Լրահոս
Օրվա լրահոսը

Տարկետումը հանգեցնում է երկու նժարների առաջացման՝ մեկին իրավունքն է, մյուսին՝ պարտականությունը. Քնարիկ Սահակյան

Ապրիլ 14,2020 14:29

 Նժարին՝ կրթության իրավունք և ռազմական պարտականություն ո՞րն է ավելի ծանր

Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։
Նելսոն Մանդելա

Կրթությունն այն արժեքավոր ունեցվածքն է, որը մարդը կարող է ստանալ իր կյանքում: Մարդկության պատմության բոլոր ժամանակահատվածներում այն մեծ տեղ է զբաղեցրել՝ նպաստելով մարդկային զարգացման առաջընթացին:

Կրթության դերն անխուսափելի է նաև նոր սերնդի «արտադրության» մեջ, որը հնարավորություն է տալիս լուծել մեր առջև ծառացած խնդիրները հասարակությունում: Ներկայիս մարտահրավերներին դիմակայելու հրամայականը չի թույլատրում բավարարվել տարրական կրթությամբ և փորձում են ձեռք բերել միջնակարգ կամ երրորդական կրթություն՝ ժամանակակից հասարակության պահանջների բավարարման նպատակով: Նրանք զոհաբերում են իրենց ժամանակն ու ֆինանսական միջոցները և, երբեմն, նույնիսկ իրենց առողջությունը կրթական մակարդակը բարձրացնելու համար, քանի որ գիտակցում են, որ կրթությունն իրենց անձնագիրն է վաղվա և ապագայի համար:

Նման պայմաններում մրցունակ կարող է դառնալ միայն այն հասարակությունը, որը կկարողանա իր կրթական քաղաքականությունը վերակողմնորոշել ըստ նոր սոցիալական պատվերի, այսինքն` ձևավորել սոցիալական նոր տիպ, որը լինի բազմակողմանի զարգացած, ազգային և համաշխարհային մշակույթին հաղորդակից:

Սակայն պետք է նշել, որ ցանկացած երկրի հիմքը հզոր է, երբ հզոր է մտավոր ներուժով և ֆիզիկապես. կրթությունն ապահովում է հոգևոր արժեքները, իսկ բանակը` ազգի ֆիզիկական գոյությունը:

Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ ենթակետով սահմանվում է․ «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:

Սահմանադրության այս նորմի մեկնաբանությունից պարզ է, որ հայրենիքի պաշտպանությունը քաղաքացիների պարտականությունն է, որին համապատասխանում է պետության իրավունքը՝ պահանջելու կատարել այն, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել չկատարելու դեպքում:

Սակայն դուրս գալով այս ֆորմալ ձևակերպումների տիրույթից և փորձելով հասկանալ ինչ է հայրենիքի պաշտպանությունը՝ հարկ  է նշել՝ այն ոչ թե սոսկ պարտականություն է՝  ձևակերպված բարձրագույն օրենքով, այլ առաքելություն: Տեղին է հիշատակել սպարապետ Վազգեն Սարգսյանի այն խոսքերը, որ բանակը եղել է և պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդը, հայության հավաքական կերպարը, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքն ապագային:

Սահմանների, հայրենիքի պաշտպանությունը համազգային առաջնային խնդիրներից է, որի երաշխավորը զինվորական ծառայության մեկնած մարտիկն է:

Անցնելով զինվորական ծառայության՝ տղաները ոչ միայն օգնում են հայրենիքին, իրենց պարտքն են կատարում, այլև բանակը դառնում է նրանց համար յուրօրինակ դպրոց, որն ուսուցանում է դիմակայել, հաղթահարել թե՛ ծառայողական, թե՛ հետագայում նաև քաղաքացիական կյանքում ծառացած ցանկացած դժվարություն:

Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Ահա հակառակ կոնցեպտն է գործում սահմանադրական այս նորմի պարագայում: Քաղաքացիներն ունեն իրավունք՝ կրթվելու, իսկ պետությունն ունի պարտականություն՝ ապահովելու այդ կրթության ստացումը, ինչպես նաև խթանելով մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:

ՀՀ-ում պարտադիր բանակ զորակոչման տարիքում արական սեռի ներկայացուցիչները պարտադրված թողնում են կրթությունը և զորակոչվում իրենց ծառայությունը հայրենիքին մատուցելու համար։

Այս առումով, պետք է նշել, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է հանգամանքներ, որոնց առկայության պարագայում անձինք հնարավորություն են ստանում շարունակել իրենց կրթությունը՝ որոշակի ժամկետով հետաձգելով զինվորական ծառայությունը։ Ըստ օրենքի՝ սա տարկետման իրավունքն է։ Ուսումնասիրելով այս իրավունքի՝ օրենսդրորեն ամրագրման և զարգացման պատմությունը՝ հատկանշական է այն, որ դեռևս 1997թ․-ից մինչև վերջին ժամանակները՝ 2017թ․, այս իրավունքը եղել է մի կողմից՝ ՀՀ կառավարությունների և մյուս կողմից՝ քաղաքացիական հասարակության միջև «կռվախնձոր»՝ առաջացնելով կարմիր թելի նման անցնող մեկ փաստ՝ կառավարություններն անընդհատ փորձել են սահմանափակել տարկետման իրավունքը՝ միշտ արժանանալով քաղաքացիական հասարակության դիմակայությանը:

Ուշագրավ են սպարապետ Վազգեն Սարգսյանի մտորումները նաև այս կապակցությամբ. «Ինձ համոզեց այն փաստը, որ բանակին անհրաժեշտ են ինտելեկտուալ բարձր պատրաստվածությամբ կրտսեր սպաներ, և մենք պետք է փորձենք դպրոցի բացը լրացնել այդ կերպ»:

Եվ ահա հարց է առաջանում, իսկ որքանո՞վ է տարկետումն ապահովում ինտելեկտուալ բարձր պատրաստվածությամբ սպաների առկայությունը բանակում, և արդյո՞ք մենք կարող ենք մեր բանակի հաշվին լրացնել դպրոցի կրթական մակարդակի բացը: Կարծում եմ՝ այս հարցին պատասխանելու համար պետք է պատասխանել ևս մեկ հարցի՝ ինչպիսի՞ պետություն ունենք, ո՞րն է մեր  երկրի անվտանգության խնդիրը:

Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ մեզ համար պատերազմը դեռևս չի ավարտվել, որ մեր երկրի համար այն  բնական վիճակ է, և մենք ունենք անվտանգության լուրջ մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայենք հատկապես բանակի շնորհիվ:

2016թ․ Ապրիլյան պատերազմի իրողությունները վերոնշյալի վառ ապացույցն են, որոնք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայ ժողովրդի միակ պաշտպանը հայկական բանակն է:

Հասկանալու համար՝ ինչ է տալիս տարկետումը մեր երկրին և հասարակությանը, նախ  պետք է հասկանանք տարկետման «պատճառներն» ու «շնորհիվները»:

  • Տարկետումը ենթադրում է կոռուպցիոն ռիսկեր։ Եթե քաղաքացին չի համապատասխանում այն չափանիշներին, որը նախատեսում է օրենսդրությունը տարկետման իրավունքից օգտվելու համար, սակայն ունի այդպիսին «ձևակերպելու» հնարավորություններ, ապա դրանով իսկ նա զբաղեցնում է այն անձանց տեղը, ովքեր դե ֆակտո ունեին անհրաժեշտ բոլոր չափանիշները: Սակավաթիվ չեն դեպքերը, երբ անձինք օրենքով սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով պարտավորվում են կրթությունն ավարտելուց հետո ներկայանալ զորակոչի և կատարել իրենց պարտքը, իրենց մասնագիտությամբ աշխատել Պաշտպանության նախարարությունում կամ վերջինիս կողմից նշված վայրում, սակայն ավարտելուց հետո այդպես էլ չեն ներկայանում կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով ստանում են տարկետում՝ վերջիվերջո չկատարելով իրենց պարտականությունները և խուսափելով զինվորական ծառայությունից:
  • Առաջ է գալիս սոցիալական անարդարությունը. այն ընտանիքների երեխաները, ովքեր հնարավորություն ունեն սովորելու բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ արտասահմանյան, հնարավորություն են ստանում խուսափելու զինվորական ծառայությունից կամ գոնե ծառայել իրենց իսկ ցանկալի ժամանակահատվածում:
  • Մեր երկրի բանակը սահմանային հակառակորդի նկատմամբ առավելություն ունի իր մարտունակությամբ, սակայն գաղտնիք չէ, որ, այնուամենայնիվ, մենք ունենք զինծառայողների թվի էական տարբերություն նրանց նկատմամբ:
  • Եվ ահա ևս մեկ խնդիր, որն առաջանում է տարիքային տարբերությունների հանգամանքով պայմանավորված. տարկետում ստացած, կրթված, արդեն իսկ կայացած քաղաքացու համար դժվար է շփվել, համագործակցել, ինչ-որ տեղ նաև կենցաղ վարել 18 տարին նոր բոլորած, հարաբերականորեն ինքնուրույն նոր կյանք մտած պատանու հետ, որից էլ ծագում են բազմաթիվ խնդիրներ:

Ի վերջո, այսպիսի թվարկումները կարելի է շարունակել, սակայն պետք է նշել, որ տարկետումն ունի նաև դրական կողմեր:

Տարկետման շնորհիվ, փաստորեն, խթանվում է գիտության զարգացումը, ապագա մտավորականների թվի աճը և, վերջապես, ապահովվում է կրթության շարունակականությունը, որի շնորհիվ մեր պետությունը կարող է զարգանալ և միջազգային հարթակներում լինել նաև թելադրող:

Այսպիսով, վերլուծելով կրթության ու բանակի հարաբերակցության, տարկետման դրական և բացասական կողմերի վերաբերյալ դատողությունները՝ պետք է փաստել, որ տարկետումը հանգեցնում է երկու նժարների առաջացման՝ մեկին իրավունքն է, մյուսին՝ պարտականությունը:

Ըստ այդմ` համեմատական անցկացնելով այդ երկու նժարների կարևորության և պետության անվտանգության վրա ունեցած ազդեցության միջև՝ պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի անվտանգության այնպիսի կարգավիճակ, որի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում նախապատվությունը տալ պարտականության նժարին՝ տուրք չտալով ժողովրդավարության չափանիշներին, միևնույն ժամանակ նաև չնսեմացնելով կրթության և գիտության դերը պետության զարգացման գործում և այդ առումով ձեռնարկել միջոցառումներ՝ գիտությունը զարգացնել պետական  ֆինանսավորմամբ, այլ նյութատեխնիկական միջոցների ապահովմամբ:

Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:
Գարեգին Նժդեհ

Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) 5-րդ՝ «Կրթություն, ժողովրդավարություն, զարգացում և անվտանգություն» երիտասարդական ֆորումի ժամանակ։

Քնարիկ ՍԱՀԱԿՅԱՆ

 Ժողովրդավարության XXIII դպրոցի շրջանավարտ

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930