«Ես չեմ պատկերացնում ծնող, որ ստանա երեխայի նպաստն ու գնա խանութ՝ իր համար շոր առնի: Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում այդպիսի մայր: Եթե այդպես լինի, ամսական գումարն էլ կարող է այդպես օգտագործել ու որեւէ վերահսկողություն չենք ունենա»,- «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած այդ օրինագծով առաջարկվում է 5 երեխայի ծնվելու դեպքում հատկացվող 1 մլն, 1.5 մլն դրամը, որը տրվում էր մաս-մաս, տրվի միանվագ: Պատգամավորները մտավախություն ունեն, որ ծնողը միանգամից ամբողջ գումարը կստանա ու ոչ թե կհոգա երեխայի ամսական նվազագույն կարիքները, այլ՝ երեխայի հետ կապ չունեցող ծախսերը:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պետք չի տարանջատում մտցնել գյուղաբնակ ու քաղաքաբնակ մայրերի մեջ ու նպաստ տալ միայն գյուղաբնակ չաշխատող մայրերին:
ԱԺ առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ այս նախագիծը, ճիշտ է, վերարտադրողական վարքի վրա ազդեցություն չի ունենա, բայց սոցիալական առումով կունենա: Թե ինչու են գյուղաբնակ ու քաղաքաբնակ մայրերի նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերում՝ Զեյնալյանն ասաց, որ քաղաքում կանանց տնտեսական ակտիվությունը շատ ավելի բարձր է, քան գյուղական բնակավայրերում:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանն առաջարկեց, որ ավանդ դրվի այդ գումարը, 18 տարին լրանալուց հետո նոր տնօրինեն:
«Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանն ասաց, որ ծնողը երեխայի համար մանկական սայլակ գնելու, օրորոց գնելու խնդիրներ ունի, տակդիրներ եւ այլն. «Այս գումարը պետությունն այդ նպատակով է սկսել տալ: Մեզնից շատերը ՀԽՍՀ-ում են ծնվել ու իմ հաշվին էլ ծնողներս որոշակի գումար դրել են: Հայաստանի անկախ հանրապետությունում ես ստիպված եղա այդ գումարի մասին մոռանալ, որովհետեւ համակարգը փլուզվեց: Այսօրվա մեր սերնդին շատ դժվար է համոզել, որ այս պահին երեխայի համար սոցիալական խնդիրները դնենք մի կողմ, 18 տարեկանում կապիտալ ստեղծենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ