Լենան և ընկերները՝ ճշտի և սխալի հետհեղափոխական ծուղակում
Լենա Նազարյանի հայտնի գրառումը՝ 500 հազար աշխատավարձի և հեղափոխական թիմի՝ նվիրյալ չլինելու մասին, աննախադեպ արձագանք ստացավ։ Դա արագ տարածվեց և օրվա ֆոնին շատ լուրջ բացասական ալիք բարձրացավ։
Հետաքրքիր վիճակ է։ ԱԺ փոխնախագահը, մեծ հաշվով, ճիշտ է ասում և բաց է անում բարդ թեմա։ Նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ունենան ապահովվածության որոշակի մակարդակ։ Սա հայտնի խնդիր է, որը աշխարհի տարբեր երկրներում տարբեր լուծումներ է գտնում։ Տարբերակներ կան և կիրառվում են, հակառակ պարագայում որակյալ կադրերը չեն գալու պետական համակարգ, չեն վերցնելու ահռելի ծանրաբեռնվածություն և պատասխանատվություն։
Իսկ որտե՞ղ սխալվեց Լենան, դառնալով մեծ դժգոհության թիրախ, որը հարվածեց նաև ողջ իշխանությունը։ Խոշոր սկանդալի ձևավորման մեջ էական դեր խաղացին հետևյալ գործոնները։
Կարդացեք նաև
ա/ Թիմին բնորոշ՝ չհիմնավորված ագրեսիվությունը՝ այն ոճը, որով 2 տարի խոսում է նոր իշխանությունը։
բ/ Պահը. երբ երկրում կյանքը կանգնած է, ու հարյուր-հազարավոր մարդիկ կանգնած են սնանկության ու սովի առաջ, նման բան ասելու, նման թեմա զարգացնելու իրավունք բարձրաստիճան պաշտոնյան չունի։
գ/ Լենայի թիմը և անձամբ Փաշինյանը 2 տարի է՝ հանդես են գալիս հրեշտակների, փրկիչների, նվիրյալների շղարշով։ Իրենք իրենց այդպես են ներկայացնում։ Ու մի օր, ընդ որում՝ ժողովրդի համար շատ դժվար օր, թիմի առաջատարներից մեկը հայտարարում է, որ իրենք բավականին ռացիոնալ, հաշվենկատ մարդիկ են՝ սեփական շահի հստակ գիտակցումով։
դ/ Պարգևավճարների ավանդույթն իր՝ զավեշտի հասնող չափերով, հաստատվել է գաղտնի որոշումով, ինչն ամենասխալ, անթույլատրելի տարբերակն էր։ Դա պետք է լիներ հասարակության հետ բաց խոսակցության, հիմնավորման արդյունքում։ Եվ այդ դեպքում նախարարներն ու պատգամավորները պարտական և ենթակա կլինեին ոչ թե գաղտնի որոշման հեղինակին, այլ՝ հասարակությանը։
ե/ Լենան և իր թիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, այդպես էլ չհասկացան, որ նախորդ բոլոր իշխանությունների մեջ եղել են զգալի թվով պարկեշտ, պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք ոչ թե 500 հազարով, այլ կոպեկներով աշխատել են։ Աշխատել են մեծ նվիրումով, անտեսել են սեփական ընտանիքների խնդիրները։ Լուծել են աներևակայելի բարդության խնդիրներ։ Եվ այդ մարդկանց շնորհիվ է, որ այսօր Լենայի համար 500 հազարն արդեն քիչ է թվում։
Երբ նոր իշխանությունը հայտարարում է, որ իրենից առաջ ոչինչ չի եղել՝ բացի թալանից, և միայն ինքն է սկիզբ դնում պետության կայացմանը, նոր պետությանը, ապա ինքն իր համար մեծ, ճակատագրական ծուղակ է սարքում։ Լենան հայտնվեց հենց այդ ծուղակում։ Փողոցային պայքարից անմիջապես հետո իշխանության տարբեր սանդղակներում հայտնված մարդիկ, ի վերջո, պետական կառավարումը ստանձնել էին բոլորովին այլ առաքելությամբ և այլ ընթացակարգով առաքելությամբ՝ ո՛չ թե հերթական բնականոն ընտրություններով, ո՛չ թե խաղի հին կանոններին համապատասխան, այլ՝ ուղիղ փողոցից՝ ի սկզբանե ունենալով բոլորովին այլ՝ հեղափոխական օրակարգ։ Գուցե պետական համակարգում աշխատանքի առօրյան նրանց համար մոռացնել տվեց իրենց՝ երկու տարի առաջվա տրամադրությունները, բայց մարդիկ դրսում դեռ չեն մոռացել, որ հենց իրե՛նք են փողոցից ԱԺ և կառավարություն գործուղել այս մի քանի հարյուր հոգուն, և, մեծ հաշվով, լուրջ պրոֆեսիոնալներ և ֆանտաստիկ փորձառություն ունեցող «թանկարժեք» պետական ծառայողներ նրանց թվում ի սկզբանե չկային – կային ոգևորված աղջիկներ և տղաներ, որոնք գնում էին Նոր Հայաստան կառուցելու։
Որպես վերջաբան և ինքնուրույն հետևություններ անելու նյութ՝ ներկայացնում ենք 1996 թ-ից պետության բարձրաստիճան դեմքերի՝ Լենայի նշած կազմի, աշխատավարձերը։ Առաջարկում ենք նաև հիշել, որ այդ տարիների ընթացքում աշխատած պաշտոնյաներից ու պատգամավորներից ամենևին ոչ բոլորն են ունեցել լրացուցիչ եկամուտներ և բիզնես-հզորություններ, շատերը վարել են համեստ կենսաձև, և պաշտոնը թողնելուց հետո կենսակերպի մեծ տարբերություն իրենց մոտ չի եղել։
Աշխատավարձ /ներառյալ հարկերը/
1996 | 1999 | 2003 | 2008 | 2012 | 2014 | |
Նախագահ | 80.000 | 200.000 | 400.000 | 400.000 | 436.460 | 1.322.800 |
ԱԺ նախագահ | 60.000 | 170.000 | 340.000 | 340.000 | 373.540 | 1.190.520 |
Վարչապետ | 60.000 | 170.000 | 340.000 | 340.000 | 373.540 | 1.256.660 |
ԱԺ նախագահի տեղակալ | 46.000 | 155.000 | 310.000 | 325.000 | 357.810 | 925.960 |
Փոխվարչապետ | – | – | – | 325.000 | 357.810 | 1.058.240 |
ԱԺ հանձնաժողովի նախագահ, նախարար | 40.000 | 140.000 | 300.000 | 300.000 | 331.595 | 793.680 |
Պատգամավոր
|
40.000 | 140.000 | 300.000 | 300.000 | 331.595 | 661.400 |
Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»