Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարացնում եմ «Նեմեսիս»-ը կամ լայքում Թալիշ մտած ադրբեջանցիների դիերի տեսանյութը. հիմա ես արդարացնո՞ւմ եմ բռնությունը». Աբովյան

Ապրիլ 14,2020 16:00

«Ցավոք, օրենքը մեկնաբանությունների առիթ է տալիս, որոնք հակառակ ազդեցություն կարող են ունենալ: Չեմ հենվի ողջամտության դրվագի վրա, չոր օրենքի մասին եմ ասում: Մի օրինակ բերեմ՝ ես արդարացնում եմ «Նեմեսիս» գործողության մեր տղերքին, երբ ոչնչացվեցին թուրքական կառավարության ղեկավարները: Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթ փաշային, որովհետեւ նա կարծում էր, որ հայերը պետք է ոչնչացվեն: Իհարկե, սուր օրինակ եմ բերում, բայց բոլոր հնարավոր տարբերակների վրա պետք է հիմնվել»,-ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով բռնության հրապարակային կոչը եւ բռնության կոչի արդարացումը քրեականացնող օրինագծին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:

«Կամ, ես «լայքում» եմ գրառում այն մասին, երբ 2016թ. ապրիլին տեսա հրապարակում, որում ադրբեջանցի գրոհայինների դիերը փռված էին չեզոք գոտում. նկարում էին եւ ասում՝ «այո, ճիշտ է, որ ոչնչացվել են Թալիշ գյուղին վրա տված ադրբեջանցիները»: Հիմա իմ արածով արդարացնո՞ւմ եմ բռնությունը: Ըստ այս օրինագծի՝ այո: Հասկանում եմ, որ շատ ուռճացված բան եմ ասում, ողջամտության կանխավարկածն էլ եմ հասկանում, բայց կան իրական վիճակներ, որոնք պետք է հաշվի առնել նման օրենքներ ընդունելիս»:

Արման Աբովյանը համաձայն չէ կառավարության այն մեկնաբանության հետ, որ նման օրինագծեր բերելիս ազգային հավատքը կամ արժեքները հաշվի չեն առնվում. «Պետք է հաշվի առնել այն ամենը, ինչը կարող է դիտարկվել այս օրենքի շրջանակում: Օրինագիծը լղոզված է եւ այս տեսքով չի համապատասխանում նպատակներին: Ինչ վերաբերում է եվրոպական օրինակներին, ամեն երկիր ունի իր տեսլականը ու չի կարելի ասել, որ եթե իրենք արել են, մենք էլ պետք է անենք նույն կերպ»:

Արձագանքելով Աբովյանի ելույթին՝ «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը շեշտեց՝ օրինագիծը չի սահմանում, թե բռնության արդարացումը «ֆեյսբուքում» «լայք» դնելն է կամ նեղ շրջապատում արտահայտություն անելը. «Խոսքն ակտիվ գործողությունների մասին է, որոնցով արդարացվում է տեղի ունեցածը»: Վարդանյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ում անձանց խմբերը չպետք է ենթարկվեն բռնության կոչի, եւ օրինագիծը հենց այդ մասին է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930