Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղաբնակ չաշխատող մայրերն էլ են երեխայի նպաստ ստանալու՝ ամսական 26.500 դրամ

Ապրիլ 14,2020 17:04

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարել ու ընտանեկան դրամագլխի հետ կապված կարգավորումները արդիականացնել:

Նա ասաց, որ 3 երեխա ունենալու դեպքում 1 մլն դրամ նպաստ են տալիս, 5-ից հետո ծնված երեխաների դեպքում նպաստը 1.5 մլն դրամ է, բայց այդ գումարը ծնողը միանվագ չէր ստանում, այլ՝ մաս-մաս. «Կյանքը ցույց է տալիս, որ գումարը ամսական ստանալու դեպքում գլոբալ ծախսեր, օրինակ, հիփոթեքի ծախսերը հնարավորություն չկա միանգամից փակելու: Հետո դիմումներ գրել, ամեն ամիս գնալ այդ գումարը ստանալ, այս ամբողջ վարչարարությունը դուրս է գալիս: Կառավարությունը հավանություն է տվել սրան, երկրորդ առաջարկին՝ չի տվել: Գիտեք, որ երեխայի ծնվելու ժամանակ 18 հազարական դրամ էին ստանում աշխատող մայրերը: Հուլիսի 1-ից դա դառնում է 26.500 դրամ: Մենք առաջարկում ենք, որ բոլորը ստանան, նաեւ չաշխատող, գյուղաբնակ մայրերը, մինչեւ երեխան դառնա 1 տարեկան: Կառավարությունն այս դրույթը մերժում է երկու շարժառիթով, մեկն այն է, որ իրենք արդեն իսկ նախատեսում են «Պետական նպաստների» օրենքում փոփոխություն, հուլիսի 1-ից միայն գյուղաբնակ չաշխատող մայրերի համար կնախատեսվի 26.500 դրամները, իսկ քաղաքաբնակների համար՝ ոչ: Կառավարությունն ասել է, որ հետագայում նաեւ քաղաքաբնակ մայրերի համար դա կնախատեսեն»,- ասաց Մելքումյանը:

Նա նշեց, որ տարեկան ՀՀ-ում ծնվում է 36-37 հազար երեխա. «Տասնյակ հազարավոր մայրեր միանգամից 1 մլն դրամը ստանալու են, սա լուրջ աջակցություն կլինի ճգնաժամային այս իրավիճակում, որ կարողանան կարդինալ, լուրջ հարցեր լուծել»:

«Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանն ասաց, որ հանձնաժողովում հարցի քննարկումը բարի մթնոլորտում է անցել, լավ նախագիծ է, դա երեւացող գումար է ու ծնողը միանվագ ստանալով՝ ավելի լուրջ հարցեր կարող է լուծել, քան ամսական 50 հազարական դրամ ստանալով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց՝ նախագիծը երեխայի նպաստի էությունը չի՞ խաթարում, որովհետեւ այն ամեն ամիս են տալիս, որ կարողանան երեխայի նվազագույն սոցիալական կարիքները հոգալ ու եթե ծնողին հնարավորություն են տալիս միանգամից վերցնելու այդ գումարը, այդ գումարով ընտանիքի կարիքներն են լուծվելու, որոնք երեխային չեն վերաբերում: Փոխնախարարը պատասխանեց, որ թե ծնողը հնարավորություն ունի գումարը ստանալու եւ առօրեական խնդիրները լուծելու, այդտեղ որեւէ խնդրահարույց բան չեն տեսնում:

«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ հարցրեց՝ կա՞ սահմանված պահանջ, որ երեխայի միանվագ նպաստը ստանալու դեպքում ծնողը գումարը չի կարող ծախսել, ենթադրենք, բնակարանի վերանորոգման, շարժական կամ անշարժ գույք ձեռք բերելու համար: Փոխնախարարը պատասխանեց, որ գումարը տալիս պայմաններ դրված են եղել, բայց այս նախագծով որեւէ պայման չեն դնում, որովհետեւ չեն կարողանա վերահսկել, թե ծնողն ինչի վրա ծախսեց գումարը. «Շարժվում ենք այն կանխավարկածով, որ յուրաքանչյուր ծնող շահագրգիռ է ու հատկացված միջոցները կծախսի ի շահ երեխայի»:

«Իմ քայլից» Արտակ Մանուկյանն առաջարկեց ցպահանջ ավանդ դնել այդ գումարը ու ծնողը երբ կուզենա, ինչպես կուզենա, կկանխիկացնի: Փոխնախարարը պատասխանեց, որ նպաստը վճարվում է ծնողի ցանկացած եղանակով, եթե որեւէ ծնող կցանկանա ցպահանջ ավանդի տեսքով դա լինի կամ փոխանցվի իր բանկային հաշվին, այդպես էլ կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930