Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Ռեւազյան. «Զեկույցը կարող է ոչ բարեկամ պետությունների ձեռքում հայտնվել»

Ապրիլ 14,2020 17:30

«Երբ մեր ավիաընկերությունները դիմեցին, որպեսզի թռիչքային թույլտվություն ստանան դեպի Եվրոպա, ոչ բոլորն էին պատրաստ, եւ այդտեղ են թերություններն արձանագրվել: Բայց ուզում եմ բոլորիս համար պարզ լինի՝ մենք ընդունում ենք, որ դա քաղավիացիայի կոմիտեի հիմնական թերությունն է, որովհետեւ, եթե մենք օրինակ՝ տեսչական ստուգումների ընթացքում նկատեինք եւ արձանագրեինք, որ այս ավիաընկերությունը խնդիր ունի, եւ կասեցնեինք թռիչքները, ինքը չէր էլ կարողանա դիմել Եվրոպայի չվերթներին: Մենք պետք է առաջինը նկատեինք, որ ավիաընկերությունը խնդիր ունի, եւ ճիշտ չէ, երբ ավիաընկերությունը դիմում է Եվրոպա, նոր հասկանում ենք, որ խնդիր ունի: Եվ մենք հասկացանք՝ այդ մոտեցումը խնդիր է եղել մեր մոտ»,-այսօր այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն՝ անդրադառնալով ՔԱԿ-ի շուրջ ստեղծված աղմկահարույց խնդրին, ըստ որի, թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը հնարավոր է արգելի դեպի ԵՄ հայկական ավիաընկերությունների թռիչքը:

Ռեւազյանը վստահեցրեց՝ անձամբ է խնդրել, որպեսզի վերահսկողական մարմինը գա եւ ստուգի ՔԱԿ-ի բոլոր գործառույթները. «Որպեսզի հասկանանք՝ մեր բացթողումները որտե՞ղ են եղել, ինչո՞ւ են եղել, եւ ինչպե՞ս էր դա հնարավոր: Համաձայն եմ, ընդհանուր համակարգը խնդիր ունի: Բայց ավիաընկերությունը եթե խնդիր ուներ, ինքն էլ պետք է արձանագրեր, ու շղթան տարբեր տեղերում է»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից` Ռեւազյանի տեղակալ Գալուստ Պողոսյանն էլ անդրադառնալով միջազգային կառույցների ՀՀ ՔԱԿ-ում ստուգումներին ասաց՝ 42 դիտողություն են ներկայացրել, 18-ին պատասխանել են:

2011-ին նմանատիպ խնդիրներ են եղել նաեւ ԱՄԷ-ի հետ, Ռեւազյանն ասաց՝ ԱՄԷ-ից էլ այդ տարի եկել էին ՀՀ եւ քաղավիացիայում ստուգում են արել, որովհետեւ նույնպես նկատել էին թերություններ. «Եվ մինչ այսօր ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունն իրավունք չունի չվերթ իրականացնել Էմիրություններ: Հաշվի առնելով, որ խնդիրը խորքային է, պետք է քաղաքականացնել խնդիրը, կամ փորձել մեղավոր փնտրել, սա սխալ է, ճիշտն այն է, որ մենք պատրաստ ենք թերությունները վերացնել»: Ռեւազյանն ասաց, որ ապրիլի 6-ին իրենց դիտողություններն ուղարկել են միջազգային կազմակերպությանը:

Պողոսյանն անդրադառնալով Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության զեկույցի հրապարակման պահանջին, ասաց` այն նախնական տարբերակն է. «Փորձեմ նկարագրել այս ամենի ձեւաչափը՝ զեկույցը բաղկացած է 4 մասից՝ A, B, C, D: 1-ին մասը, կարելի է ասել, ընդհանուր ներկայացումն է. թե ով է եկել այցի, ուր են գնացել, ինչ ժամկետներում: 2-րդ մասը վերաբերում է կոմիտեի դիտարկումներին: 3-րդ մասը մեկ ավիաընկերությանը, եւ 4-րդ մասը՝ մյուս ավիաընկերությանը: Ընդ որում, առաջին մասում հստակ գրված է, որ կոմիտեն տրամադրում է ավիաընկերություններին միայն առաջին մասը եւ իրենց վերաբերող մասը: Եվ չի տրամադրում կոմիտեին վերաբերող մասերը, եւ չի տրամադրում ավիաընկերությունների վերաբերյալ դիտարկումները: Սա արդեն իսկ նշանակում է, որ այն հրապարակման ենթակա չէ… Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության դիտարկումներն ուղղված են եղել միայն ավիաընկերությունների հետ համագործակցության հարցերին եւ թռիչքների անվտանգությանը: Մենք ինքներս որոշ հատված ներկայացրել ենք ավիանավիգացիոն ու ավիադրոմների ոլորտից: Զեկույցում որեւիցե անդրադարձ դրա վերաբերյալ չկա: Ես կարող եմ արձանագրել ու հայտարարել, որ օդանավակայանն իրականացնում է իր գործառույթները բարձր մակարդակով՝ ապահովելով ամբողջ ծավալի թռիչքների անվտանգությունը»:

Ռեւազյանն ավելացրեց՝ 2015 թվականին Միջազգային քաղավիացիան նույնպես Հայաստանին վերաբերող իր զեկույցն ամբողջովին չի հրապարակել. «Խնդիրն այն չէ, որ մենք թաքցնելու բան ունենք, որովհետեւ իրականում այն տեխնիկական զեկույց է, եւ մենք խնդիր չունենք: Գիտենք, որ մենք լուրջ խնդիրներ ունենք եւ այդ խնդիրները պետք է լուծենք, եւ նշված չէ՝ վերջին երկու տարին է, հինգ տարին է, թե տասը տարին է: Նման հատված զեկույցում չկա: Եվ կարեւոր է, որ այդ փաստաթուղթը սխալ ձեռքերում չհայտնվի: Այն կարող է ոչ բարեկամ պետությունների ձեռքում հայտնվել, եւ ես արդեն չեմ կարող գնահատական տալ, թե ինչ կկատարվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930