Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի եղեք Հրայր Թովմասյան»,-կոչ արեց Մարուքյանը «Իմ քայլին», Միրզոյանն էլ հեգնեց՝ «էդ մեզ սպառնո՞ւմ եք»

Ապրիլ 14,2020 17:57

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:

Ինչպես հիշեցրեց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ օրինագծով սահմանվում է, որ պատգամավորներն անարգել կարող են այցելել եւ տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց: «Հայտնի է, որ այս օրինագիծն ունի տարիների պատմություն: Միշտ խնդիրներ են առաջացել, երբ պատգամավորները այցելել են կալանավայրեր, ու նրանց ասվել է, որ կարող են միայն մուտք գործել, իսկ տեսակցել չի թույլատրվել»,-նշեց Տարոն Սիմոնյանը:

Կառավարության դիրքորոշումն այս օրինագծի առնչությամբ բացասական է: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, դիմելով Տարոն Սիմոնյանին, ասաց. «Խնդրում եմ, այլևս չասեք, որ նախագիծն ունի երկար տարիների պատմություն, որովհետեւ այն նախագիծը, որը դուք հիշատակում եք, այլ բանի մասին է: Խնդրում եմ այլևս չասել, որ նախարարությունն այլ կերպ է մեկնաբանում գործող դրույթները եւ այլ մեկնաբանման հիմքով սահմանափակվում է պատգամավորի տեսակցելու իրավունքը: Նման բան գոյություն չունի, որովհետև չենք կարող մեկնաբանել մի բան, որը գրված չէ»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր օրինակով փաստեց, որ թույլատրում են այցելել ՔԿՀ, բայց տեսակցել՝ ոչ, ուստի այս օրինագիծը կարեւոր է, որպեսզի ՔԿՀ այցը թեյ խմելով ու «պեչենի» ուտելով չսահմանափակվի:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ թարմ օրինակ ասաց. «Ինձ զանգել է մի կին ու ասել, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ամուսնուն ծեծել են, բայց հիվանդանոց չեն տեղափոխում: ՔԿՀ աշխատակիցը սիրալիր բացում է դուռը, ներս հրավիրում, բայց ասում, որ տեսակցելու իրավունք չկա»:

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ շեշտեց, որ օրենքով սահմանված՝ մեկուսարաններ պատգամավորների անարգել մուտք գործելու իրավունքը ժամանակին անտեղի սահմանափակվել է. «Այսօր այդ իրավունքը երբեք չի սահմանափակվում: Քննիչի՝ տեսակցության արգելքի մասին որոշումը նախկինում օգտագործվում էր տեսակցելու իրավունքը արգելելու համար: Հիմա մեր գործընկերները մտավախություն ունեն, որ այդ չարաշահումը տեղի կունենա: Այո, նախաքննության շահերից ելնելով՝ քննիչն իրավունք ունի արգելել տեսակցությունը, բայց դա չի նշանակում, որ պատգամավորի տեսակցելու իրավունքը պետք է սահմանափակվի: Այս օրինագիծը կապ չունի մտահոգության հետ, որի մասին խոսեցին Նաիրա Զոհրաբյանն ու Գեւորգ Պետրոսյանը»:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ շեշտեց, որ այս օրինագծի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է. «Այն ժամանակ էլ ես, Փաշինյանն էլ ասում էինք, որ այ հարգելի հանրապետականներ, վաղը իշխանափոխություն կլինի, քրեական գործեր կհարուցվեն, եւ դուք կարիք կունենաք, որ ձեզ այցելենք: Մինչդեռ մեզ ասում էին, որ չի լինի: Այդպես օրինագիծը մերժվում էր: Վաղը չէ մյուս օրն էլի քրեական գործեր են լինելու, հնարավորություն տվեք ձեզ այցելել, այ ձեր ցավը տանեմ, այ ձեր գլխին ղուրբան լինեմ: Հրայր Թովմասյանն այս օրենքը մեկնաբանում էր այնպես, ինչպես հիմա դուք, եւ այդպես էին մեկնաբանում Հրայր Թովմասյանից հետո եղած նախարարները, մինչդեռ 2008թ.-ին, երբ ձերբակալվել էին, օրինակ, Սասուն Միքայելյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը, ես դիտորդական խմբի կազմում տեսակցում էի նրանց՝ այն դեպքում, որ կար քննիչի՝ տեսակցության արգելք: Մի եղեք Հրայր Թովմասյան»: Մարուքյանի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը․ «Էդ մեզ սպառնո՞ւմ եք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930