ մշակեինք, բայց պարոն Ճաղարյանի մշակած հայեցակարգն իր համար վերջնական տարբերակն էր: Երբ մենք ասում էինք՝ եկեք համատեղ այդ ամենն անենք, ինքը մերժում էր, ասում էր՝ կամ իմ ձեւաչափով ենք աշխատում, կամ ոչ մի: Դա ինձ համար անընդունելի է: Իմ կարծիքով՝ երկրի հայեցակարգը շատ կարեւոր փաստաթուղթ է, որի հիման վրա ռազմավարություն է գրվելու, եւ կարեւոր է թիմային աշխատանքն ու բոլորի կարծիքները հաշվի առնելը:
Երկրորդ խնդիրը՝ ինքը հարցազրույցի ժամանակ ասել է, որ մեզ երեք մասնագետ էր առաջարկել, որպեսզի կարողանային ավելի լավ պատրաստվեինք այդ այցին: Ես ուրախ էի, խնդրեցի՝ ներկայացրեք՝ ինչ մասնագետներ են: Վերջում որոշում ենք կայացնում չներգրավել: Մենք ունեինք երկու տարբերակ. մեկը՝ 3 մասնագետներն էին, որ մեկ շաբաթով գալու էին Հայաստան, տպելու էին փաստաթղթեր, ընդհանուր 30 հազար դոլար էինք վճարելու, ամեն անձի համար 10 հազար, եւ իրականում ոչ մի հարց չէինք լուծելու: Նրա առաջարկած մասնագետները քաղավիացիայի փորձ չունեին, իրենք ավիաընկերություններին են աջակցել, որ վերացնեն իրենց խնդիրներն: Իսկ մենք մի քանի ամսով մի միլիոն դրամով կոնկրետ անձի ենք հրավիրել Հոլանդիայից, նա քաղավիացիայում 20 տարվա փորձ ունի: Պարոն Ճաղարյանն ասել է, որ մերժման հիմնավորում չի ստացել, ես հերքում եմ իր ասածը, շատ մարդիկ կային սեղանի շուրջ եւ այս հիմնավորումն իրեն տրվել է»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ