Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն պատրաստ են ավարտական աշխատանքների պաշտպանություններն առցանց կազմակերպելու ուղեցույցները. ԵՊՀ պրոռեկտոր. «Ա1+»

Ապրիլ 14,2020 17:00

Արտակարգ իրադրությունը երկարացվեց մինչեւ մայիսի 14-ը։ Այս պայմաններում ինչպե՞ս են ընթանում դասերը ուսումնական հաստատություններում, ինչպե՞ս են անցնելու քննությունները։

Կորոնավիրուսի պայմաններում Երևանի պետական համալսարանի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ «Ա1+»-ը հարցեր է ուղղել ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանին։

– Տիկի՛ն Ասրիյան, համալսարանում այժմ ինչպե՞ս են անցկացվում դասընթացները, քննությունները։

-ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո համալսարանն անցավ դասավանդման առցանց ձևաչափին: Իրականում ԵՊՀ-ում մի քանի տարի է, ինչ գործում է «Moodle» համակարգը, և որոշ դասախոսներ արդեն իսկ ունեցել են դասավանդման այս ձևաչափի փորձառություն: Նշեմ, որ միայն անցյալ կիսամյակում ԵՊՀ-ում 200 դասընթաց իրագործվել է առցանց: Իհարկե, ճգնաժամը նպաստեց առցանց իրականացվող դասընթացների թվաքանակի կտրուկ աճին:

Այսպես միայն «Moodle» հարթակի վիճակագրական տվյալների համաձայն՝ այսօր 705 դասընթացում ունենք ակտիվացրած «Bigbluebutton» վեբինարը։ Բուհի ուսուցման կառավարման առցանց հարթակում, բացի արդեն առկա առցանց դասախոսությունների իրականացման «Bigbluebutton» համակարգերից ինտեգրվել է նաեւ «Zoom» (վիդեոկոնֆերանս, վեբկոնֆերանս) գործիքը։ Խնդիրներից մեկն այն էր, որ և դասախոսները, և ուսանողները քիչ էին օգտագործում իրենց համալսարանական էլեկտրոնային հասցեները, հետևապես պարբերաբար թարմացվող տեղեկատվության, ստեղծված իրավիճակի արդյունքում փոփոխվող կարգերի հասանելիության ապահովումը բարդ էր, սակայն մեկ-երկու շաբաթվա մեջ վերականգնվել է ավելի քան 2200 էլ-հասցե և գաղտնաբառ, որի շնորհիվ մեր ուսանողների և դասախոսների հետ հաղորդակցումը դարձավ ավելի արդյունավետ:

– Ավարտական աշխատանքների համար ի՞նչ ժամկետներ են սահմանվել, ե՞րբ են տեղի ունենալու պաշտպանությունները, ի՞նչ ձևաչափով, ուսանողները կարողանում են պատրաստվել։

– Նոր ստեղծված պայմանները բարդ են և սթրեսածին և՛ ուսանողների, և՛ դասախոսների համար, և իրավիճակը հաղթահարել կարող ենք միայն միասին, բայց որ կարող ենք հաղթահարել, դա հաստատ է: Ավարտական աշխատանքների պաշտպանությունները տեղի են ունենալու մայիսի 4-ից հետո․ ձևաչափը դեռ քննարկման փուլում է: Սակայն այս պահին մենք ադապտացնում ենք մեր հարթակներն առցանց պաշտպանությունների համար: Փորձնական ճանապարհով 2 ֆակուլտետում նախապաշտպանությունը կազմակերպելու ենք «Մուդլ» հարթակի միջոցով, որպեսզի հասկանանք՝ ինչ խնդիրներ կարող են ծագել և լուծել այդ խնդիրները: Այս հարթակը հնարավորություն է տալիս ներբեռնել և՛ ավարտական աշխատանքը, և՛ գրախոսականը, և՛ գիտական ղեկավարի կարծիքը, և՛ պրեզենտացիան, որպեսզի հանձնաժողովի անդամներին այդ ամենը հասանելի լինի: Արդեն պատրաստ են պաշտպանություններն առցանց կազմակերպելու համար անհրաժեշտ ուղեցույցները (որոնք դեռ կուղարկվեն բոլորին) և՛ ուսանողների, և՛ հանձնաժողովի անդամների համար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930