Մայրաքաղաքի երթուղային տաքսիների վարորդները բողոքի ցույց են անում: Նրանք գրանցված աշխատողներ են եւ հայտնվել են հարկադիր պարապուրդում, սակայն արդեն երկրորդ ամիսն է, որ գումար չեն վաստակում ու իրենցով հետաքրքրվող էլ չկա:
«Բոլոր վարորդներով առողջություն ենք մաղթում բոլորին, որպեսզի ժողովուրդն այս վիրուսային պրոցեսներից դուրս գա: Մեր նպատակը իշխանության համար նոր խնդիրներ առաջացնելը չէ: Մենք հարկատու ենք եւ բոլոր հարկերը պարտաճանաչ վճարել ենք: Ճանապարհ չենք փակում: Հավաքվել ենք մեր հիմնարկում՝ իմանալու, թե կառավարության փոխհատուցումների ծրագրերից բովանդակային առումով որ կետերի մեջ ենք կարողանում տեղավորվել եւ մի բան ստանալ: Մենք էն խավն ենք, որին ասում են՝ օրվա հացով ապրող: Այսքան վարչություններ, պետեր ու տեղակալներ կան, ոչ մեկը մեզանով չի հետաքրքրվում: Գոնե վիրուս ընկնենք, տանեն՝ պահեին»,-ասում են երթուղայինների վարորդները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ