Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը` ընտրությունների երկրորդ փուլը հետաձգելու մասին

Ապրիլ 14,2020 14:08

Չափազանց ռիսկայի՞ն չէր այս պայմաններում ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելը՝ հաշվի առնելով, որ առաջին վարակակիրն ընտրություններին մասնակցել էր, որից հետո ամբողջ համայնքը մեկուսացվել է`հարցն այսօր Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցելուց հետո, լրագրողներն ուղղեցին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին: «Այո, առաջին վարակակիրը մասնակցել է ընտրություններին, բայց մեր տեղեկությունների համաձայն, այդ անձը եղել է բոլոր համապատասխան միջոցներով` դիմակով եւ ձեռնոցներով: Այս պահի դրությամբ այդ համայնքում եւ հարակից համայնքներում ընդամենը մեկ դեպք ունեցանք, որն առաջին վարակակրի ընտանիքի անդամն է»,- պատասխանեց նախարարը՝ հավելելով, որ վարակի տարածման ռիսկայնությունը բոլորը կարող են գնահատել`նկատի ունենալով, որ պահպանված են անվտանգության բոլոր պայմանները եւ որեւէ խնդիր չկա:

Այսօր Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում է արտակարգ իրավիճակի պայմաններում: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հիշեցնենք, մրցում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մարտի 31-ին կայացած ընտրությունների առաջին փուլում Արայիկ Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը: Առաջին փուլից հետո Մասիս Մայիլյանը  հանդես եկավ՝ ընտրողներին հորդորելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը: Այսօր Մասիս Մայիլյանն ինքն էլ չի մասնակցում քվեարկությանը:

Լրագրողներից մեկը Արցախի պետնախարարին հարցրեց` հակասություն չկա՞, որ մի կողմից արտակարգ իրավիճակ է հայտարարվում, միաժամանակ ընտրություններ են անցկացվում: «Ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, կարծում եմ, ես չեմ հարցի հասցեատերը, բայց կպատասխանեմ. ինչպես նշվել է երկրի նախագահի եւ այլ պաշտոնյաների կողմից, ընտրություններ անցկացնելը որեւէ մեկի ցանկությամբ չի, այլ դա Սահմանադրության պահանջ է: Երկրի իշխանությունները, նախագահը նույնիսկ իրավասու չէ հետաձգելու ընտրությունները կամ կիրառել կիրառելու այլ ռեժիմ»:

Դիտարկմանը`երբ պետք է լինում, մեկ մարդու համար թե ՀՀ-ում, թե Արցախում փոխվում է Սահմանադրությունը, իսկ երբ ամբողջ ժողովրդի առողջությանն է հարցը վերաբերում, դուք հղում եք անում սահմանադրությանը, պետնախարարը պատասխանեց. «Սահմանադրություն փոխելը ենթադրում է հանրաքվե: Դրանով ամեն ինչ ասված է: Տվյալ դեպքում եւ ընտրությունները եւ հանրաքվեն նույն ընթացակարգն են պահանջում»:

Պետնախարարը տեղեկացրեց, որ այս պահին իրավիճակը վերահսկվում է. Արցախում կա վարակի 3 աղբյուր, որոնցից 2-ն ամբողջությամբ վերահսկելի են եւ սահմանափակված: Ինչ վերաբերում է երրորդ աղբյուրին, պետնախարարն ասաց. «Մյուս աղբյուրի վրա դեռ շարունակում ենք աշխատել, որովհետեւ թե վարակակիր անձի ընտանիքի անդամների շփումների առումով, թե ընդհանրապես, մի քիչ ավելի խոշոր բնակավայրերի առումով, վիճակը մի քիչ խնդրահարույց է: Բայց մենք շարունակում ենք աշխատել»:

Հարցին`ի՞նչ սահմանափակումներ կմտցվեն Արցախում, նախարարը պատասխանեց` կգործեն ըստ իրավիճակի: Նա հիշեցրեց, որ երեկ երեկոյան արդեն Արցախ մուտքի սահմանափակումների եւ ներքին կյանքի սահմանափակումների վերաբերյալ չորս որոշումներ են ստորագրվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930