Ազգային ժողովում քննարկվում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Այն վերաբերում է քրեակատարողական հիմնարկներ պատգամավորների այցելությանը: Գործող օրենքով միայն մուտք ու ելք է թույլատրվում, բայց կալանավորների հետ տեսակցություն չեն թողնում:
«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը. «Այսօր Արման Աբովյանն ասեց, որ ես փայլուն իրավաբան եմ: Ես էլ շարունակեմ կոմպլիմենտները, պարո՛ն Մարուքյան, իրոք, դուք էլ փայլուն մանիպուլյատոր եք, երեւի այդպես փայլուն մանիպուլացնել երկրորդ քաղաքական գործչին տրված չի»:
Նա ասաց, որ ԼՀԿ պատգամավորները մի քանի անգամ ապակողմնորոշել են. «Վեր եք կենում, ասում եք՝ տեսակցելու մասին չի խոսքը, պատգամավորը տեսակցող չի: Բա եթե տեսակցության մասին չի, ինչի՞ եք տեսակցության 15-րդ հոդվածում փոփոխություն նախատեսող նախագիծ բերում: Կարո՞ղ է տեղյակ չեք ձեր ֆրակցիայի ներսում ինչ նախագիծ է ձեր հիմնական զեկուցողը հանձնաժողովում զեկուցում, հիմա ուրիշ բան եք ասում: Հիմա դուրս եք գալիս ու մեզ մեղադրում եք Հրայր Թովմասյանի վարած քաղաքականությունը շարունակելու մեջ: Դուք չունեք նպատակ, որպեսզի լավ նախագիծ ընդունվի, ունեք նպատակ ելույթ ունենալու ու «Իմ քայլը» խմբակցությանը ներկայացնելու՝ որպես ՀՀԿ-ի քաղաքականության հետեւորդներ ու նույն գաղափարն առաջ տանողներ»:
Կարդացեք նաև
Սուրեն Գրիգորյանն առաջարկեց նախագիծը նորից առաջին ընթերցում վերադարձնել, մտահոգող հարցերը նորից քննարկել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ