ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:
«Իմ քայլի» պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նազելի Բաղդասարյանի հեղինակած այս օրինագիծը սահմանում է՝ միջդատական վարույթում վկայի/տուժողի հարցաքննությունն իրականացվելու է տեսաձայնագրառմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հարցաքննվողը չի ցանկանում տեսանկարահանվել եւ երբ քննիչը չունի համապատասխան տեխնիկական միջոցներ:
«Երբ վկան եւ տուժողը ներկայանում են վարույթն իրականացնող մարմին, օրենքը կպարտադրի՝ եթե քննիչն ունի տեխնիկական միջոց, իսկ հարցաքննվողը չի առարկում, ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվում է»,-նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա շեշտեց. «Մի կողմից ժամանակ կտնտեսենք, մյուս կողմից, երբ տեսաձայնագրված հարցաքննությունը հրապարակվում է դատարանում, դատավորը նայում է ցուցմունք տվողի ժեստիկուլյացիային, ինչը շատ կարեւոր տեղեկատվություն է տալիս դատավորին՝ ցուցմունքի արժանահավատության վերաբերյալ»: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ այդ միջոցը բացառելու է հարցաքննվողի հանդեպ հնարավոր ապօրինի գործողությունները:
Կարդացեք նաև
Պատգամավորն ընդգծեց՝ ընթացքում խնդիրներ կարող են առաջանալ կապված բոլոր քննիչներին տեխնիկական միջոցներով ապահովելու կամ տեսագրությունները պահպանելու հետ, բայց քրեական դատավարության օրենսգրքում սպասվելիք այլ փոփոխությունները հետագայում հնարավորություն կտան բացերը շտկելու:
Կառավարության եզրակացությունն այս օրինագծի վերաբերյալ դրական էր: Արդարադատության փոխնախարարը Սրբուհի Գալյանը համոզմունք հայտնեց, որ օրինագծի կարգավորումները դյուրացնելու են քննիչների աշխատանքը. «Դրանք նաեւ բխում են հարցաքննվողի շահերից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ