Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինքնանպատակ չի Արցախում թեստավորում իրականացնելը». Գրիգորի Մարտիրոսյանը` կորոնավիրուսի պատճառով ի հայտ եկած խնդիրների մասին

Ապրիլ 14,2020 15:48

Արցախում թեստավորման հետ կապված հարցերը լուծվում են` ՀՀ իշխանությունների մեծ աջակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Պետնախարարը լրագրողների հետ զրուցել է նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցելուց հետո:

Նախարարը վստահեցնում է` իրավիճակը վերահսկելի պահելու համար կան բոլոր հնարավորությունները: «Ինքնանպատակ չի Արցախում թեստավորում իրականացնելը: Մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ կատարում ենք, ինչ-որ փուլում այդ հնարավորությունը կստեղծվի, բայց որեւէ խոչընդոտ կամ վնաս, որ թեստերը ուղարկում ենք Հայաստան եւ ստանում պատասխան, որեւէ խնդիր այդ առումով չունենք՝ ոչ ժամկետների, ոչ քանակի առումով»,- լրագրողների հարցերին ի պատասխան ասաց պետնախարարը` հավելելով, որ Արցախում կան արագ թեստեր, բայց դրանց վստահելիության, ճշգրտության հետ կապված խնդիրներ կան, ուստի նախընտրելի է թեսթի արդյունքների մշակումը Հայաստանում իրականացնելը:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ քննարկում են Արցախում ազատ տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու հարցը. «Հավանաբար, սկզբից կկիրառվի առանձին տարածքների համար սահմանափակման որոշումներ, անհրաժեշտության դեպքում այն կտարածվի ամբողջ Արցախի վրա»:

Անդրադառնալով տնտեսական բնույթի հարցերին, պետնախարարն ասաց, որ վարկային արձակուրդների հնարավորություն Արցախում կա: Հիշեցնելով, որ Արցախի եւ Հայաստանի ֆինանսական համակարգերը մեկ ամբողջական համակարգի մաս են կազմում, Գրիգորի Մարտիրոսյանն ասաց. «Այսինքն, Արցախում գործում են ՀՀ բանկերի մասնաճյուղերը եւ դրանք առաջնորդվում են Կենտրոնական բանկի ընդհանուր կանոններով: Այդ առումով մենք մեկ դաշտում ենք գտնվում: Երկրորդ, պետական վարկավորման կառույցների միջոցով, օրինակ` Արցախի ներդրումային հիմնադրամի, գյուղի եւ գյուղատնտեսության հիմնադրամի կողմից վարկավորման դեպքում, մենք այդ որոշումն արդեն ընդունել ենք եւ հնարավորություն ենք ստեղծել մեր տնտեսվարող սուբյեկտներին վարկային արձակուրդից օգտվելու համար»:

Պետնախարարը վստահեցրեց, որ այժմ աշխատում են վնասները նվազեցնելու ուղղությամբ: Նա տեղեկացրեց, որ շուտով Արցախի նախագահը կստորագրի սոցիալական բնույթի վնասները չեզոքացնելու միջոցառումների մասին որոշումներ. «Դրանք նախատեսում են գրեթե այն միջոցառումները, որոնք Հայաստանում են կիրառվում: Օրինակ հղի կանանց միանվագ նպաստ, որոնց ամուսինները աշխատանքը կորցրել են եւ այլն: Նաեւ մեր կողմից արդեն շրջանառության մեջ է դրված գյուղատնտեսության ոլորտի թվով 6 միջոցառումներ, որոնք ուղղված են տնտեսական վնասների չեզոքացմանը, ինչպես նաեւ պարենային ապահովության աստիճանի բարձրացմանը, հատկապես այս գարնանացանի ժամանակահատվածում: 1-2 օրվա ընթացքում այդ որոշումները կստորագրվեն եւ կհրապարակվեն»:

Պետնախարարը դեռ վաղ է համարում հնարավոր կորուստների գնահատումը, քանի որ գործընթացը շարունակվում է եւ ամեն ինչ կախված է ճգնաժամի տեւողությունից ու խորությունից: Նա ասաց, որ այժմ վերլուծում են 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքները, որպեսզի իրականացվելիք միջոցառումները հնարավորինս նպատակային լինեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930