Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը
– Տիկին Հովհաննիսյան, Արցախում մեկնարկել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Ձեր ղեկավարած կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում, ի՞նչ կասեք, ինչպիսի՞ն է մեկնարկը:
– Արցախի ԿԸՀ-ն քիչ առաջ ամփոփեց ընտրողների մասնակցության թիվը ժամը 11.00-ի դրությամբ: Ըստ էության, այդ պահի դրությամբ ընտրություններին մասնակցել են ընտրողների շուրջ 15,2 տոկոսը: Պետք է նկատել, որ երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունն ավելի պասիվ է, բայց դա բնական է, քանի որ ակնհայտ է, որ առաջին փուլում տեղի էին ունենում նաեւ խորհրդարանական ընտրություններ, բազմաթիվ քաղաքական ուժեր էին մասնակցում, նախագահական ընտրություններին բազմաթիվ թեկնածուներ էին մասնակցում: Երկրորդ փուլում մեծ ինտրիգն ինքնին բացակա է, չկա եւ դրա համար էլ ավելի պասիվ է մասնակցությունը` համեմատության մեջ: Չնայած այս պահի դրությամբ, նորմալ ցուցանիշ է:
– Երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուներից Մասիս Մայիլյանը, ըստ էության, հրաժարվեց երկրորդ փուլի մասնակցությունից, թեեւ քվեաթերթիկում նրա անունը կա, բայց Մասիս Մայիլյանն իր ընտրողներին կոչ էր արել բոյկոտել քվեարկությունը, նույնն էլ ինքն է արել: Սա խնդրահարույց չէ՞:
Կարդացեք նաև
– Մեկ անգամ անդրադարձել եմ. կարծում եմ, Մասիս Մայիլյանի համար դա «ելքային մարտավարություն» էր, այսպես կարելի է անվանել իր հայտարարությունը, քանզի ակնհայտ էր իր համար, որ այն ելակետային տվյալները, որն ինքն ուներ առաջին փուլի ժամանակ`որոշ ուժերի աջակցություն, այլեւս չկար երկրորդ փուլի ժամանակ: Բացի այդ, ձայների տարբերությունն իրականում շատ մեծ էր առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների միջեւ, հետեւաբար, սա լավագույն ելքն էր: Պարզապես, անկեղծորեն ազնիվ չեմ համարում բոյկոտի կոչ անելը, ընդ որում պատճառաբանելով դա կորոնավիրուսի վարակով, որովհետեւ այդ փաստարկը կար նաեւ առաջին փուլում, բայց դա չխանգարեց կոչ չանել, ուղղակի հանդես գալ հայտարարությամբ, որ կոչ են անում հետաձգել` քաջ իմանալով, որ ընտրությունները հետաձգելու հնարավորություն Արցախի իշխանությունները չունեն, ըստ իրենց օրենսդրության: Եվ փաստացի, դա արեց միայն երկրորդ փուլում`ակնհայտորեն նպատակ ունենալով ստվեր նետել ընտրությունների վրա: Բայց կարծում եմ, այս պահի դրությամբ ընտրությունների խաղաղ, հանդարտ մթնոլորտը վկայում է այն մասին, որ արցախցին եկել է իր քվեն տալու այն թեկնածուին, ում ինքը տեսնում է: Տեսնենք, թե ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ինչպիսի իրավիճակ կլինի:
Փաստացի քարոզարշավ ընտրությունների երկրորդ փուլում տեղի չունեցավ, ակնհայտ էր` Մասիս Մայիլյանի դիրքորոշման եւ Արայիկ Հարությունյանի հայտարարության ուժով:
– Արցախում եւս արտակարգ իրավիճակ հայտարարվեց`պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, բայց տեսակետ կա, որ այդպիսով նաեւ հետընտրական զարգացումներն են փորձ արվում զսպել, քանի որ առաջին փուլից հետո արդեն իսկ որոշակի լարվածություն կար, նաեւ ցույցեր եղան: Կա՞ նման բան:
– Չեմ կարծում, որ դա է պատճառը, քանի որ ակնհայտ է, արդեն վարակի գրանցման դեպքեր կան եւ ավելի խստացված միջոցառումների անհրաժեշտությունից ելնելով է դա հայտարարվել: Այլապես, ավելի վաղ էլ էին կոչ անում, եթե նման ցանկություն ունենային Արցախի իշխանությունները, այդ ցույցերը կամ հետընտրական զարգացումները, այսպես ասենք, կանխելու կամ որեւէ ձեւով խոչընդոտելու համար, ավելի վաղ էլ կարող էին հայտարարել արտակարգ դրություն եւ բացառել նման հնարավորությունը: Այնպես որ, կարծում եմ, սա իրավիճակից թելադրված քայլ է:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ