«Ես ոչ մի պաշտոնում ինձ չեմ տեսնում, միայն ուզում եմ, որ երկիրը զարգանա, ուժեղ բանակ ունենանք, որ չբերենք` 18 տարեկան երեխաներին, և առաջին գծում զոհվեն»,- Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի այն, որ երկրորդ փուլով է ընթանում ընտրությունը, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Եթե առաջին փուլով չեն ավարտվել ընտրությունները, երկրորդ փուլով պետք է ավարտվեն, չէ՞, թե՞ թողնենք, որ չլինեն ընտրություններ: Ես նորմալ եմ գնահատում»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ է ընտրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն թեկնածուն, որին իր քաղաքական ուժը սատարել է առաջին փուլում, ընտրություններին չի մասնակցում և կոչ է արել մյուսներին էլ չմասնակցել, Սամվել Բաբայանն արձագանքեց. «Դա իր իրավունքն է: Մենք դա չենք քննարկում: Ընտրությունն արել եմ երկրի ապագա զարգացման համար»:
Հարցին՝ Ձեր և Մասիս Մայիլյանի հարաբերություններն ինչպիսի՞ն են, Սամվել Բաբայանը պատասխանեց՝ հոյակապ: Նա նաև վստահեցրեց, որ առաջին փուլից առաջ Մասիս Մայիլյանի հետ կապված որևէ հայտարարություն չի արել և հայտարարություն է արել միայն Մասիս Մայիլյանի հայտարարությունից հետո: Լրագրողների հստակեցմանը՝ սատարո՞ւմ եք Մասիս Մայիլյանին, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Եթե նա ընդհանրապես չի մասնակցում, հրաժարվել է, ի՞նչ եմ սատարում: Իսկ մեր ընտրազանգվածին տվել ենք ինքնուրույնություն՝ իրենք կամավոր որոշեն: Քվեարկել եմ Մասիսի Մայիլյանի օգտին՝ տենց ձե՞ ռ է տալիս ձեզ»:
Կարդացեք նաև
Սամվել Բաբայանն այդպես էլ հստակ չպատասխանեց, թե ինքն ում օգտին է քվեարկել: Նա միայն ասաց, որ պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ, եթե համագործակցության եզրեր լինեն:
Հարցին՝ կա՞ մի պաշտոն, որին ձգտում է, Սամվել Բաբայանն այսպես պատասխանեց. «Անընդհատ պաշտոնի կռիվ են տալիս: Քաղաքական այն ուժերը, որոնք պաշտոնի կռիվ են տալիս, նրանց հարկավոր է շպրտել դուրս: Կարող եք նայել մեր հայտարարությունները, մենք ամբողջը տարել ենք գաղափարական, մենք չենք գնացել պաշտոնի կռվի»:
Դիտարկմանը՝ իր քաղաքական ուժը խորհրդարանում երկրորդն է և հարցին՝ այն պայմաններում,երբ ամբողջ աշխարհում ամեն ինչ փակվում է, հետաձգվում է, իրենց քաղաքական ուժը ինչո՞ւ հանդես չեկավ ընտրությունների երկրորդ փուլը չեղարկելու հայտարարությամբ, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Այս հիվանդությունը, որ կա, դա մի քիչ ավելի շատ ուռացրած է, քան ինքը գոյություն ունի: Որոշ երկրներ էլ մոտ ժամանակներս անհապաղ նորից կվերադառնան նորմալ կյանք, իմաստ չունի, տենց շատ մի մտահոգվեք»:
Իսկ ՀՀ կառավարության՝ արտակարգ դրությունը երկարացնելու որոշման մասին ասաց. «Ես այդ որոշումը գնահատում եմ պարտադրված: Պանիկան ընկնում է հասարակության մեջ, ուստի պարտադրված քայլ է արել: Չեմ համարում, որ դա պետք է շարունակվի»:
Հիշեցմանը՝ տեսակետներ կան, որ Մասիս Մայիլյանի օգտին քվեարկածների մեծամասնությունը եղել է Սամվել Բաբայանի ընտրազանգվածը, Սամվել Բաբայանն արձագանքեց՝ վստահեցնելով, որ ոչ ոք չի կարող ասել՝ 17-18 հազար մարդ իր կոչո՞վ է ձայն տվել, թե՞ ինքնուրույն:
Դառնալով Գառնիկ Իսագուլյանի այն պնդումներին, թե Սամվել Բաբայանի և Մասիս Մայիլյանի մուտքը Մոսկվա արգելված է, Սամվել Բաբայանն ասաց. «Իսագուլյանի հետ անպայման մուտք եմ գործելու Մոսկվա. ձեռքից բռնելու եմ, էրեխուն տանեմ քաղաք, բերեմ: Իրականությանը չի համապատասխանում այդ հայտարարությունը, որ կգնանք, կտեսնեք»:
Լրագրողների հարցին՝ Արայիկ Հարությունյանի հետ Արցախը Հայաստան է և վերջ օրակարգով պատրա՞ստ է համագործակցել, Սամվել Բաբայանն արձագանքեց՝ պնդելով, թե Արայիկ Հարությունյանը նման բան չի ասել ու շարունակեց, թե ինքն արդեն երեսուն տարի է դա ասում:
Իսկ թե ի՞նչ հարաբերություններ ունի ՀՀ իշխանությունների հետ, մանավանդ, մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե իրեն գործուղել են Արցախ, Սամվել Բաբայանն այս առիթով նշեց. «Ինձ ոչ մեկ ոչ մի տեղ գործուղել չի կարող: Նրանք, որոնք տարածում են այս ամենը, իրենց սաղ կյանքը իրենց միշտ գործուղել են. պատճառը դա է: Ես Հայաստանի իշխանությունների հետ, ում ճանաչում եմ, նորմալ բարիդրացիական հարաբերություններ ունեմ: Ովքեր նոր են, իրենց հետ չեմ շփվել, սա էլ խնդիր է, չգիտեմ՝ նրանք կարծիքը ոնց են ձևակերպում: Ես որևէ մեկի գործուղման չեմ ենթարկվում, ես ազատ անձ եմ և անում եմ այն քայլերը, որոնք ճիշտ եմ համարում իմ երկրի համար»:
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին որպես լիիրավ անդամ, Սամվել Բաբայանն այսպես արձագանքեց. «Ճիշտ է անում, ո՞վ է դեմ: Բազմիցս ձևակերպել եմ, որ 1999-ին Արցախի իշխանությունները վաճառքի են հանել, իրենց իրավունքը տվել ՀՀ իշխանություններին: Առքուվաճառք է եղել»: Ինչու՞ չի կանխվել վաճառքը, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ես բանտում եմ եղել, ձեզնից կհարցնեի՝ ինչո՞ւ չեն կանխել: 1999-ին ինչո՞ւ են ինձ գործից ազատել, ձերբակալել, որ այդ ինքնուրույնությունը ստանան և այդ առևտուրն անեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սամվել ԲԱԲԱՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից