Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ ինչ հայտարարել են, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում օգտվել սոցաջակցության ծրագրերից, կարող են իրենց դիմել խորհրդատվության համար` այդ օրվանից իրենց դիմել են հարյուր հազարավոր քաղաքացիներ. «Հատուկ շեշտում եմ՝ հարյուր հազարավոր քաղաքացիներ՝ հատուկ նախկին համեստ ընդդիմադիր, իսկ այժմ պաշտոն ստացածների համար, ովքեր կարծում են, որ մեզ չեն կարող զանգել հարյուր հազարավոր քաղաքացիներ: Այս օրերին հավաքագրվել է տեղեկատվություն, որը կողմնորոշիչ կարող է լինել նախարարության համար: Մենք զարմացած ենք, թե ինչու մինչեւ հիմա չկան ուղեցույց տեսահոլովակներ, որոնք կբացատրեն, թե ինչպես դիմեն այդ ծրագրերին: Ծրագրերը գրված են խրթին, մարդկանց համար տարընթերցումների տեղիք են տալիս: Մարդիկ չգիտեն՝ իրենք միայնա՞կ մայր են համարվում, թե՞ ոչ, մարդիկ չգիտեն, թե հանրային ծառայությունների համարանիշը որն է, մարդիկ չգիտեն, թե որտեղից ձեռք բերեն տեղեկանք: Երկրորդ՝ համակարգը լավ չի աշխատում: Ես հասկանում եմ, որ կան շատ քաղաքացիներ, ովքեր միաժամանակ փորձում են մուտք անել իրենց տվյալները, բայց այն, որ համակարգը լավ չի աշխատում, լրացուցիչ սթրես ու խուճապ է ստեղծվում»:
Անի Սամսոնյանն ասաց, որ ծրագիրը վերանայելու կարիք ունի, մարդիկ են եղել, որ ապրիլի առաջին կեսին են մնացել առանց աշխատանքի ու դա եւս արտակարգ դրության հետեւանք է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ