Համացանցային և հեռուստատեսային լրատվամիջոցներում տարածվեցին ոստիկանության Սիսիանի բաժնի պետի կողմից բռնությունների ենթարկված պապիկի լուսանկարներն ու տեսանյութերը։ Դրան հետևեցին լուրեր այն մասին, որ Սիսիան քաղաքի մի շարք այլ բնակիչներ ևս հաղորդումներ են ներկայացրել Գարիկ Մուրադյանի կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ:
Առաջին հայացքից այն տպավորությունը ստեղծվեց, Գարիկ Մուրադյանը սադիստ, մոլագար է, ով նստած իր աշխատասենյակում սպասում է թե, ով պետք է գա բաժնի շենք, որպեսզի նրա նկատմամբ բռնություններ կիրառի։ Հենց այս տպավորությանն էին ձգտում բռնությունների մասին լուրեր տարածողները և տուրք տալով ճշմարտությանը՝ կարելի է ասել, որ նրանք հասան կարճաժամկետ արդյունքի։
2019թ. օգոստոսի 14-ից Գարիկ Մուրադյանը նշանակվել է ոստիկանության Սիսիանի բաժնում որպես օպերատիվ գծով տեղակալ և համատեղության կարգով իրականացրել է ոստիկանության բաժնի պետի պարտականությունները։
Ոստիկանության երիտասարդ ու խոստումնալից կադրային աշխատող, որն ավարտելով ոստիկանության ակադեմիան աշխատել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, զբաղեցրել տարբեր պաշտոններ։ Վերջին պաշտոնում նշանակվելուց հետո անհաշտ ու խիստ պայքար է մղել հանցավորության դեմ, բացահայտել մի շարք աղմկահարույց դեպքեր, խոշոր չափերի հասնող հափշտակություններ։ Վերոգրյալը, բնականաբար, չէր կարող ընդունելի համարվել մի շարք անձանց համար և Մուրադյանն, ըստ էության, իր այս սկզբունքային կեցվածքի համար անհաճո անձ էր դարձել որոշ շրջանների համար։
Կարդացեք նաև
Ներկայացնում ենք իրադարձությունների ժամանակագրությունը, որից հետո յուրաքանչյուրն ինքը կարող է վերլուծություններ կատարել է պարզել կապը ճշմարտության ու Գ․Մուրադյանին մեղսագրվող արարքների միջև։․
1․2020թ ապրիլի 07-ին ժամը 13․10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան քաղաքի հատվածում լեյտենանտ Կարեն Ղազարյանը՝ ի կատարումն պարետի 31․03․2020թ թիվ 27 որոշման, կանգնեցրել է Վազ 2121 մակնիշի ավտոմեքենա և խնդրել ներկայացնել անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը։ Ավտոմեքենայի վարորդ Արմեն Հարությունյանը և ուղևոր Մարտին Հարությունյանը դրանք չեն ներկայացրել։ Երբ ոստիկանը տեղեկացրել է, որ պետք է իրականացվի վարչական վարույթ և կազմվի արձանագրություն, Հարությունյանները չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին՝ հեռացել են։
2․Կարճ ժամանակ անց նույն ավտոմեքենան կրկին վերադարձել է հենակետի մոտ և այն ժամանակ, երբ Կարեն Ղազարյանը կանգնեցրել է ավտոմեքենան և հայտնել վարչական վարույթ իրականացնելու անհրաժեշտության մասին, ավտոմեքենայի ուղևոր Մարտին Հարությունյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ողջ ոստիկանության՝ ի մասնավորի նաև Կարեն Ղազարյանի հասցեին և հայտարարել, որ շարունակելու դեպքում կիջնի և կապտակի նրան, որից հետո ավտոմեքենայով հեռացել են։
3․Կատարվածի մասին, սահմանված կարգով զեկուցելուց հետո, 2020թ ապրիլի 07-ին, ժամը 14․10-ի սահմաններում, մի շարք ոստիկաններ, ծառայողական երկու ավտոմեքենաներով մեկնել են Շաքի գյուղ՝ Մարտին Ամիրխանյանին պատկանող դիզ․վառելիքի վաճառքի կետից, նրան և Արմեն Հարությունյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու, պարետի որոշման խախտման և ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար, համապատասխան վարույթ իրականացնելու նպատակով;
4․Վառելիքի վաճառքի կետում գտնվել են 3 հոգի։ Գարիկ Մուրադյանը հարցրել է թե, ով է հանդիսանում Մարտինը և ինչո՞ւ չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, ինչին՝ Մարտին Ամիրխանյանը հեգնել է։ Երբ փորձել են Մ․Ամիրխանյանին նստեցնել ավտոմեքենան և բերման ենթարկել, Արմեն Հարությունյանը խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողություններին, իսկ Մարտին Հարությունյանի հայր Մայիս Հարությունյանը սեռական հայհոյանքներ է տվել Գարիկ Մուրադյանի հասցեին, ինչին վերջինս որևէ արձագանք չի տվել։
5․2020թ ապրիլի 07-ին ժամը 14․45-ին, այդ անձանց բերման ենթարկելուց մի քանի րոպե անց ոստիկանության Սիսիանի բաժին է եկել Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և բարձր տոնայնությամբ անախորժ խոսակցություն է ունեցել Գ․Մուրադյանի հետ՝ Հարությունյաններին ոստիկանության բաժին բերման ենթարկելու կապակցությամբ:
Այստեղ անհրաժեշտ է կարևորել, որ եթե քաղաքապետի հետ խոսակցությունը կրեր բարիդրացիական բնույթ, Գարիկ Մուրադյանը ենթարկվելով հորդորի ազատ արձակեր ոստիկանների կողմից բերման ենթարկված անձանց, ապա սրան չէին հաջորդի հետագա գործողությունները և Գարիկ Մուրադյանը չէր ներկայացվի որպես բռնակալ։ Սակայն, Գարիկ Մուրադյանը՝ հանդիսանալով սկզբունքային ոստիկան, ոչ միայն անհապաղ ազատ չի արձակել բերման ենթարկված անձանց, այլև՝ իրականացվել է վարչական վարույթ և այդ անձինք ենթարկվել են 100․000 դրամ վարչական տուգանքի։
6․Քաղաքապետի հեռանալուց անմիջապես հետո, 2020թ․ ապրիլի 07-ին ժամը 15․30-ի սահմաններում, ոստիկանության Սիսիանի բաժնի շենքի դիմաց են հավաքվել շուրջ 50-60 անձինք և ագրեսիվ վարքագիծ դրսևորելով՝ սկսել են բղավել, սեռական հայհոյանքներ տալ ոստիկանության հասցեին։
7․Հիշյալ անձանց գործողությունները փորձել են հանդարտեցնել ոստիկանության աշխատակիցներ Կարեն Ջահանգիրյանը և Սամսոն Ասրյանը, սակայն հավաքված անձինք քաշքշել և ֆիզիկական բռնություն են գործադրել այդ անձանց նկատմամբ։ Դեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասով, քննություն իրականացվում է Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից։
8․2020թ ապրիլի 20-ին ժամը 16-ի սահմաններում Սիսիանի ԲԿ են դիմել Հարությունյանները և հայտնել, որ իրենց վրա առկա են մարմնական վնասվածքներ, որոնք ստացել են ոստիկանների կողմից իրենց բերման ենթարկելու ժամանակ։
Ըստ մեզ հասած տեղեկությունների և ըստ հիշյալ անձանց հաղորդումների, նրանք իրենց ենթադրյալ մարմնական վնասվածքները ստացել են բերման ենթարկելու ժամանակ։ Եթե անգամ ընդունենք, որ այդ անձանց վրա առկա են մարմնական վնասվածքներ, եթե անգամ ընդունենք, որ դրանք պատճառվել են անձանց բերման ենթարկելու ժամանակ, ապա հիշյալ գործողությունն իրավաչափ է քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը հանցանք կատարած անձին վնաս է պատճառել նրան՝ իրավասու մարմիններին հանձնելու կամ նրա կողմից հանրության համար նոր վտանգավոր արարք կատարելու հնարավորությունը խափանելու նպատակով բռնելիս, եթե դրա համար անհրաժեշտ միջոցների սահմանների անցում թույլ չի տրվել»:
9․2020թ ապրիլի 07-ին ժամը 19-ի սահմաններում Սիսիանի ԲԿ է դիմել Սիսիան քաղաքի բնակիչ Գառնիկ Վոլոդյայի Սիմոնյանը՝ դեմքի շրջանում առկա մարմնական վնասվածքներով և հայտնել, որ 2020թ ապրիլի 06-ին ժամը 10-ի սահմաններում իրեն ծեծի է ենթարկել Գարիկ Մուրադյանը։
Գ․Սիմոնյանը ոստիկանության բաժին բերման է ենթարկվել գողության կատարման կասկածանքով և նյութերի նախապատրաստման ընթացքում խոստովանական բացատրություն տվել իր կողմից գողություն կատարելու վերաբերյալ։
2009թ. դատապարտվել է կողոպուտի համար։
10․2020թ ապրիլի 08-ին Սյունիքի մարզի դատախազին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2020թ մարտի 23-ին Գ․Մուրադյանն իրեն ծեծել և սպառնալիքներ է գործադրել իր նկատմամբ։
2020թ․ մարտի 23-ին Գուրգեն Ռոբերտի Վարդանովի քույրը հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության Սիսիանի բաժնում, եղբոր նկատմամբ բռնություն է գործադրվել։ Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքում Գ․Վարդանովն ու քույրը հերքել են բռնությունների հանգամանքը։ Միաժամանակ Գ․Վարդանովը խոստովանական ցուցմունքներ է տվել իր կողմից, բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մասին։ Հաղորդման վերաբերյալ 2020թ ապրիլի 03-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին։
11․2020թ ապրիլի 08-ին Արամ Ռազմիկի Զիլֆուղարյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ հունվարի 26-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Գ․Մուրադյանը սպառնացել և վիրավորել է իրեն։
Սպանության սպառնալիքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, նախապատրաստվել են նյութեր, ուղարկվել է քննչական բաժին և բողոքի բացակայությամբ մերժվել է։
Գ․Մուրադյանի կողմից կատարված ենթադրյալ բռնությունների դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Գ․Մուրադյանին մեղադրանք առաջադրված չէ և նա որևէ դատավարական կարգավիճակ չունի։
Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիսիանի ոստիկանապետի պաշտպան